Skip to main content

Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության թեստ - Սուբստրատներ

Միջազգային անվանում (հապավում). Glucose Tolerance Test, 2h GLUC (GTT)

Նկարագրություն

Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության թեստը (GTT) արյան գլյուկոզի կրկնակի որոշումն է քաղցած վիճակում և շաքարային ծանրաբեռնվածությունից 2 ժամ անց։

Սա ածխաջրային փոխանակության «թաքնված» խանգարումների հայտնաբերման թեստ է։

Շաքարային դիաբետի ախտորոշումը կատարվում է հետազոտվողի քաղցած վիճակում արյան գլյուկոզի մակարդակի կրկնակի հաստատված բարձրացման հիման վրա, երբ նման բարձրացումը գերազանցում է ախտորոշիչ շեմը (7 մմոլ/լ)։

Պացիենտների մի մասի մոտ որոշ նշաններ թույլ են տալիս կասկածել ածխաջրային փոխանակության սկզբնական կամ «թաքնված» ձևի առկայության մասին։ Այդպիսի ախտանիշներից են՝ քաղցած վիճակում արյան գլյուկոզի մակարդակի բարձրացում (դիաբետի ախտորոշիչ շեմից ցածր ցուցանիշներ), մեզում գլյուկոզի պատահական առկայություն՝ առանց քաղցած վիճակում արյան գլյուկոզի բարձրացման, դիաբետի ախտանիշներ՝ առանց հիպերգլիկեմիայի (բարձր արյան գլյուկոզ) կամ գլյուկոզուրիայի (մեզում գլյուկոզ) գրանցման, հղիության ընթացում մեզում գլյուկոզի հայտնաբերում, թիրեոտոքսիկոզ, լյարդային հիվանդություն կամ վարակներ և անհայտ ծագման նեյրոպաթիաներ կամ ռետինոպաթիաներ։ Նման դեպքերում ԳՏԹ-ն օգնում է հայտնաբերելու ածխաջրային փոխանակության «թաքնված» խանգարումները։

Ստամոքս-աղիքային խողովակից գլյուկոզի ներծծումն արյան մեջ խթանում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրությունը, որը բերում է հյուսվածքների կողմից գլյուկոզի կլանման և արյան մեջ գլյուկոզի մակարդակի նվազեցման՝ գլյուկոզի «ծանրաբեռնվածությունից» արդեն իսկ 2 ժամ անց։ Առողջ մարդկանց մոտ արյան գլյուկոզի մակարդակը սննդային ծանրաբեռնվածությունից 2 ժամ հետո լինում է 7,8 մմոլ/լ-ից ցածր, իսկ դիաբետով հիվանդների մոտ՝ 11,1 մմոլ/լ-ից բարձր։ Միջանկյալ միջակայքը՝ 7,8 մմոլ/լ-ից մինչև 11,1 մմոլ/լ, համարվում է գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարում կամ նախադիաբետ։

Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարումը բացատրվում է ինսուլինի արտադրության խանգարման և ինսուլինի նկատմամբ հյուսվածքների զգայունության նվազեցման (ռեզիստենտության բարձրացման) բարդ խանգարումներով։ Արյան մեջ գլյուկոզի մակարդակը դրա նկատմամբ տոլերանտության խանգարման ժամանակ կարող է լինել նորմալ կամ քիչ բարձրացած։ Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարմամբ մարդկանց մի մասի մոտ գլյուկոզի մակարդակը հետագա ժամերին կարող է վերականգնվել մինչև նորմա (շուրջ 30% դիտարկումներում), սակայն նման վիճակը կարող է պահպանվել։ Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարմամբ մարդկանց մոտ առկա է ածխաջրային խանգարման ավելի խորացման բարձր ռիսկ և նշված խանգարման փոխակերպում 2-րդ տիպի դիաբետի։

Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարումը հաճախ նաև պայմանավորված է միմյանց հետ կապված սրտանոթային ռիսկի գործոններով, հատկապես՝ մի քանի գործոնների միաժամանակյա առկայությամբ (օրինակ՝ բարձր արյան ճնշում, արյան բարձր խոլեստերին և բարձր ՑԽԼ կամ լավ խոլեստերինի՝ ԲԽԼ-ի ցածր մակարդակ), որոնք նկարագրվում են որպես մետաբոլիկ համախտանիշ, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության համախտանիշ կամ X համախտանիշ։

Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարում հայտնաբերելիս որոշ միջոցառումներ կարող են կանխարգելել ածխաջրային փոխանակության հարաճուն զարգացումը, օրինակ՝

  • ֆիզիկական ակտիվության բարձրացում
  • քաշի նվազեցում
  • առողջ հավասարակշռված սննդակարգ։

ԳՏԹ-ը նպատակահարմար է նշանակել, եթե քաղցած վիճակում կրկնակի թեստով հաստատվում է արյան գլյուկոզի դիաբետիկ շեմից (7,0 մմոլ/լ) ավելի բարձր մակարդակը: Թեստը հակացուցված է այն մարդկանց, ում արյան գլյուկոզը քաղցած վիճակում գերազանցում է 11,1 մմոլ/լ մակարդակը կամ ոչ ուշ անցյալում տարել են վիրահատական միջամտություն, ունեցել են սրտամկանի ինֆարկտ կամ ծննդաբերություն։

Բժշկի հայեցողությամբ թեստը կարող է կատարվել C-պեպտիդի զուգահեռ կրկնակի որոշմամբ՝ քաղցած վիճակում և գլյուկոզով ծանրաբեռնելուց 2 ժամ անց։ Նման հետազոտության նպատակը ինսուլինի սեկրետոր պահուստի որոշումն է։

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • ավելորդ քաշ
  • աթերոսկլերոզ
  • բարձր արյան ճնշում
  • պոդագրա
  • շաքարային դիաբետի ընտանեկան պատմություն
  • կանայք, ում մոտ եղել են վիժումներ, վաղաժամ ծննդաբերություններ, խոշոր պտղով ծննդաբերություններ կամ արատով երեխաներ, մեռելածնություն, հղիների դիաբետ
  • մետաբոլիկ համախտանիշ
  • լյարդի քրոնիկ հիվանդություններ
  • ձվարանների պոլիկիստոզ
  • անհայտ ծագման նեյրոպաթիաներ
  • միզամուղների, գլյուկոկորտիկոիդների և սինթետիկ էստրոգենների երկարատև ընդունում
  • քրոնիկ պարադոնտոզ և ֆուրունկուլյոզ

Կենսանմուշ

GTT թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հետազոտության պետք է ներկայանալ խիստ քաղցած վիճակում (ժամը 7։00-ից մինչև 11։00)՝ գիշերային ժամերին սնունդ չստանալու պայմաններում (սննդի վերջին ընդունումը՝ առնվազն 8-14 ժամ առաջ)։

Գլյուկոզով ծանրաբեռնվածությունը իրականացվում է՝ հետազոտվողին առաջարկելով, որ խմի 237 մլ գլյուկոզի օշարակ, որը պարունակում է 75 գրամ շաքար։

Հետազոտությունից առնվազն 24 ժամ առաջ հակացուցված է ալկոհոլի օգտագործումը։

Հետազոտությունից առնվազն 3 օր առաջ անհրաժեշտ է՝

  • անցնել սովորական սննդակարգի՝ առանց ածխաջերերի սահմանափակման
  • բացառել բոլոր այն գործոնները, որոնք կարող են ջրազրկել օրգանիզմը (ընդունած ջրի անբավարար քանակ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, փորլուծության առկայություն)
  • չընդունել այնպիսի դեղեր, որոնք կարող են ազդել հետազոտության արդյունքների վրա (սալիցիլատներ, հակաբեղմնավորիչ հաբեր, թիազիդային միզամուղներ, կորտիկոստերոիդներ, ֆենոթիազին, լիթիում, մետապիրոն, վիտամին C և այլն)։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․ նշանակված դեղերի ընդունումը պետք է դադարեցնել միայն բուժող բժշկի հետ նախապես խորհրդակցելուց հետո։

Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության թեստը չի օգտագործվում մինչև 14 տարեկան երեխաների համար։

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Օգտագործվում է արյան շիճուկի գլյուկոզի չափման միավորը՝ միլիմոլ/լիտր (մմոլ/լ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Արյան գլյուկոզի մակարդակը գլյուկոզ ընդունելուց 2 ժամ անց՝

  • նորմա՝ < 7,8 մմոլ/լ
  • գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարում՝ (7,8 – 11,1) մմոլ/լ
  • շաքարային դիաբետ՝ > 11,1 մմոլ/լ

Արդյունքների մեկնաբանություն

Արդյունքների մեկնաբանումը տեղեկություն է պարունակում բուժող բժշկի համար և չի ներկայացնում ախտորոշում։

Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության ցուցանիշը չի կարելի օգտագործել ինքնաախտորոշման կամ ինքնաբուժման համար։ Ճշգրիտ ախտորոշումը տալիս է միայն բժիշկը՝ հիմնվելով ոչ միայն ԳՏԹ, այլև լրացուցիչ հետազոտությունների և բժշկական նշանակության անամնեստիկ տվյալների վրա։

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 04-06-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024