Լաբ թեստեր
Տրիյոդթիրոնին ազատ

Միջազգային անվանում (հապավում). Triiodthyronine Free (FT3 (T3 free))
Նկարագրություն
Ազատ տրիյոդթիրոնինը (FT3) հյուսվածքների կողմից թթվածնի կլանման և նյութափոխանակության ակտիվացման խթանիչ է:
Տրիյոդթիրոնինը վահանաձև գեղձի ամինաթթվային հորմոն է, որն արտադրվում է ֆոլիկուլյար բջիջների կողմից՝ թիրեոտրոպ հորմոնի (TSH) հսկողության ներքո: Միաժամանակ, ծայրամասային հյուսվածքներում տրիյոդթիրոնինն առաջանում է թիրոքսինից (T4)՝ վերջինիս յոդազրկման արդյունքում:
Ազատ տրիյոդթիրոնինը (FT3) հանդիսանում է ընդհանուր տրիյոդթիրոնինի (T3) կենսաբանական ակտիվ մասը՝ կազմելով վերջինիս ընդամենը 0,2-0,5%-ը:
Տրիյոդթիրոնինը թիրոքսինից ավելի ակտիվ է, սակայն արյան մեջ առկա է ավելի փոքր քանակներով: Տրիյոդթիրոնինը բարձրացնում է ջերմաառաջացումը և հյուսվածքների կողմից թթվածնի ծախսը՝ բացառությամբ գլխուղեղի, ռետիկուլոէնդոթելիալ և գոնադային համակարգերի: Այս հորմոնը նաև խթանում է լյարդում վիտամին A-ի արտադրությունը, նվազեցնում է արյան խոլեսթերինի և տրիգլիցերիդների մակարդակը, ինչպես նաև արագացնում սպիտակուցային փոխանակությունը: Այն նաև խթանում է մեզով կալցիումի արտազատումը, ոսկրային հյուսվածքներում ընթացող նյութափոխանակությունը (ավելի շատ՝ ոսկրի ռեզորբցիան): Սրտի վրա թողնում է դրական քրոնո- և ինոտրոպ ազդեցություն (սրտի կծումների հաճախացում և ուժգնացում): Այն խթանում է ռետիկուլյար ֆորմացիան և կենտրոնական նյարդային համակարգի կեղևային գործունեությունը:
Ցուցումներ
- վահանաձև գեղձի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում
- մեկուսացված Т3-տոքսիկոզի ընթացքի և բուժման հսկողություն
Կենսանմուշ
FT3 (T3 free) թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Թեստից 1 ամիս առաջ ներզատաբանաի (էնդոկրինոլոգ) թույլտվությամբ անհրաժեշտ է բացառել վահանաձև գեղձի հորմոնների ընդունումը:
Հետազոտությունից 2-3 օր առաջ նաև անհրաժեշտ է բացառել 131I և 99mTс, ինչպես նաև յոդ պարունակող դեղերի ընդունումը: Արյան կենսանմուշը պետք է վերցնել ռենտգենոկոնտրաստային հետազոտությունից առաջ:
Թեստին նախորդող օրը պետք է բացառել մարզումները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սթրեսը: Անմիջապես արյունը հանձնելուց առաջ պացիենտը պետք է գտնվի հանգիստ վիճակում:
Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ քաղցր) չեն թույլատրվում: Ջուր խմելը թույլատրվում է:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
պմոլ/լ (պիկոմոլ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)
Միավորների փոխակերպում
պգ/մլ x 1,536 = պմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ` (3,1-6,8) պմոլ/լ
Արդյունքների մեկնաբանություն
FT3-ի մակարդակի բարձրացում
- թիրեոտրոպինոմա
- թունավոր (տոքսիկ) խպիպ
- մեկուսացված T3-տոքսիկոզ
- վահանաձև գեղձի բորբոքումներ (թիրեոիդիտ)
- թիրեոտոքսիկ ադենոմաներ
- Т4-կայուն թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ)
- թիրեոիդ հորմոնների նկատմամբ կայունության համախտանիշ
- TSH-անկախ գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
- վահանաձև գեղձի հետծննդյան դիսֆունկցիա
- խորիոկարցինոմա
- IgG-ի բարձր մակարդակով միելոմաներ
- նեֆրոտիկ համախտանիշ
- քրոնիկ լյարդային հիվանդություն
FT3-ի մակարդակի նվազեցում
- չկոմպենսացված առաջնային մակերիկամային անբավարարություն
- քրոնիկ լյարդային հիվանդություն
- ծանր ոչ թիրեոիդային հիվանդություններ, ներառյալ՝ սոմատիկ և հոգեկան
- ծանր հիվանդություններից վերականգնման շրջան
- առաջնային, երկրորդային և երրորդային թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ)
- Т4-ի ինքնուրույն նշանակման հետևանքով արտիֆիցիալ թիրեոտոքսիկոզ
- սպիտակուցների ցածր պարունակությամբ սննդակարգ
- կանանց մոտ՝ ֆիզիկական գերբեռնվածություններ
- քաշի կորուստ
- Ամիոդարոնի, մեծ դեղաչափերով Պրոպրանոլոլի, ռենտգենային յոդ-կոնտրաստ նյութերի ընդունում
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 14-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: