Լաբ թեստեր
Հելիկոբակտեր պիլորի IgG հակամարմիններ

Ընդհանուր նկարագրություն
Helicobacter pylori-ի նկատմամբ IgG դասի հակամարմինների հայտնաբերման հետազոտությունը նույն մանրէով վարակվածությունը հաստատող մարկեր է:
Helicobacter pylori-ի նկատմամբ IgG դասի հակամարմինները սկսում են արտադրվել վարակվելուց 3-4 շաբաթ անց: H.pylori-ի նկատմամբ հակամարմինների բարձր մակարդակը կարող է պահպանվել մանրէի ոչնչացումից որոշ ժամանակի ընթացքում:
Helicobacter pylori-ն գրամբացասական պարուաձև բակտերա է: Բակտերիալ բջիջը շրջապատված է գելային շերտով՝ գլիկոկալիկսով, որը բակտերիան պաշտպանում է ստամոքսահյութի աղաթթվի ազդեցությունից: Այս բակտերիան զգայուն է բարձր ջերմաստիճանի նկատմամբ, սակայն երկար ժամանակի ընթացքում պահպանվում է խոնավ միջավայրերում:
Հայաստանում բնակչության գերակշռող մեծամասնությունը վարակված է H. pylori-ով, սակայն միայն 10-ից մեկի մոտ է վարակն առաջացնում որևէ հիվանդություն: Վարակվածների 90%-ի մոտ H. pylori-ն ամբողջ կյանքի ընթացքում որևէ խնդիր չի առաջացնում:
Վարակման ուղիները. H. pylori-ով վարակումն ընթանում է սննդային, ֆեկալ-օրալ և կենցաղային ճանապարհներով:
Ներկայում H. pylori-ն երկրագնդում ամենատարածված վարակներից է: Այս մանրէի հետ են կապում այնպիսի հիվանդությունների զարգանալը, ինչպիսիք են քրոնիկ գաստրիտը, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունները: Ստամոքսի լորձաթաղանթի վնասումը պայմանավորված է միկրոօրգանիզմի ուղղակի, ինչպես նաև H.pylori-ի ագրեսիայի գործոնների ազդեցություններով:
H.pylori-ն օժտված է կլոնավորման և ստամոքսի լորձաթաղանթում պերսիստացման հատկություններով: Բակտերիայի ախտածին գործոնները ներառում են ֆերմենտները (ուրեազա, ֆոսֆոլիպազա, պրոտեազա, գամա-գլյուտամիլտրանսֆերազա), մազիկները, A ցիտոտոքսինը (VacA), հեմոլիզինը (RibA), ջերմային շոկի սպիտակուցները և լիպոպոլիսախարիդը: Բակտերիալ ֆոսֆոլիպազը վնասում է էպիթելոցիտների թաղանթը, որի շնորհիվ միկրոօրգանիզմը կպչում է էպիթելի մակերևույթին և թափանցում դեպի բջիջ: Ուրազների և ախտածին մյուս ֆերմենտների ազդեցությամբ վնասվում է լորձաթաղանթը, ուժգնանում են բորբոքային գործընթացները և ցիտոկինինների, թթվածնի ռադիկալների, ազոտի օքսիդի առաջացումը: Լիպոպոլիսախարիդային հակածինն իր կառուցվածքով նման է արյան հակածնային խմբին (ըստ Lewis-ի համակարգի) և մարդու ստամոքսային էպիթելի բջիջներին, որի պատճառով հնարավոր է ստամոքսի լորձաթաղանթի էպիթելի նկատմամբ աուտոհակամարմինների առաջացումը և ատրոֆիկ աուտոիմուն գաստրիտի զարգացումը: Ուրեազների մակերեսային տեղակայումը բակտերիային թույլ է տալիս խուսափել հակամարմինների ազդեցությունից. ուրեազա-հակամարմին կոմպլեքսն անմիջապես հեռացվում է դեպի մակերևույթ: Լիպիդների պերօքսիդային օքսիդացման խթանման և ազատ ռադիկալների մակարդակի աճի ազդեցությամբ բարձրանում է կանցերոգենեզի հավանականությունը:
Ստոմոքսի լորձաթաղանթում H.pylori-ի տարածումն ընթանում է մակերեսային անտրալ գաստրիտի և դուոդենիտի զարգացմամբ, որն էլ առաջացնում է գաստրինի մակարդակի բարձրացում, սոմատոստատինի արտադրության խթանում. վերջիններս ուժեղացնում են աղաթթվի արտադրությունը: Ավելցուկային աղաթթուն նպաստում է դուոդենիտի և ստամոքսային մետապլազիաների հարաճուն զարգացմանը, որոնք էլ նպաստավոր պայմաններ են ստեղծում H.pylori-ի հետագա տարածման համար:
Հետագայում, հատկապես լրացուցիչ ռիսկի գործոնների առկայության պայմաններում (ժառանգական նախատրամադրվածություն, արյան I խումբ, ծխախոտի օգտագործում, խոց առաջացնող (ուլցերոգեն) դեղերի ընդունում, հաճախակի սթրեսներ, սննդակարգի խանգարումներ) լորձաթաղանթի մետապլազիայի ենթարկված տեղամասերում ի հայտ են գալիս խոցեր:
