Լաբ թեստեր

Վիրուսային հեպատիտ B-ի մակերեսային հակածին

HBsAg

Ընդհանուր նկարագրություն

Վիրուսային հեպատիտ B-ի մակերեսային հակածինը (HBsAg) հիվանդության ամենավաղ մարկերն է, որն արյան շիճուկում հայտնվում է դեռևս ինկուբացիոն շրջանում՝ մինչև արյան ֆերմենտների ակտիվության բարձրանալը:

Վիրուսային հեպատիտ B-ի մակերեսային կամ ավստրիալիական հակածինը (HBsAg) սպիտակուցային մոլեկուլ է (լիպոպրոտեին), որը պատասխանատու է հեպատոցիտների մակերեսին վիրուսի ադսորբցիայի համար: Վիրուսի՝ դեպի լյարդի բջիջների գենոմ ներխուժելուց հետո այդ բջիջները սկսում են արտադրել վիրուսային ԴՆԹ և սպիտակուցներ՝ առաջ բերելով դեպի արյան հուն HBsAg-ի նոր մոլեկուլների մուտք:

Վիրուսի կորիզային բաղադրիչների և թաղանթային ստրուկտուրաների սինթեզը վարակված բջջում կարող է ընթանալ ոչ հավասարակշռված՝ թաղանթային սպիտակուցների ավելցուկային առաջացմամբ: Ուստի վարակված հիվանդի արյան մեջ HBsAg-ի մակարդակը տատանվում է լայն միջակայքում՝ հաճախ հասնելով խիստ բարձր մակարդակի:

HBsAg-ն արյան մեջ հայտնվում է մինչև հիվանդության կլինիկական նշանների զարգանալը: Հետագայում, հեպատիտի սուր ընթացքի դեպքում արյան մեջ HBsAg-ը պահպանվում է 5-6 ամսվա ընթացքում և անհետանում (ըստ որում՝ վիրուսային հակածիններից ամենավերջինը):

HBsAg առկայությունը արյան պլազմայում հիվանդության սկզբից ավելի քան 6 ամիս անց վկայում է այն բանի հավանականության մասին, որ հեպատիտ B-ն անցել է քրոնիկ ձևին: Հնարավոր է նաև HBsAg-ակրություն ողջ կյանքի ընթացքում:

HBsAg քանակական որոշումն օգագործվում է հեպատիտ B-ի ախտորոշման, ընթացքի և բուժման վերահսկման մեջ: Ախտորոշիչ նպատակով իրականացված թեստի պատասխանը պետք է համադրել սուր և քրոնիկ ընթացքի կլինիկական նշանների և այլ մարկերների որոշման արդյունքների հետ:

Հետազոտության ցուցումներ

  • սուր և քրոնիկ վիրուսային հեպատիտ B-ի ախտորոշում
  • հեպատիտ B-ով հիվանդների վիճակի և բուժման հսկողություն

Կենսանմուշ

«Վիրուսային հեպատիտ B-ի մակերեսային հակածին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը ցանկալի է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Գործակից (ինդեքս)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • բացասական՝ < 0,9
  • սահմանային (գորշ զոնա)՝ (0,9-1,0)
  • դրական՝ ≥ 1,0

Պետք է նկատի ունենալ, որ այս գործակցի արժեքը հեպատիտ B-ի վիրուսի տիտրի հետ որևէ կապ չունի, և որքան այն 1-ից բարձր է, այդքան արյան մեջ HBsAg-ի առկայությունը դառնում է ավելի հավաստի:

Արդյունքների մեկնաբանություն

HBsAg դրական պատասխան

  • սուր վիրուսային հեպատիտ B` ինկուբացիոն կամ սուր փուլ
  • քրոնիկ վիրուսային հեպատիտ B
  • վիրուսային հեպատիտի վիրուսակրություն

HBsAg բացասական պատասխան

  • վիրուսային հեպատիտ B բացակայում է (դրական anti-HBc մարկերի բացակայության պայմաններում)
  • anti-HB մարկերի դրական պատասխանի ժամանակ չի կարելի բացառել սուր վիրուսային հեպատիտ B-ն (առողջացման փուլ)
  • չի կարելի բացառել վիրուսային հեպատիտ B-ն ռեպլիկացիայի ցածր ինտենսիվության պայմաններում
  • հազվադեպ՝ կայծակնային, չարորակ ընթացքով հեպատիտ B, HBsAg-ի դեֆեկտով (շճաբացասական) հեպատիտ B

Ախտորոշիչ կամ բուժական նպատակներով մոնոկլոնային հակամարմինների պատրաստուկներ ստացող հիվանդների մոտ HBsAg-ի պատասխանը կարող է լինել խեղաթյուրված (բարձրացած կամ նվազած): Նույն կերպ, հեպարինային բուժում ստացող հիվանդների արյունը կարող է լինել մասամբ կոագուլացված, որի հետևանքով ֆիբրինի առկայության պայմաններում կարող է ստացվել սխալ պատասխան: Նման դեպքերում խորհուրդ է տրվում HBsAg-ի հետազոտությունն իրականացնել մինչև հեպարինաբուժման սկիզբը:

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Hepatitis B Surface Antigen

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ HBsAg

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: