Լաբ թեստեր
Հեմոգլոբին

Ընդհանուր նկարագրություն
Հեմոգլոբինը արյան շնչառական պիգմենտ է, որը պարունակվում է էրիթրոցիտներում և մասնակցում թթվածնի և ածխաթթու գազի տեղափոխմանը:
Հեմոգլոբինը (Hemoglobin, HBG) հանդիսանում է թթվածնի յուրահատուկ փոխադրիչը, այն մասնակցում է նաև հյուսվածքներից ածխաթթու գազի փոխադրմանը: HBG-ի պարունակությունը տղամարդկանց մոտ մի քիչ ավելի բարձր է, քան կանանց մոտ: Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ կարող է դիտարկվել հեմոգլոբինի մակարդակի ֆիզիոլոգիական նվազեցում:
Արյան pH-ի կարգավորման մեջ հեմոգլոբինը համարվում է արյան ամենահզոր պատնեշը: Առողջ տղամարդու արյունը պարունակում է 14,5 ±1,5 գ% հեմոգլոբին, իսկ կանանցը՝ 13,0 ± 1,5գ%։
Հեմոգլոբինը բարդ գունակիր սպիտակուց է, բաղկացած է հեմից, որը պարունակում է երկարժեք երկաթ և սպիտակուցային մասից՝ գլոբինից։ Թոքերում գոյություն ունեցող բարենպաստ պայմաններում հոմոգլոբինը միանում է մոլեկուլային թթվածնի հետ և առաջացնում օքսիհեմոգլոբին՝ HbO2 (1 գ. Hb-ն կապում է 1.34 մլ O2): Հյուսվածքներում HbO2-ը փեղեքվում է՝ անջատելով Օ2: Վերականգնված հեմոգլոբինը հյուսվածքներում միանում է CO2-ին և փոխադրում այն դեպի թոքերը: Այս միացությունը կոչվում է կարբհեմոգլոբին՝ HbCO2:
Շմոլ գազը (CO) թթվածնի համեմատությամբ 150-300 անգամ ավելի մեծ խնամակցություն ունի հեմոգլոբինի հանդեպ։ CO-ն մեծ արագությամբ միանում է Hb-ի հետ և զբաղեցնում O2-ի տեղը: Առաջանում է Hb-ի ախտաբանական միացություն՝ կարբոքսիհեմոգլոբին (HbCO): Եթե ներշնչվող օդում կա նույնիսկ 0,1% CO, ապա Hb-ի 80%-ը կապվում է, առաջացնելով HbCO, որը կայուն միացություն է, քան HbO2-ը: Կարբօքսիհեմոգլոբինի առաջացաման հետևանքով օրգանիզմում զարգանում է թթվածնաքաղց, որն ուղեկցվում է գլխացավով, փսխմամբ, գիտակցության կորստով:
Հեմոգլոբինի ախտաբանական նվազեցումը (անեմիա) դիտարկվում է տարբեր բնույթի արյունահոսությունների, էրիթրոցիտների ուժեղացած քայքայման, ինչպես նաև էրիթրոցիտների առաջացման խանգարումների ժամանակ: Անեմիան կարող է հանդես գալ որպես ինքնուրույն հիվանդություն, ինչպես նաև ուղեկցել և հանդես գալ որևէ սուր կամ քրոնիկ հիվանդության ախտանշան:
Հետազոտության ցուցումներ
- պլանային կանխարգելիչ հետազոտություն
- հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
- վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
- հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն
Կենսանմուշ
«Հեմոգլոբին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
գ/լ (գրամ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
գ/դլ (գրամ/դեցիլիտր)
Միավորների փոխակերպում
գ/դլ х 10 = գ/լ, գ/լ х 0,1 = գ/դլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- կանայք՝ 120 - 140 գ/լ
- տղամարդիկ՝ 130 - 160 գ/լ
Այլընտրանքային նորմալ արժեքներ
Տարիք, սեռ | HBG, գ/դլ | |
1 - 14 օր. | 13,4 - 19,8 | |
14 օր. - 4,3 շաբ. | 10,7 - 17,1 | |
4,3 շաբ. - 8,6 շաբ. | 9,4 - 13,0 | |
8,6 շաբ. - 4 ամս. | 10,3 - 14,1 | |
4 - 6 ամս. | 11,1 - 14,1 | |
6 - 9 ամս. | 11,4 - 14,0 | |
9 - 12 ամս. | 11,3 - 14,1 | |
12 ամս. - 5 տ. | 11,0 - 14,0 | |
5 - 10 տ. | 11,5 - 14,5 | |
10 - 12 տ. | 12,0 - 15,0 | |
12 - 15 տ. | Աղջիկներ | 11,5 - 15,0 |
Տղաներ | 12,0 - 16,0 | |
15 - 18 տ. | Աղջիկներ | 11,7 - 15,3 |
Տղաներ | 11,7 - 16,6 | |
18 - 45 տ. | Կանայք | 11,7 - 15,5 |
Տղամարդիկ | 13,2 - 17,3 | |
45 - 65 տ. | Կանայք | 11,7 - 16,0 |
Տղամարդիկ | 13,1 - 17,2 | |
≥ 65 տ. | Կանայք | 11,7 - 16,1 |
Տղամարդիկ | 12,6 - 17,4 |
Արդյունքների մեկնաբանություն
Հեմոգլոբինի մակարդակի բարձրացում
- ջրազրկում (արտահայտված փորլուծություն, կրկնակի փսխումներ, ուժեղացած քրտնարտադրություն, շաքարային դիաբետ, այրվածքային հիվանդություն, պերիտոնիտ)
- ֆիզիոլոգիական էրիթրոցիտոզներ (բարձր լեռնային շրջաններում բնակվողներ, օդաչուներ, մարզիկներ)
- սիմպտոմատիկ էրիթրոցիտոզներ (շնչառական անբավարարություն, սրտանոթային անբավարարություն, երիկամների պոլիկիստոզ)
- էրիթրեմիա
Հեմոգլոբինի մակարդակի նվազեցում
- տարբեր ծագման անեմիաներ
- հիպերհիդրատացիա
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Hemoglobin
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Hb
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: