Լաբ թեստեր
Գլիկոզիլ. հեմոգլոբին

Ընդհանուր նկարագրություն
Գլիկոզիլացված հեմոգլոբինը թույլ է տալիս գնահատել արյան գլյուկոզի մակարդակը հետազոտությանը նախորդող 1-3 ամսվա ընթացքում:
Գլիկոզիլացված հեմոգլոբինը կամ գլիկոհեմոգլոբինն առաջանում է էրիթրոցիտներում պարունակվող A հեմոգլոբինին արյան պլազմայի գլյուկոզի ոչ ֆերմենտային կապման միջոցով:
Գլիկոհեմոգլոբինն առկա է նաև առողջ մարդկանց արյան մեջ: Գլյուկոզի՝ A հեմոգլոբինին կապվելու ռեակցիան և առաջացող գլիկոհեմոգլոբինի մակարդակը կախված են պլազմայի գլյուկոզի միջին մակարդակից և էրիթրոցիտների կյանքի տևողությունից: Վերոնշյալ ռեակցիայի արդյունքում առաջանում են գլիկոհեմոգլոբինի մի շարք տեսակներ՝ НbA1a, HbA1b, HbA1c, սակայն շաքարային դիաբետի ծանրության աստիճանի հետ առավել սերտ կոռելացիոն կապի մեջ գտնվում է վերջին տեսակը՝ HbA1c:
HbA1c արտոցոլում է արյան գլյուկոզի բարձր մակարդակի՝ հիպերգլիկեմիայի առկայությունը էրիթրոցիտների կյանքի ամբողջ տևողության ընթացքում՝ մինչև 120 օր: Քանի որ էրիթրոցիտներն ունեն կյանքի տարբեր տևողություն, որպես HbA1c-ի միջոցով հիպերգլիկեմիայի տևողություն սովորաբար ընդունվում է միջինացված՝ մինչև 2-3 ամիս ժամանակային միջակայքը:
HbA1c մակարդակն, այսպիսով, հանդիսանում է վերոնշյալ ժամանակաշրջանում ածխաջրային փոխանակության կոմպենսացիայի ցուցանիշ: HbA1c մակարդակի նորմալացումն ընթանում է գլյուկոզի մակարդակի նորմալացումից հետո 4-6-րդ շաբաթվա ընթացքում: Դիաբետով հիվանդների մոտ HbA1c կարող է նորմայից բարձրանալ մինչև 2-3 անգամ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից HbA1c ճանաչվել է որպես շաքարային դիաբետի հսկողության համար օպտիմալ և անհրաժեշտ հետազոտություն: Դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում HbA1c հետազոտությունը կրկնել առնվազն 3 ամիսը մեկ, ընդ որում, նույն լաբորատորիայում և նույն մեթոդով:
Դիաբետի հսկողության համար խորհուրդ է տրվում HbA1c պահել 7%-ից ցածր մակարդակի վրա, իսկ նույն ցուցանիշի 8% և ավելի բարձր թվերի դեպքում վերանայել ընթացիկ բուժումը:
Կլինիկական հետազոտություններով պարզվել է, որ HbA1c 1%-ով բարձրացումը կապված է գլիկեմիայի մոտ 2 մմոլ/լ աճի հետ:
HbA1c հաջողությամբ օգտագործվում է նաև դիաբետի բարդությունների ռիսկը գնահատելու մեջ: Օրինակ, ապացուցվել է, որ այս ցուցանիշի 1/10 նվազեցումը շուրջ 45%-ով կրճատում է դիաբետիկ ռետինոպաթիայի զարգացման ռիսկը:
HbA1c արդյունքները կարող են փոփոխվել բոլոր այն դեպքերում, որոնք ազդում են էրիթրոցիտների կյանքի միջին տևողության վրա: Արյունահոսությունը կամ հեմոլիզն առաջ են բերում HbA1c կեղծ նվազեցում, արյան փոխներարկումը, բնականաբար, աղավաղում է արդյունքը, իսկ երկաթ-դեֆիցիտային անեմաների ժամանակ HbA1c-ի մակարդակը կեղծ աճում է:
Հետազոտության ցուցումներ
Շաքարային դիաբետի ընթացքի և դիաբետով հիվանդների բուժման երկարատև հսկողություն՝ հիվանդության կոմպենսացիայի աստիճանը որոշելու համար:
Կենսանմուշ
«Գլիկոզիլ. հեմոգլոբին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Առանձնահատուկ նախապատրաստում չի պահանջում։
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Հեմոգլոբինի ընդհանուր քանակության տոկոս (%):
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
4,8-5,9 %
Այլընտրանքային միջակայքեր
- դիաբետի բացակայություն, հղիության բացակայություն՝ <6%
- դիաբետի բուժման թիրախային ցուցանիշներ՝ <7%
- > 8% ցուցանիշները պահանջում են դիաբետի բուժման վերանայում
Արդյունքների մեկնաբանություն
Գլիկոզիլացված հեմոգլոբինի մակարդակի բարձրացում
- շաքարային դիաբետ և գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարման այլ վիճակներ
- երկաթի պակաս
- հեռացված փայծաղ (սպլենէկտոմիա)
- կեղծ-դրական պատասխանը կարող է պայմանավորված լինել ֆետալ հեմոգլոբինի (HbF) բարձր մակարդակով
Գլիկոզիլացված հեմոգլոբինի մակարդակի նվազեցում
- հիպոգլիկեմիա (այդ թվում՝ դիաբետիկ հիպոգլիկեմիա)
- հեմոլիտիկ անեմիա
- արյունահոսություններ
- արյան փոխներարկում
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Glycated Hemoglobin
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Hb A1c
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 13-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: