Skip to main content

Մարդու էպիդիդիմիսի սպիտակուց 4 - Օնկոմարկերներ

Միջազգային անվանում (հապավում). Human Еpididymis protein 4 (HE4)

Նկարագրություն

Մարդու էպիդիդիմիսի սպիտակուց 4-ը (HE4) համարվում է ուռուցքային մարկեր, որը խորհուրդ է տրվում նշանակել ձվարանների էպիթելիալ քաղցկեղի համալիր ախտորոշման, ինչպես նաև ավելի վաղ ախտորոշված քաղցկեղի հսկողության համար:

HE4-ը, ինչպես հուշում է անվանումը, իրենից ներկայացնում մարդու էպիդիդիմալ սեկրետոր սպիտակուց 4: Մինչ օրս ձվարանների քաղցկեղի ախտորոշման և հսկողության համար դասական համարվող CA 125 մարկերը ոչ միշտ է, որ տալիս է հավաստի տեղեկատվություն, քանի որ այն կարող է բարձրանալ նաև այլ տեղակայման քաղցկեղների, ինչպես նաև գինեկոլոգիական և ոչ գինեկոլոգիական բարորակ ուռուցքների ժամանակ:

Ըստ վերջին հետազոտությունների, վերջերս գործնական օգտագործում ստացած HE4-ը կարող է լրացնել CA 125-ի վերոնշյալ և մյուս «թերությունները»: Օրինակ, HE4-ը մի շարք գինեկոլոգիական և ոչ գինեկոլոգիական բարորակ ուռուցքների, ինչպես նաև ոչ ձվարանային տեղակայման քաղցկեղների նկատմամբ դրսևորում է ավելի բարձր սպեցիֆիկություն: Որպես միայնակ նշանակվող թեսթ, այն կարող է ձվարանների քաղցկեղը հայտնաբերել 72,9% զգայունությամբ և 95% սպեցիֆիկությամբ: Այս իմաստով, HE4-ը համարվում է ձվարանների քաղցկեղի 1-ին փուլի լավագույն մարկերը:

HE4-ի կեղծ-դրական բարձրացման հիմնական պատճառը համարվում է երիկամային անբավարարությունը, ուստի այս մարկերի պատասխանը պետք է մեկնաբանվի մեծ զգուշությամբ, եթե արյան կրեատինինի մակարդակը գերազանցում է 115 մկմոլ/լ-ը:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում, CA125-ի հետ միասին ձվարանների քաղցկեղի վաղ հայտնաբերման արդյունավետությունը բարձրացնելու և բարորակ ու չարորակ ախտահարումների տարբերակիչ ախտորոշման համար
  • Ձվարանի էպիթելիալ քաղցկեղի ռիսկի գնահատում, երբ փոքր կոնքում հայտնաբերվել է գոյացություն (CA125-ի հետ միասին և ROMA-ն հաշվարկելով)
  • Ձվարանների քաղցկեղի դեպքեր, երբ CA125 մակարդակը չի բարձրացել (որպես բուժման հսկողության այլընտրանքային մարկեր)
  • Ավելի վաղ ախտորոշված ձվարանների քաղցկեղի հսկողություն, որը բնորոշվում է HE4-ի բարձրացմամբ (հիվանդության զարգացման գնահատում, ռեցիդիվների հայտնաբերում)

Կենսանմուշ

HE4 թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Ցանկալի է արյունը հանձնել սննդի վերջին ընդունումից 4 ժամ անց: Որևէ պարտադիր պահանջ չունի:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

պմոլ/լ (pmol/L) (պիկոմոլ/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր (կանայք)

  • նախադաշտանադադար <70 պմոլ/լ
  • հետդաշտանադադար <140 պմոլ/լ

Արդյունքների մեկնաբանություն

HE4-ի մակարդակի բարձրացում

  • Չարորակ հիվանդություններ՝ ձվարանների էպիթելիալ քաղցկեղ, էնդոմետրիումի քաղցկեղ, թոքերի ոչ մանրբջջային քաղցկեղ (ձվարանների ավելի հազվադեպ հանդիպող քաղցկեղների ժամանակ այս մարկերի մակարդակը կարող է չբարձրանալ՝ մուցինոզ, հերմինատիվաբջջային ուռուցքներ)
  • Բարորակ հիվանդություններ, հատկապես երբ առկա է ուղեկցող երիկամային անբավարարություն

HE4-ի բարձրացած մակարդակը չի կարող համարվել քացկեղի ախտորոշման բացարձակ ցուցանիշ, քանի որ բարորակ ուռուցքների ժամանակ ևս այս մարկերի քանակը կարող է աճել: Ավելի նպատակահարմար է HE4-ի հետ միասին որոշել նաև CA125 թեսթը և արդյունքները մեկնաբանել ըստ հաշվարկված ROMA գործակցի:

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2019
Վերջին վերանայում՝ 01-06-2023