Լաբ թեստեր

Սոմատոտրոպ (աճի) հորմոն

hGH (STH)

Ընդհանուր նկարագրություն

Սոմատոտրոպ կամ մարդու աճի հորմոնը հիպոֆիզի կողմից արտադրվող հորմոն է, որը խթանում է ոսկրերի, մկանների և օրգան-համակարգերի աճը:

Սոմատոտրոպ հորմոնը կամ սոմատոտրոպինը (Human Growth Hormone, hGH) պեպտիդային հորմոն է, որն արտադրվում է հիպոֆիզի առաջնային բլթում՝ սոմատոստատինի և սոմատոլիբերինի հսկողության ներքո: Սնունդն ընդունելուց հետո այս հորմոնի արտադրությունը կտրուկ ընկճվում է, իսկ քաղցած վիճակում՝ բարձրանում շուրջ 15 անգամ:

Սոմատոտրոպ հորմոնի հիմնական ազդեցություններն են` գծային հասակի աճի խթանում, հյուսվածքների ամբողջականության և արյան շիճուկի գլյուկոզի այն մակարդակի պահպանում, որն անհրաժեշտ է գլխուղեղի գործությունն ապահովելու համար, ոսկրերի և մկանային հյուսվածքների աճի խթանում՝ աճի ինսուլինային գործոնների միջոցով, սպիտակուցների արտադրության արագացում՝ դրական ազոտային և ֆոսֆորային հավասարակշռության ապահովմամբ և միզանյութի մակարդակի նվազեցմամբ: Աճող հյուսվածքների կողմից իոնների պահանջարկի բարձրացման պայմաններում արգելակում է մեզով նատրիումի և կալիումի հեռացումը, իսկ աղներով կալցիումի ներծծումը խթանում է: Աճի հորմոնը խթանում է նաև ճարպային հյուսվածքներում ճարպերի քայքայումը, ճարպաթթուների մոբիլիզացիան և մկանների և լյարդի կողմից արյան շիճուկից դրանց կլանումը (որտեղ վերջիններս փոխակերպվում են գլյուկոզի): Հորմոնն ուժեղացնում է քրտնարտադրությունը:

Արյան գլյուկոզի վրա սոմատոտրոպ հորմոնը թողնում է ինսուլինին հակառակ ազդեցություն՝ խոչընդոտելով հյուսվածքների կողմից գլյուկոզի կլանումը:

Սոմատոտրոպ հորմոնն ազդում է նաև իմունային համակարգի վրա՝ բարձրացնելով T լիմֆոցիտների թիվը:

Հորմոնի սեկրեցիան ուժգնանում է ֆիզիկական աշխատանքի, խորը քնի, ցածր արյան շաքարի (հիպոգլիկեմիա), սպիտակուցներով հարուստ սննդակարգի ժամանակ:

Մինչև սեռահասունացումը սոմատոտրոպ հորմոնի բարձրացած սեկրեցիան բերում է գիգանտիզմի, իսկ չափահասների մոտ՝ ակրոմեգալիայի: Հակառակը, աճի շրջանում հորմոնի թերսեկրեցիան բերում է գաճաճության: Չափահասների մոտ սոմատոտրոպ հորմոնի նվազած արտադրությունը որևէ տեսանելի նշանների չի հանգեցնում:

Հետազոտության ցուցումներ

  • մարմնի հասակի աճի դանդաղում
  • մարմնի հասակի աճի արագացում
  • օստեոպորոզ
  • մկանային թուլություն
  • մազերի աճի խանգարումներ
  • հիպոգլիկեմիայի հակում (այդ թվում՝ ալկոհոլ ընդունելիս)
  • ուժեղացած քրտնարտադրություն
  • պորֆիրիա

Կենսանմուշ

«Սոմատոտրոպ (աճի) հորմոն» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հետազոտությանը նախորդող 3 օրերին պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (սպորտային մարզումներ), մեկ օր առաջ՝ ալլոհոլի օգտագործումը և մեկ ժամ առաջ՝ ծխախոտի օգտագործումը:

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Կենսանմուշը հանձնելուց անմիջապես առաջ, առնվազն 30 րոպեների ընթացքում հետազոտվողը պետք է գտնվի լիարժեք հանգիստ վիճակում:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մՄՄ/լ (միլի Միջազգային միավոր/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Միավորների փոխակերպում

նգ/մլ х 3,0 = մՄՄ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Չափահասներ՝ (0- 7,0) նգ/մլ
  • Երեխաներ՝ ըստ տարիքի փոփոխական

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք հGH, նգ/մլ իգական հGH, նգ/մլ, արական
0-10 տ. 0,120-7,79 0,094-6,29
10-17 տ. 0,123-8,05 0,077-10,8
21-77 տ. 0,126-9,88 < 0,030-2,47

Արդյունքների մեկնաբանություն

hGH մակարդակի բարձրացում

  • հիպոֆիզային գիգանտիզմ
  • հիպոֆիզի ացիդոֆիլ ադենոմա (ակրոմեգալիա)
  • հորմոնի էկտոպիկ սեկրեցիա (ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի կղզյակների, հարվահանագեղձերի, թոքերի ուռուցքներ)
  • Լերոնի գաճաճություն (սոմատոտրոպ հորմոնի ընկալիչների դեֆեկտ)
  • քրոնիկ երիկամային անբավարարություն
  • չկոմպենսացված շաքարային դիաբետ
  • հիպոգլիկեմիա
  • սովահարություն
  • ալկոհոլիզմ
  • հետվնասվածքային և հետվիրահատական վիճակ
  • որոշ դեղերի ընդունում՝ Ինսուլին, Կորտիկոտրոպին, Գլյուկագոն, էստրոգեններ, Նորադրենալին, Դոֆամին, Սերոտոնին, ալֆա-ադրենոխթանիչներ (Կլոնիդին), բետա-ադրենբլոկատորներ (Պրոպրանոլոլ, Ատենոլոլ), դոֆամինի ագոնիստներ (L-դոֆա), Բրոմկրիպտին (առողջների մոտ), Արգինին, վիտամին PP (ներերակային), պերօրալ հակաբեղմնավորիչներ

hGH մակարդակի նվազեցում

  • հիպոֆիզային գաճաճություն
  • հիպոպիտուիտարիզմ
  • մակերիկամների կեղևի հիպերֆունկցիա (Քուշինգի համախտանիշ)
  • անքնություն
  • յաթրոգեն ազդեցություններ՝ ճառագայթային բուժում, քիմիոթերապիա, վիրահատական միջամտություններ
  • հիպերգլիկեմիա զարգացնող գործոններ
  • որոշ դեղերի ընդունում՝ պրոգեստերոն, գլյուկոկորտիկոիդներ, ալֆա-ադրենոբլոկատորներ (Ֆենտոլամին), բետա-ադրենոմիմետիկներ (Իզոպրոտերենոլ, Դոպամին), սերոտոնինային ընկալիչների ներհակորդներ (Մետիսերիդ, Ցիպրոհեպտադին), Բրոմկրիպտի (ակրոմեգալիայի ժամանակ), ֆենոթիազինի ածանցյալներ, Սոմատոստատին, կորտիկոստերոիդներ

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Human Growth Hormone (Somatotropin, Somatotrop Hormone)

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ hGH (STH)

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: