Լաբ թեստեր
Հելիկոբակտեր պիլորի հակածին

Միջազգային անվանում (հապավում). HB Pil Ag (Helicobacter pylori Antigen)
Նկարագրություն
Հելիկոբակտեր պիլորին (H. pylori) պարույրաձև բակտերիա է, որն ապրում է ստամոքսի լորձաթաղանթի վրա՝ ամրանալով էպիթելի թավիկներին:
H. Pylori-ն հանդիսանում է 12-մատնյա աղու խոցի 90%-ի և ստամոքսի խոցի 80%-ի պատճառը: H. Pylori-ի հետազոտության կարևորությունն աճում է բակտերիայի առկայության և ստամոքսի և 12-մատնյա աղու այնպիսի հաստատված հիվանդությունների միջև հզոր փոխկապվածությամբ, ինչպիսիք են գաստրիտը, պեպտիկ խոցը և ստամոքսի կարցինոման:
Կղանքի նմուշները կարող են հետազոտվել հիվանդության սրացման շրջանում: Հիվանդությունը սկսվելուց հետո կղանքի նմուշի վերցման վերաբերյալ որևէ ժամանակային պահանջ չկա։
Ցուցումներ
- ստամոքս-աղիքային ուղու հիվանդություններ, ինչպիսիք են գաստրիտը և խոցային հիվանդությունը
- քաղցկեղային հիվանդությունների կասկած
Կենսանմուշ
Helicobacter pylori Antigen թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ կղանք։
Կենսանմուշի հանձնում
Կղանքը հավաքվում է մեկանգամյա ստերիլ տարայում՝ վերջինիս 1/3 չափով: Պահպանումը՝ +2 մինչև +8° C: Կենսանմուշը պետք է տանել լաբորատորիա 10-12 ժամվա ընթացքում:
Խորհուրդ չի տրվում հետազոտությունն անցկացնել տարբեր վարակների բուժման համար հակամիկրոբային դեղեր օգտագործելու ընթացքում։ Կեղծ-բացասական արդյունքից խուսափելու համար ցանկալի է թեստն անցկացնել հակաբակտերիալ բուժումն ավարտելուց առնվազն 4 շաբաթ և պրոտոնային պոմպի արգելակիչների և բիսմութի պատրաստուկների ընդունումից առնվազն 2 շաբաթ հետո:
Չափման միավորներ
Որպես որակական հետազոտություն, չափման միավոր չունի:
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Որպես որակական հետազոտություն, ռեֆերենսային միջակայք չունի:
Արդյունքների մեկնաբանություն
Արդյունքն ախտորոշում չէ և զուտ տեղեկատվություն է պարունակում բուժող բժշկի համար: Ճշգրիտ ախտորոշումը կատարում է բժիշկը՝ օգտագործելով այս և այլ թեստերի արդյունքները և հիվանդության պատմությունը (անամնեզ):
Հոդվածը տեղադրվել է՝ 31-03-2021 վերանայվել է՝ 01-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: