Լաբ թեստեր
Ֆոլիկուլախթանիչ հորմոն

Ընդհանուր նկարագրություն
Ֆոլիկուլախթանիչ հորմոնը հիպոֆիզի կողմից արտադրվող գլիկոպրոտեիդային գոնադոտրոպ հորմոն է, որը խթանում է տղամարդկանց մոտ սերմնալարի զարգացումը և սպերմատոգենեզը, իսկ կանանց մոտ՝ ֆոլիկուլների առաջացումը:
Ֆոլիկուլախթանիչ հորմոնը (Follicle stimulating hormone, FSH) լյուտեինացնող հորմոնի հետ միասին պատկանում է գոնադոտրոպինների ընտանիքին: Այս երկու հորմոնները միասին սիներգիկ կերպով կարգավորում և խթանում են գոնադների (ձվարաններ և ամորձիներ) աճն ու ֆունկցիաները:
FSH-ը գլիկոպրոտեին է՝ կազմված երկու ենթամիավորներից՝ ալֆա և բետա շղթաներից: Մոլեկուլյար զանգվածը շուրջ 32 հազար Դալտոն է:
FSH-ը սինթեզվում է հիպոֆիզի առաջնային բլթի բազոֆիլ բջիջների կողմից՝ գոնադոլիբերինի, սեռական հորմոնների (բացասական հակադարձ կապ) և ինգիբինի հսկողության ներքո: FSH-ը արտազատվում է արյան հուն պուլսային եղանակով՝ 1-4 ժամ ինտերվալներով, ըստ որում, արյան հուն ներզատումից հետո (որը տևում է մինչև 15 րոպե) արյան պլազմայում հորմոնի մակարդակը 1,5-2,5 անգամ գերազանցում է օրվա միջին մակարդակը: FSH-ի սեկրեցիան ենթարկվում է նաև եղանակային տատանումների. ամռան ամիսներին տղամարդկանց մոտ FSH-ի մակարդակն ավելի բարձր է, քան տարվա այլ եղանակներին:
Կանանց մոտ գոնադոտրոպինները հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ կարգավորիչ օղակի ներսում վերահսկում են դաշտանային ցիկլը: FSH-ը լյուտեինացնող հորմոնի հետ միասին խթանում է ձվարաններում ֆոլիկուլների առաջացումն ու հասունացումը, ինչպես նաև օժանդակում է դրանց կողմից էստրոգենների կենսասինթեզը: FSH-ի մակարդակն արյան պլազմայում իր առավելագույնին հասնում է դաշտանային ցիկլի կեսերին՝ առաջ բերելով օվուլյացիա: Դաշտանադադարի շրջանում ձվարանների ֆունկցիայի փոփոխության և էստրոգենների սեկրեցիայի կրճատմանը զուգահեռ գրանցվում է FSH-ի բարձր մակարդակ:
Տղամարդկանց մոտ սեռահասունացման շրջանում FSH-ը սկիզբ է տալիս սպերմատոգենեզին, այնուհետև մասնակցում է վերջինիս պահպանմանը: FSH-ը հանդիսանում է նաև սերմնալարերի աճի խթանող գլխավոր գործոնը: FSH-ը բարձրացնում է արյան մեջ տեստոստերոնի մակարդակը՝ այսպիսով ապահովելով սպերմատոզոիդների հասունացման գործընթացները: Տղամարդկանց մոտ FSH-ի և լյուտեինացնող հորմոնի ցածր մակարդակները կարող են դիտարկվել ազոսպերմիայի ժամանակ:
FSH-ի մակարդակի որոշումն օգնում է գնահատել հիպոթալամուս-հիպոֆիզ-գոնադային համակարգում առկա դիսֆունկցիաները: Մասնավորապես, լյուտեինացնող հորմոնի հետ միասին FSH-ը թույլ է տալիս գնահատել քրոմոսոմային աբերացիաներով պայմանավորված հիվանդությունների, ձվարանների պոլիկիստոզների, ամենոռեայի, դաշտանադադարի համախտանշի պատճառներն ու բնույթը:
Հետազոտության ցուցումներ
- լիբիդոյի և սեռական պոտենցիայի նվազում
- անպտղություն
- անօվուլյացիա
- օլիգոմենորեա և ամենորեա
- դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ
- անհաջող հղիություններ
- վաղաժամ սեռահասունացում կամ սեռահասունացման դանդաղում
- աճի դանդաղում
- պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
- էնդոմետրիոզ
- ներքին սեռական օրգանների քրոնիկ բորբոքման համախտանիշ
- հորմոնային բուժման արդյունավետության գնահատում և հսկողություն
Կենսանմուշ
«Ֆոլիկուլախթանիչ հորմոն» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հետազոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի 6-7-րդ օրերին, եթե բուժող բժշկի կողմից այլ ժամկետներ չեն սահմանվել:
Արյունը հանձնելուց 3 օր առաջ անհրաժեշտ է բացառել ֆիզիկական լարվածությունը, իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտի օգտագործումը: Արյան կենսանմուշը վերցնելուց անմիջապես առաջ հետազոտվողը պետք է գտնվի հանգիստ պայմաններում:
Կենսանմուշը պետք է հանձնել նստած կամ պառկած դիրքում, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Ելնելով FSH-ի և լյուտեինացնող հորմոնի սեկրեցիայի պուլսացվող բնույթից, ցանկալի է այս երկու հետազոտությունները կատարել արյան երեք նմուշների միջոցով՝ 30 րոպեանոց ինտերվալներով:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մՄՄ/մլ (միլի Միջազգային միավոր/միլիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
ՄՄ/լ (միջազգային միավոր/լիտր)
Միավորների փոխակերպում
ՄՄ/լ = մՄՄ/մլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
FSH, մՄՄ/մլ | |
Տղամարդիկ | (1,5-12,4) |
Կանայք | |
Ֆոլիկուլյար փուլ | (3,5-12,5) |
Օվուլյացիայի փուլ | (4,7-21,5) |
Լյուտեինային փուլ | (1,7-7,7) |
Հետդաշտանադադարի փուլ | (25,8-134,8) |
Արդյունքների մեկնաբանություն
FSH մակարդակի բարձրացում
- առաջնային հիպոգնադիզմ (տղամարդկանց մոտ)
- հիպերգոնադոտրոպային հիպոգոնադիզմ, ձվարանների հյուծման համախտանիշ (կանանց մոտ)
- հիպոֆիզի բազոֆիլ ադենոմա
- Սվաերի համախտանիշ (46, XY)
- Շերշևսկի-Տերների համախտանիշ (46, X0)
- տեստիկուլյար ֆեմինիզացիա
- դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ (ֆոլիկուլի պերսիստենցիայի ժամանակ)
- ծխախոտի օգտագործում
- ռենտգենյան ճառագայթների ազդեցություն
- երիկամային անբավարարություն
- սեմինոմա
- գոնադոտրոպինին համարժեք ազդող նյութերի էկտոպիկ արտադրություն (հատկապես թոքերի նորագոյացությունների ժամանակ)
- որոշ դեղերի ընդունում՝ ռիլիզինգ-հորմոն, Կետոկոնազոլ, Լևոդոպա, Նաֆարելին, Նալոքսոն, Նիլուտամիդ, Օքսկարբազեպին, Ֆենիտոին, Պրավաստատին (բուժումից 6 ամիս անց), Տամոքսիֆեն (տղամարդկանց մոտ՝ օլիգոզոպերմիայով և կանանց մոտ՝ նախադաշտանադադարի շրջանում)
FSH մակարդակի նվազեցում
- երկրորդային (հիպոթալամիկ) ամենորեա
- հիպոգոնադոտրոպային հիպոգոնադիզմ (կենտրոնական ձև)
- հիպոֆիզար նանիզմ
- Շիհանի համախտանիշ
- Սամոնդսի հիվանդություն
- Դենի-Մորֆանի համախտանիշ
- հիպերպրոլակտինեմիա
- պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (ատիպիկ ձև)
- սովահարություն
- գիրացում
- վիրաբուժական միջամտություններ
- կապարի հետ շփում
- որոշ դեղերի ընդունում՝ անաբոլիկ ստերոիդներ, Բուզերելին, Կարբամազեպին, Դանազոլ, Դիէթիլսիլբեստրոլ, Գոզերելին, Մեգեստրոլ, պերօրալ հակաբեղմնավորիչներ, Ֆենիտոին, Պիմոզիդ, Պրավաստատին (երկու տարվա ընթացքում բուժում), Ստանոզոլոլ, կորտիկոտրոպին-ռիլիզինգ-հորմոնի անալոգներ դաշտանային ցիկլի լյուտեինացման փուլի կեսերին, Տամոքսիֆեն (կանանց մոտ՝ դաշտանադադարի ժամանակ), Տորեմիֆեն, Վալպրոյաթթու, Բոմբեզին, Բրոմկրիպտին, Ցիմետիդին, Կլոմիֆեն, գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոն, սոմատոտրոպ հորմոն
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Follicle Stimulating Hormone
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ FSH
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: