Skip to main content

Հակա-ՀՑՎ ընդհանուր, ՀՑՎ հակամարմիններ, ընդհանուր - Վարակներ

Միջազգային անվանում (հապավում). Anti-HCV total, HCV Ab total (HCV Ab tot, Anti-HCV tot)

Նկարագրություն

Վիրուսային հեպատիտ C-ն (HCV) լյարդի վարակային հիվանդություն է, որի հարուցիչը Flaviviridae ընտանիքի ՌՆԹ պարունակող վիրուս է՝ հեպատիտ C-ի վիրուս (ՎՀՑ, HCV, Hepatitis C Virus):

Սա լյարդի քրոնիկ ախտահարման հիմնական պատճառներից մեկն է:

Հեպատիտ C վիրուսի (HCV) գենոմը կոդավորում է տարբեր կառուցվածքային և ոչ կառուցվածքային վիրուսային սպիտակուցներ:

Դրանցից յուրաքանչյուրի դեմ օրգանիզմի պաշտպանական իմունային պատասխանի ընթացքում կարող են ձևավորվել հակամարմիններ, որոնք արյան մեջ շրջանառվում են փոփոխական կազմով: HCV-ի նկատմամբ ընդհանուր հակամարմինների թեստով (Anti-HCV total կամ HCV Ab total) որոշվում է հեպատիտ C վիրուսի կառուցվածքային և ոչ կառուցվածքային սպիտակուցների համալիրի նկատմամբ հակամարմինների առկայությունը, որն իրենից ներկայացնում է IgM և IgG դասերի հանրագումարը:

Anti-HCV-ն, հեպատիտ C-ի ընթացքի ենթակլինիկական տարբերակի դեպքում մեծամասամբ հայտնվում է վարակվելուց 4-10 շաբաթ անց (շճաբացասական ժամանակաշրջան), սովորաբար՝ ալանին ամինոտրանսֆերազի (ALT) բարձրացումից հետո, և հետագայում կարող է անընդհատ հայտնաբերվել, այդ թվում՝ պահպանվել երկար տարիներ և մնալ վարակի ինքնաբուխ լավացումից կամ հաջող բուժումից հետո: HCV-ն նաև կարող է առաջանալ այն բանից հետո, երբ հեպատիտ C-ի բուժումը դադարեցվում է: Հեպատիտ C-ի նկատմամբ գումարային հակամարմինների հայտնաբերումը վկայում է այն մասին, որ անձը վարակված է եղել հեպատիտ C-ի վիրուսով, կարող է ունենալ թաքնված վարակ և ունակ լինի տարածել վարակը:

HCV-ի փոխանցման հիմնական ուղին արյան հետ շփումն է' վարակի փոխանցումը արյան կամ դրա բաղադրիչների միջոցով: Հեպատիտ C-ի դեպքում առաջատար համաճարակաբանական նշանակություն ունեն հարուցիչի արհեստական փոխանցման ուղիները, որոնք տեղ են գտնում ոչ բժշկական և բժշկական միջամտությունների ընթացքում, որոնք ուղեկցվում են մաշկի կամ լորձաթաղանթների վնասմամբ, ինչպես նաև դրանց վնասման ռիսկի հետ կապված միջամտություններով:

  • Ոչ բժշկական միջամտությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են մաշկի կամ լորձաթաղանթների վնասմամբ, վարակի փոխանցումը տեղի է ունենում ապօրինի թմրամիջոցների ներարկային օգտագործման պատճառով (ամենաբարձր ռիսկը), ինչպես նաև դաջվածքների, պիրսինգի, տարբեր ծիսակատարությունների, կոսմետիկ միջոցառումների, պեդիկյուրի, մանիկյուրի և այլ միջամտությունների ժամանակ, երբ օգտագործվում են հեպատիտ C-ի վիրուսով աղտոտված գործիքներ:
  • Բժշկական միջամտությունների օրինակներից են արյան կամ դրա բաղադրամասերի փոխներարկումը (ներկայումս խիստ հազվադեպ՝ արդյունավետ հսկողության հետ կապված), օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստումը, հեմոդիալիզը (բարձր ռիսկ), և հեպատիտ C վիրուսով աղտոտված բժշկական, լաբորատոր գործիքների և այլ բժշկական արտադրանքների միջոցով: Հեպատիտ C վիրուսով վարակումը երբեմն նաև հնարավոր է էնդոսկոպիկ հետազոտություններով և այլ ախտորոշիչ և բուժական միջոցառումների ժամանակ, որոնց ընթացքում առկա է մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտման ռիսկ:
  • Փոխանցումը կարող է տեղի ունենալ հեպատիտ C-ի վիրուս պարունակող արյան (և դրա բաղադրամասերի) և այլ կենսաբանական հեղուկների հայտնվելով լորձաթաղանթների կամ մաշկի վերքային մակերեսների վրա:
  • Վարակի փոխանցումը հնարավոր է սեռական հարաբերությունների ժամանակ, երբ տեղ է գտնում արյան հետ շփումը վնասված լորձաթաղանթների միջոցով: Ռիսկը զգալիորեն բարձր է տղամարդկանց միջև հոմոսեքսուալ կոնտակտի դեպքում: Ավելի հազվադեպ վիրուսը կարող է փոխանցվել մշտական հետերոսեքսուալ սեռական զուգընկերների միջև (այլ ռիսկի գործոնների բացակայության դեպքում, սեռական զուգընկերներից մեկնումեկի մոտ քրոնիկ հեպատիտ C-ի առկայության ժամանակ մյուս զուգընկերոջ վարակման ռիսկը կազմում է մոտ 1,5%):
  • Հղիության և ծննդաբերության ընթացքում հնարավոր է վիրուսի փոխանցումը վարակված մորից երեխային, թեև դրա հավանականությունը ցածր է (ռիսկը 1-5% է) և կախված է կնոջ մոտ վիրուսային բեռնվածության մակարդակից (տիտրից):

Հեպատիտ C-ն չի փոխանցվում կրծքի կաթի, սննդի, ջրի կամ կենցաղային շփման միջոցով` գրկախառնություններ, համբույրներ, միասին սննդի կամ խմիչքի ընդունում:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • քրոնիկ հեպատիտ C-ի հայտնաբերման առաջնային սքրինինգ
  • սուր հեպատիտի կլինիկական ախտանիշներ կամ լաբորատոր նշաններ
  • ոչ վաղ անցյալում վիրուսային հեպատիտ C-ով վարակման կասկած (HCV-ի ՌՆԹ-ի թեստի հետ միասին)
  • սքրինինգային հետազոտություններ, այդ թվում՝ նախավիրահատական նախապատրաստման համատեքստում
  • հղիության նախապատրաստման սքրինինգային հետազոտություն
  • բարձր ռիսկի խմբերի պատկանելություն՝ սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն, անպաշտպան սեռական հարաբերություններ, ապօրինի ներարկային թմրամիջոցների օգտագործում

Կենսանմուշի հանձնում

Հատուկ նախապատրաստություն չի պահանջում: Թեստը ցանկալի է անցկացնել ենթադրվող վարակումից ոչ վաղ, քան վեց ամիս անց:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Գործակից (Index)` որպես որակական (ոչ քանակական) թեստ:

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

  • Բացասական < 0,9
  • Սահմանային (0,9-1,0)
  • Դրական ≥ 1,0

Թեստի վերջնական արդյունքները տրվում են «դրական», «բացասական» կամ «կասկածելի» ձևով: Սքրինինգային թեստում ցածր և չափավոր բարձր նմուշ/շեմ հարաբերակցությամբ դրական արդյունք ստանալու դեպքում կատարվում է լրացուցիչ հաստատող հետազոտություն:

Արդյունքների մեկնաբանություն

Դրական

  • Հեպատիտ C կամ հեպատիտ C-ից հետո ռեկովալեսցենցիա: Չի կարելի տարբերակել սուր և քրոնիկ հեպատիտները, ինչպես նաև հեպատիտը և ռեկովալեսցենցիան: Անձինք, ում մոտ հայտնաբերվել է հեպատիտ C-ի նկատմամբ համակամարմիններ, ենթակա են նույն վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերման հետազոտության՝ ընթացիկ վարակը հաստատելու համար:

Բացասական

  • հեպատիտ C չի հայտնաբերվել
  • հեպատիտ C-ի գաղտնի (ինկուբացիոն) շրջանի առաջին 4-6 շաբաթներ
  • հեպատիտ C, շճաբացասական տարբերակ
  • իմունոդեֆիցիտով անձանց (ուռուցքային հիվանդություններով պացիենտներ), հեմոդիալիզ ստացող, իմունային համակարգն ընկճող դեղորայք ստացող, ինչպես նաև սուր հեպատիտ C-ի վաղ շրջաններում (վարակումից հետո մինչև 12 շաբաթ) Anti-HCV-ն կարող է բացակայել: Այս խմբերի պացիենտներին նպատակահարմար է սկրինինգն անցկացնել ինչպես HCV-ի նկատմամբ հակամարմինների, այնպես էլ HCV-ի ՌՆԹ-ի հայտնաբերման թեստերով:

Կասկածելի

  • Արդյունքն անորոշ է, չի կարելի բացառել ինչպես հակամարմինների առկայությունը, այնպես էլ բացակայությունը: Արդյունքների մեկնաբանումը պետք է կատարել՝ հաշվի առնելով անհատական իրավիճակները և կլինիկական տվյալները: HCV-ով վարակման ռիսկի գործոնների առկայության և թեստի անորոշ արդյունքի դեպքում նպատակահարմար է կրկնել թեստը 1-2 ամիս հետո` կարգավիճակը ճշտելու համար (թուլացած իմունիտետով անձանց կարող է անհրաժեշտ լինել HCV-ի ՌՆԹ-ի թեստ):

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-03-2024
Վերջին վերանայում՝ 26-03-2024