Լաբ թեստեր
Գլյուկոզա, շիճուկ

Ընդհանուր նկարագրություն
Արյան պլազմայի գլյուկոզն էներգափոխանակության հիմնական էկզո- և էնդոսուբստրատն է:
Առողջ օրգանիզմի կողմից ծախսվող էներգիայի մեծ մասն առաջանում է գլյուկոզի օքսիդացման հաշվին: Գլյուկոզը և դրա ածանցյալներն առկա են օրգանների և հյուսվածքների մեծ մասում: Գլյուկոզի հիմնական աղբյուրներն են սննդով ստացվող սախարոզը, օսլան, լյարդն իր գլիկոգենային պաշարներով, ինչպես նաև ամինաթթուների, լակտատի արտադրման ռեակցիաներից առաջացած ներքին գլյուկոզը:
Արյան գլյուկոզի մակարդակն արտացոլում է մի շարք գործընթացների ակտիվությունը, այդ թվում՝
- գլիկոգենեզ կամ գլիկոգենոգենեզ (գլյուկոզից գլիկոգենի առաջացում)
- գլիկոգենոլիզի (գլիկոգենի տրոհում և գլյուկոզի առաջացում)
- գլիկոլիզի (գլյուկոզի տրոհում և էներգիայի առաջացում):
Արյան գլյուկոզի մակարդակը կարգավորվում է որոշ հորմոններով: Ինսուլինը հանդիսանում է գլխավոր հիպոգլիկեմիկ` արյան գլյուկոզի մակարդակը նվազեցնող գործոնը, մինչդեռ գլյուկագոնը, սոմատոտրոպ և թիրեոտրոպ հորմոնները (TSH), վահանագեղձի հորոնները (Т3 և Т4), կորտիզոլը և ադրենալինը առաջացնում են հիպերգլիկեմիա (հակաինսուլինային ազդեցություն):
Զարկերակային արյան մեջ գլյուկոզն ավելի բարձր է, քան երակային արյան մեջ, քանի որ զարկերակային արյան միջոցով հյուսվածքներ տեղափոխված գլյուկոզը յուրացվում է վերջիններիս կողմից:
Նորմայում մեզի միջոցով գլյուկոզի հեռացում չի դիտարկվում:
Արյան պլազմայի գլյուկոզի մակարդակի որոշումը շաքարային դիաբետի լաբորատոր ախտորոշան հիմնական հետազոտությունն է՝ հիմնված հետևյալ չափորոշիչների վրա՝
- դիաբետի կլինիկական նշանների և գլյուկոզի 11,1 մմոլ/լ և ավելի բարձր մակարդակի պատահական (այսինքն՝ սննդի ընդունումից անկախ) հայտնաբերում.
- քաղցած վիճակում գլյուկոզի մակարդակի բարձրացում 7,0 մմոլ/լ և ավելի բարձր.
- պերօրալ գլյուկոզ-տոլերանտության թեստից (ԳՏԹ) 2 ժամ անց արյան պլազմայի գլյուկոզի 11,1 մմոլ/լ և ավելի բարձր մակարդակի արձանագրում:
Առաջարկվում է 45 տարեկանից բարձր տարիքով և շաքարային դիաբետին բնորոշ նշաններ չունեցող բոլոր անձանց շրջանում անցկացնել 2-րդ տիպի դիաբետի առկայության սքրինինգ:
Ավելի վաղ տարիքում նմանատիպ սքրինինգային հետազոտությունները խորհուրդ է տրվում իրականացնել դիաբետի ռիսկի գործոնների առկայության ժամանակ: Կենսաքիմիական շեղումները կարող են հայտնաբերվել դիաբետի կլինիկական ախտորոշումից մի քանի տարի առաջ:
Հետազոտության ցուցումներ
- ինսուլինակախյալ և ոչ ինսուլինակախյալ շաքարային դիաբետի ախտորոշում և հիվանդության ընթացքի հսկում
- վահանաձև գեղձի, մակերիկամների, հիպոֆիզի հիվանդություններ
- լյարդի հիվանդություններ
- շաքարային դիաբետի նկատմամբ ռիսկի խմբերի շրջանում գլյուկոզի նկատմամբ տոլերանտության որոշում
- գիրացում
- հղիների (գեստացիոն) դիաբետ
- գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարում
Կենսանմուշ
«Գլյուկոզա, շիճուկ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Անհրաժեշտ է արյունը հանձնել առավոտյան ժամը 08:00 - 11:00 սահմաններում, քաղցած վիճակում: Խորհուրդ է տրվում հետազոտվել սննդի վերջին ընդունումից ոչ շուտ, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ հետո, այս ընթացքում ընդունելով միայն ջուր: Հետազոտման նախորդ օրը խորհորդ է տրվում նաև զերծ մնալ սննդային գերբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
միլիմոլ/լիտր (մմոլ/լ)
Այլընտրանքային չափման միավոր
միլիգրամ/դիցիլիտր (մգ/դլ)
Միավորների փոխակերպում
մգ/դլ x 0,0555 = մմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործման միջակայքեր (ըստ Tietz-ի)
- չափահասներ՝ 4.11-5.89 մմոլ/լ (համապատասխանում է 74-106 մգ/դլ)
- 60-90 տ.՝ 4.56-6.38 մմոլ/լ (82-115 մգ/դլ)
- > 90 տ.՝ 4.16-6.72 մմոլ/լ (75-121 մգ/դլ)
- երեխաներ՝ 3.33-5.55 մմոլ/լ (60-100 մգ/դլ)
- 1 օր. մեծ նորածիններ՝ 2.78-4.44մմոլ/լ (40-60 մգ/դլ)
- 1 օր. նորածիններ՝ 2.22-3.33 մմոլ/լ (50-80 մգ/դլ)
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք | Գլյուկոզի մակարդակ, մմոլ/լ |
2 օր. - 4,3 շաբաթ. | 2,8 - 4,4 |
4,3 շաբ. - 14 տ. | 3,3 - 5,6 |
14 - 60 տ. | 4,1 - 5,9 |
60 - 90 տ. | 4,6 - 6,4 |
90 տ. | 4,2 - 6,7 |
Արդյունքների մեկնաբանություն
Գլյուկոզի մակարդակի բարձրացում (հիպերգլիկեմիա)
- չափահասների և երեխաների շաքարային դիաբետ
- ֆիզիոլոգիական հիպերգլիկեմիա (չափավոր ֆիզիկական բեռնվածություն, սուր հույզեր, սթրես, ծխախոտի օգտագործում, ներարկումների ժամանակ ադրենալինի կտրուկ արտադրություն)
- ներզատական համակարգի հիվանդություններ (ֆեոքրոմոցիտոմա, թիրեոտոքսիկոզ, ակրոմեգալիա, գիգանտիզմ, Քուշինգի համախտանիշ, սոմատոստատինոմա)
- ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ (սուր և քրոնիկ պանկրեատիտներ, էպիդեմիկ պարոտիտի ժամանակ զարգացող պանկրեատիտ, մուկովիսցիդոզ, հեմոքրոմատոզ, ենթաստամոքսային գեղձի ուռուցքներ)
- լյարդի և երիկամների քրոնիկ հիվանդություններ
- գլխուղեղի արյունազեղում (ինսուլտ կամ ուղեղի անոթների անևրիզմա), սրտամկանի ինֆարկտ
- ինսուլինային ընկալիչների նկատմամբ հակամարմինների առկայություն
- թիազիդային միզամուղների, կոֆեինի, էստրոգենների, գլյուկոկորտիկոիդների ընդունում
Գլյուկոզի մակարդակի նվազեցում (հիպոգլիկեմիա)
- ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ (Լանգերհանսի բետա-կղզյակի հիպերպլազիա, ադենոմա կամ կարցինոմա, ինսուլինոմա, Լանգերհանսի ալֆա-բջջային կղզյակների անբավարարություն)
- ներզատական համակարգի հիվանդություններ (Ադիսոնի հիվանդություն, ադրենոգենիտալ համախտանիշ, հիպոպիտուիտարիզմ, հիպոթիրեոզ)
- նորածնային հասակում՝ դիաբետով մորից ծնված նորածիններ, կետոտիկ հիպոգլիկեմիա
- գլյուկոզի մակարդակը նվազեցնող կամ հիպոգլիկեմիկ դեղերի և ինսուլինի գերդոզավորում
- լյարդի ծանր հիվանդություններ (ցիռոզ, հեպատիտ, կարցինոմա, հեմոքրոմատոզ)
- չարորակ ոչ պանկրեատիկ նորագոյացություններ՝ մակերիկամների քաղցկեղ, ստամոքսի քաղցկեղ, ֆիբրոսարկոմա
- ֆերմենտոպաթիաներ (գլիկոգենոզներ՝ Գիրկեի հիվանդություն, գալակտոզէմիա, ֆրուկտոզի նկատմամբ տոլերանտության խանգարումներ)
- ֆունկցիոնալ խանգարումներ՝ ռեակտիվ հիպոգլիկեմիա (գաստրոէնտերոստոմա, հետգաստրոէկտոմիկ վիճակ, վեգետատիվ խանգարումներ, ստամոքսաղիքային ուղու պերիստալտիկայի խանգարումներ)
- սնուցման խանգարումներ (երկարատև սովահարություն, մալաբսորբցիայի համախտանիշ)
- թունավորում մկնդեղով, քլորոֆորմով, սալիցիլատներով, հակահիստամինային դեղերով, ալկոհոլով
- ֆիզիկական ծանրաբեռնվածություն
- տենդային վիճակներ
- անաբոլիկ ստերոիդների, պրոպրանոլոլի, ամֆետամինի ընդունում
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Glucose serrum
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ GLUC
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 09-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: