Skip to main content

Ինհիբին B - Սուբստրատներ

Միջազգային անվանում (հապավում). Inhibin B (Inhibin B)

Նկարագրություն

Ինհիբին B-ն (Inhibin B) սեռական գեղձերի ոչ ստերոիդային գործոն է, որն արգելափակում է հիպոֆիզի FSH հորմոնի մակարդակը։

Ինհիբին B-ն օգտագործվում է կանանց մոտ որպես ձվարանների գործունեության մարկեր, իսկ տղամարդկանց մոտ՝ որպես սպերմատոգենեզի մարկեր։

Ինհիբինները գլիկոպրոտեիններ են, որոնք արտադրվում են կանանց մոտ ձվարանների գրանուլյոզ և տեկալ բջիջների, իսկ տղամարդկանց մոտ՝ Սերտոլի բջիջների կողմից։ Այս նյութերը կարևոր դեր են խաղում գամետոգենեզի կարգավորման մեխանիզմներում՝ մասնակցելով բացասական հետադարձ կապի մեջ, կարգավորելով հիպոֆիզի ֆոլիկուլախթանիչ հորմոնի (FSH) արտադրությունը և տեղային պարակրինային ազդեցություն թողնելով սեռական գեղձերի վրա։ Հղիության ընթացքում ինհիբիններ արտադրվում են նաև ընկերքի և պտղաթաղանթների կողմից։

Ինհիբինները կազմված են երկու՝ ալֆա և բետա շղթաներից։ Կենսաբանական ակտիվություն են դրսևորում միայն դիմեր մոլեկուլները՝ կազմված ալֆա և բետա ենթամիավորոներից։ Ինհիբին A-ն պարունակում է ալֆա և բետաA ենթամիավորներ, իսկ ինհիբին B-ն՝ ալֆա և բետա ենթամիավորներ։ Այս թեստով չափվում է միայն դիմեր ինհիբին B-ի մակարդակը։

Կանայք

Կանանց մոտ առկա է ինչպես ինհիբին A, այնպես էլ B։ Դաշտանային ցիկլի ընթացքում, FSH մակարդակից կախված, ինհիբին A-ն և B-ն ունենում են տատանման տարբեր պրոֆիլներ։

Ինհիբին A-ն իրեն դրսևորում է որպես դոմինանտային ֆոլիկուլի և դեղին մարմնի ակտիվության մարկեր, ուստի այս ինհիբինի հետազոտությունն օգտագործում են հղիության բարդությունների ախտորոշման մեջ (մակարդակի բարձրացում պրեէկլամպսիայի և պտղի մոտ Դաունի համախտանիշի ժամանակ)։

Ինհիբին B-ն արտացոլում է FSH-ի խթանման պատասխանի արդյունքում ֆոլիկուլյար աճը, ուստի ինհիբին B-ի մակարդակը համապատասխանում է առողջ վաղ անթրալ ֆոլիկուլների թվին։ Հետազոտությունները վկայում են, որ դաշտանի 3-5-րդ օրերին չափված ինհիբին B-ն կոռելացվում է ձվարանային խթանման պատասխանի հետ և կարող է օգտագործվել ձվազատման ինդուկցիայի նկատմամբ ձվարանների հնարավոր զգայունության գնահատման մեջ։ Ձվարանների ղեկավարելի խթանման ժամանակ ինհիբին B-ն, ինչպես էստրադիոլը, կարող է օգտագործվել ֆոլիկուլյար աճը հսկելու համար։

Ինհիբին B-ն կարող է օգտագործվել նաև վերարտադրողական գործունեության խանգարումներն ախտորոշելիս։ Ձվարանների գործունեության ընկճումն ուղեկցվում է ինհիբին B-ի մակարդակի նվազեցմամբ։ Ուշ վերարտադրողական տարիքում FSH-ի ընտրողական աճը, ինչպես ենթադրվում է, համարվում է ինհիբինի արտադրության ընկճման արդյունք, որը կապված է ձվարանային ֆոլիկուլների քանակի կրճատման հետ (տարիքային փոփոխությունների ընթացքում ինհիբին B-ն ֆոլիկուլյար փուլում նվազում է ավելի շուտ, քան ինբինին A-ի մակարդակը լյուտեինային փուլում)։

Դաշտանադադարի ժամանակ ինչպես ինբինին A-ն, այնպես էլ B-ն գործնականում նվազում են մինչև չհայտնաբերվող մակարդակներ։

Ինհիբին B-ի մակարդակը բարձրանում է ձվարանների գրանուլոզաբջջային ուռուցքների ժամանակ։

Տղամարդիկ

Տղամարդկանց արյան մեջ առկա է միայն ինհիբին B։ Ինհիբինները սկսում են ի հայտ գալ սաղմնային շրջանում և արդեն նորածնային տարիքում արյան մեջ կարելի է որոշել ինհիբին B-ն։ Վերջինիս սկսած 2-3 ամսական տարիքից սկսում է իջնել և պահպանվում ցածր մակարդակի վրա մինչև սեռահասունացման տարիքը։

Սեռահասունացման շրջանում ինհիբին B-ի մակարդակը սկսում է աճել (առավելագույն աճը՝ Տանների 1 և 2 փուլերի միջև), իսկ չափահաս տղամարդկանց մոտ պահպանվում հարաբերականորեն բարձր մակարդակի վրա՝ մինչև վերարտադրողական տարիքի ավարտը։

Չափահաս տղամարդկանց մոտ ինհիբին B-ի արտադրությունը խթանվում է FSH-ով, սակայն այս ազդեցությունը կախված է սպերմատոգենեզի վիճակից։ Սպերմատոգենեզի խանգարումն առաջացնում է ինհիբին B-ի մակարդակի անկում, ընդ որում, այսպիսի կապվածությունը լավ կորելացվում է։ Սպերմատոզոիդների զարգացման վաղ փուլերում արգելակումը դրսևորվում է ինհիբին B-ի ամենակտրուկ նվազեցմամբ։ Օբստրուկտիվ ազոոսպերմիայի և սպերմատիդի մակարդակում սպերմատոգենեզի արգելակման ժամանակ ինհիբինը կարող է լինել նորմալ միջակայքում, մինչդեռ «միայն Սերտոլի բջիջների առկայության» համախտանիշի ժամանակ ինհիբինը նվազում է մինչև չհայտնաբերվող մակարդակներ։

Ինհիբին B-ի և FSH-ի միաժամանակյա որոշումը բարձրացնում է առաջինի ախտորոշիչ նշանակությունը՝ բարձրացնելով սպերմատոգենեզի խանգարման ախտորոշման ինչպես զգայունությունը, այնպես էլ սպեցիֆիկությունը։ Այնուամենայնիվ, ինհիբին B-ի հետազոտությունը չի համարվում սպերմատոզոիդների տեստիկուլյար էքստրակցիայի (TESE) հնարավոր դրական արդյունքների գնահատման հուսալի ցուցանիշ։ Այլ հետազոտությունները վկայում են, որ ինհիբին B-ն կարող է օգտագործվել որպես ամորձիների վրա տոքսիկանտների ազդեցության վաղ մարկեր։ Մինչև սեռահասունացման տարիքը, երբ սպրեմատոգենեզը դեռ բացակայում է, ինհիբին B-ն կարող է հանդիսանալ տեստիկուլյար հյուսվածքի ամբողջականության մարկեր։

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Կանայք

  • ձվարանների գործունեության և ձվազատման խթանման նկատմամբ հնարավոր զգայունության գնահատում
  • ձվարանների գրանուլոզաբջջային ուռուցքների հայտնաբերում և հսկողություն (СА-125 թեստի հետ միասին)

Տղամարդիկ

  • սպերմատոգենեզի գնահատում
  • գոնադային տոքսիկանտների ազդեցության վաղ հայտնաբերում

Կենսանմուշ

Inhibin B թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում, սննդի վերջին ընդունումից առնվազն 8-14 ժամ առաջ (ջուր խմել կարելի է):

Հետազոտությունից մեկ օր առաջ բացառել հոգեհուզական և ֆիզիկական լարվածությունները (մարզական վարժանքներ) և ալկոհոլի ընդունումը, իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտը:

Կանայք, դաշտանային ցիկլի պահպանման դեպքում պետք է հետազոտվեն դաշտանի 3-5-րդ օրերը, եթե բուժող բժիշկն այլ հրահանգ չի տվել։

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Այլընտրանքային չափման միավոր

պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Կանայք

  • 0-18 տարեկան՝ < 83,0 պգ/մլ
  • > 18 տարեկան` < 341,0 պգ/մլ
  • ցիկլի 3-5 օրեր՝ < 273,0 պգ/մլ (մեդիանան՝ 75,0 պգ/մլ)
  • հետմենոպաուզա՝ < 4,0 պգ/մլ

Տղամարդիկ

  • 0-18 տարեկան՝ 4,0-352,0 պգ/մլ
  • > 18 տարեկան` 25,0-325,0 պգ/մլ (մեդիանան՝ 166,0 պգ/մլ)

Արդյունքների մեկնաբանություն

Ինհիբին B մակարդակի բարձրացում

Կանայք

  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • ձվարանների գրանուլոզաբջջային ուռուցքներ

Ինհիբին B մակարդակի նվազեցում

Կանայք

  • ուշ վերարտադրողական տարիքում ձվարանների գործունեության տարիքային նվազեցում
  • դաշտանադադար
  • ձվարանների վաղաժամ անբավարարություն
  • ձվարանների հեռացում
  • հակաուռուցքային քիմիոթերապիա

Տղամարդիկ

  • սպերմատոգենեզի խանգարում, հատկապես վաղ շրջաններ («միայն Սերտոլի բջիջներ» համախտանիշի ժամանակ, անհայտ պատճառներով, կարող է ստացվել ինհիբինի նորմալ մակարդակ)
  • հիպեր- և հիպոգոնադոտրոպային հիպոգոնադիզմ
  • գոնադային տոքսիկանտների ազդեցություն, ճառագայթում
  • հորմոնային հակաբեղմնավորիչներ

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2019
Վերջին վերանայում՝ 06-11-2023