1995թ. Քաղցկեղի հետազոտման միջազգային ասոցիացիան (IARC) H.pylori-ն ճանաչել է որպես բացարձակ քաղկեղածին գործոն և ստամոքսի քաղցկեղների կարևորագույն պատճառներից մեկը (MALToma - Mucosa Associated Lymphoid Tissue lymphoma, ադենոկարցինոմա): Համաճարակաբանական հետազոտություններով հայտնաբերվել է նաև H.pylori-ով ավելի հաճախ վարակում ոչ խոցային դիսպեպսիայով և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությամբ մարդկանց մոտ: H.pylori-ով վարակված անձանց մոտ ոչ խոցային դիսպեպսիայի և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության ռիսկի գործոններից են ստամոքսային մոտորիկայի, սեկրեցիայի խանգարումները, ստամոքսի և 12-մատյա աղու լորձաթաղանթների ընդերային զգայունության և պաշտպանական բարիերի թափանցիության բարձրացումը, ինչպես նաև բորբոքմանն ուղեկցող ցիտոկինինների մակարդակի աճը:
H. pylori-ով վարակված և խոցային հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ այս միկրոօրգանիզմի ոչնչացումը թույլ է տալիս դադարեցնել հակասեկրետորային դեղամիջոցների ընդունումը:
H. pylori-ի լաբորատոր ախտորոշման ռիսկի խմբեր
Իրավիճակ | Պատճառ |
---|---|
Ընտանիքում կամ նույն տանը բնակվողների շրջանում վարակի դեպքեր | Վարակի կոնտակտային-կենցաղային փոխանցում H. pylori վարակը բարձրացնում է ստամոքսի քաղցկեղի ռիսկը: |
Խոցային հիվանդություն | H. pylori-ի ոչնչացումը թույլ է տալիս դադարեցնել հակասեկրետորային դեղերի ընդունումը և նվազեցնել ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը |
Հետազոտության ցուցումներ
- ստամոքսի և/կամ 12-մատյա աղու խոցային հիվանդություն
- ոչ խոցային դիսպեպսիա
- ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ)
- ատրոֆիկ գաստրիտ
- մոտ հարազատների մոտ ստամոքսի քաղցկեղային հիվանդություն
- ընտանիքի անդամների կամ մոտ հարազատների մոտ առաջնակի հայտնաբերված հելիոբակտերային վարակ
- կանխարգելիչ հետազոտություն՝ ստամոքսի խոցի կամ քաղցկեղի նկատմամբ ռիսկի խմբեր հայտնաբերելիս
- էրադիկացիոն բուժման արդյունավետության գնահատում
- ինվազիվ ախտորոշիչ մեթոդների իրականացման անհնարինություն (օրինակ՝ գաստրոդուոդենոսկոպիա)
Կենսանմուշ
«Հելիկոբակտեր պիլորի IgG հակամարմիններ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու կարիքը չի զգացվում:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Մ/մլ (միավոր/միլիլիտր)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- բացասական՝ 0-20 Մ/մլ
- կասկածելի՝ 20-40 (պետք է թեստը կրկնել)
- դրական ≥ 40,0 Մ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
H. pylori IgG դրական պատասխան
- H. pylori վարակ (խոցային հիվանդության զարգացման բարձր ռիսկ կամ խոցային հիվանդություն, ստամոքսի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ)
- բուժված H. pylori վարակ. հակամարմինների աստիճանաբար անհետացման շրջան (անհրաժեշտ է ընթացքը հսկել կրկնակի հետազոտություններով)
H. pylori IgG բացասական պատասխան
- H. pylori վարակ չի հայտնաբերվել (խոցային հիվանդության զարգացման ցածր ռիսկ, սակայն խոցային հիվանդությունը չի բացառվում)
- H. pylori-ով վարակվելուց հետո առաջին 3-4 շաբաթների ժամանակաշրջան
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Helicobacter pylori IgG
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ HB IgG
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 23-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: