Լաբ թեստեր
ԳԳՏ

Ընդհանուր նկարագրություն
Գամա-գլյուտամիլտրանսֆերազը միկրոսոմային ֆերմենտ է, որը հանդիպում է բազմաթիվ պարենխիմատոզ օրգաններում և մասնակցում ամինաթթուների փոխանակությանը:
Գամա-գլյուտամիլտրանսֆերազը կամ գամա-գլյուտամիլտրանսպեպտիդազը (ԳԳՏ) կատալիզացնում է գամա-գլյուտամիլային շղթայի փոխանցումը գամա-գլյուտամիլային պեպտիդից դեպի ամինաթթուներ կամ այլ պեպտիդներ կամ այլ սուբստրատային մոլեկուլներ:
ԳԳՏ ֆերմենտի հիմնական օրգաններն են երիկամները (7000 անգամ ավելի շատ, քան արյան շիճուկում), լյարդը (նորմայում 200-500 անգամ ավելի շատ, քան արյան շիճուկում) և ենթաստամոքսային գեղձը: ԳԳՏ-ի ոչ զգալի ակտիվություն գրանցվում է նաև աղիներում, գլխուղեղում, սրտում, փայծաղում, շագանակագեղձում և կմախքային մկաններում: Բջջի ներսում այս ֆերմենտը տեղակայված է մեմբրանների վրա, լիզոսոմներում և ցիտոպլազմայում, ըստ որում ԳԳՏ-ի թաղանթային տեղակայումը բնորոշ է բարձր սեկրետոր, էքսկրետոր կամ (ռե)աբսորբցիոն ունակություններով բջիջներում:
Արյան շիճուկի ԳԳՏ-ի ակտիվությունը սովորաբար պայմանավորված է լյարդում սինթեզվող այս ֆերմենտի էքսկրեցիայով և նորմայում աննշան է: Սակայն, լյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ արյան շիճուկում որոշվում է ֆերմենտի ակտիվության կայուն բարձրացում:
Նորածինների և մինչև 6 ամս. երեխաների մոտ արյան շիճուկի ԳԳՏ-ի մակարդակը 2-4 անգամ գերազանցում է չափահասների նույն ցուցանիշները, որը բացատրվում է այն հանգամանքով, որ ԳԳՏ-ն ակտիվ կերպով մասնակցում է «գլյուտամինային ցիկլին»՝ ամինաթթուների միկրոսոմալ օքսիդացման և նյութափոխանակության գործընթացներին: Սեռը նույնպես ազդում է ԳԳՏ-ի ակտիվության վրա՝ սկսած դեռահաս տարիքից: Արդեն 13-17 տարեկանների շրջանում, ինչպես չափահասների մոտ, ԳԳՏ-ի «կանանց նորման» 20-25%-ով ավելի ցածր է «տղամարդկանց նորմայից»:
Հետազոտության ցուցումներ
- խոլեսթազով ուղեկցվող լյարդի ախտահարման ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում (օրինակ՝ մեխանիկական դեղնուկների և վիրուսային հեպատիտի, բնածին հեպատիտի և լեղուղիների ատրեզիաների միջև)
- քրոնիկ հեպատիտի, սրտամկանի ինֆարկտի ընթացքի զարգացման հսկողություն
- հեպատիտի ոչ դեղնուկային ձևերի ախտորոշում
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, շագանակագեղձի քաղցկեղների, հեպատոմաների ընթացքի հսկողություն
- ալկոհոլիզմի սքրինինգ
- քրոնիկ ալկոհոլիզմով անձանց բուժման հսկողություն
- դեղերի հեպատոտոքսիկ կողմնակի ազդեցությունների գնահատում
Կենսանմուշ
«ԳԳՏ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Մ/լ (միավոր/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
μkat/L
Միավորների փոխակերպում
U/L x 0,0167 = μkat/L
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ
- տղամարդիկ՝ < 60 Մ/լ
- կանայք՝ < 40 Մ/լ
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք, սեռ | ԳԳՏ, Մ/լ |
մինչև 5 օր. | < 185 |
5 օր. - 6 ամս. | < 204 |
6 - 12 ամս. | < 34 |
1 - 3 տ. | < 18 |
3 - 6 տ. | < 23 |
6 - 12 տ. | < 17 |
տղամարդիկ, 12 - 17 տ. | < 45 |
կանայք, 12 - 17 տ. | < 33 |
տղամարդիկ, > 17 տ. | < 49 |
կանայք, > 17 տ. | < 32 |
Արդյունքների մեկնաբանություն
ԳԳՏ մակարդակի (ակտիվության) բարձրացում
- ներ- և արտալյարդային խոլեսթազ (օրինակ՝ լյարդի ուռուցքներին ուղեկցող մեխանիկական դեղնուկ, խոլանգիտ, լեղաքարային հիվանդություն)
- սուր վիրուսային հեպատիտ, լյարդի տոքսիկ, ճառագայթային վնասում (վաղ ախտորոշման հնարավորություն)
- քրոնիկ հեպատիտ
- սուր և քրոնիկ պանկրեատիտներ
- հեպատոտոքսիկ դեղերի ընդունում (բարբիտուրատներ, ֆենիտոին, ռիֆամպիցին, ցեֆալոսպորիններ, էստրոգեններ, օրալ հակաբեղմնավորիչ հաբեր, ացետամինոֆեն)
- ալկոհոլիզմ
- երիկամների հիվանդություններ (քրոնիկ գլոմերուլո- և պիելոնեֆրիտի սրացում)
- ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի քաղցկեղներ, հեպատոմաներ
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Gamma-Glutamyl Transferase
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ GGT
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: