Լաբ թեստեր
Ինսուլին

Ընդհանուր նկարագրություն
Ինսուլինը ածխաջրատային փոխանակության հիմնական կարգավորիչն է, որն նվազեցում է արյան շիճուկի գլյուկոզի մակարդակը:
Ինսուլինը (Insulin) 6000 դալտոն մոլեկուլյար կշռով պոլիպեպտիդային հորմոն է: Այն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների կողմից՝ պրոինսուլինի տրոհման արդյունքում: Մուտք գործելով արյան շրջանառության պորտալ համակարգ, հասնում է լյարդ, որտեղ էլ քայքայվում է: Ինսուլինի կիսաքայքայման պարբերությունը շատ կարճ է՝ 3-5 րոպե:
Ինսուլինն արտադրվում է «պուլսացվող» տատանումներով: Նորմայում այս հորմոնի սեկրեցիան խթանվում է արյան գլյուկոզի մակարդակի բարձրացմամբ (մոտ 2 րոպե անց): Ինսուլինի մակարդակի բարձրացումը ինսուլինային ընկալիչների միջոցով հյուսվածքներում առաջ է բերում գլյուկոզի կլանում ու ծախսի խթանում, որի արդյունքում արյան շիճուկի գլյուկոզի մակարդակը նվազում է, որն էլ իր հերթին պայմանավորում է ինսուլինի մակարդակի նվազեցումը:
Այնուամենայնիվ, որոշ հիվանդությունների ժամանակ (դիաբետ, ինսուլինոմա) այսպիսի կապը խանգարվում է: Ենթաստամոքսային գեղձի ինսուլին-արտադրող ուռուցքների՝ ինսուլոմայի ժամանակ պացիենտների արյան մեջ հայտնաբերվում է ինսուլինի ոչ համարժեք բարձր մակարդակ, որն իր հերթին դառնում է ախտաբանական հիպոգլիկեմիայի պատճառ:
Քաղցած վիճակում ինսուլինի մակարդակի որոշումը կարևոր ախտորոշիչ հետազոտություն է, որը սովորաբար նշանակվում է հիպոգլիկեմիկ վիճակների ախտածագումը ճշտելու և ինսուլինոման ախտորոշելու համար (երբեմն՝ տոլբուտամիդի նշանակմամբ պրովոկացիոն թեստի հետ միասին):
Շաքարային դիաբետով հիվանդների մոտ ինսուլինի մակարդակը տատանվում է լայն միջակայքում՝ կախված դիաբետի տեսակից կամ հիվանդության ընթացքից ու փուլից:
Ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա-բջիջների աուտոիմուն քայքայման դեպքում գրանցվում է ինսուլինի բացարձակ դեֆիցիտ (ինսուլինակախյալ կամ 1-ին տիպի դիաբետ): Ինսուլինի արտադրությունն աստիճանաբար նվազում է մինչև արյան մեջ գլյուկոզի մակարդակի շեղումների ի հայտ գալը:
Ոչ ինսուլինակախյալ կամ 2-րդ տիպի դիաբետի ժամանակ առաջանում է ինսուլինի նկատմամբ հյուսվածքային կայունություն (ռեզիստենտություն), և հորմոնի մակարդակը սովորաբար բարձրանում է:
Այնուամենայնիվ, ինսուլինի մակարդակի իմացությունը դեպքերի մեծ մասում ոչնչով չի օգնում դիաբետի տեսակը որոշելուն կամ նման հիվանդների բուժման մեթոդների ընտրությանը: Ահա թե ինչու ինսուլինի որոշումը չի հանդիսանում դիաբետի ախտորոշիչ չափորոշիչ:
Որոշ դեպքերում ինսուլինի մակարդակի որոշման անհրաժեշտությունը կարող է ծագել, երբ քննարկվում է ինսուլինի նկատմամբ բացարձակ կարիքի խնդիրը կամ դիաբետի խմելու դեղերին անցնելու հարցը:
Ինսուլինի հետազոտությունը նշանակվում է նաև մետաբոլիկ համախտանիշով հիվանդների, ինչպես նաև պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով կանանց կոմպլեքս հետազոտության մեջ:
Ինսուլինաթերապիա ստացող անձանց մոտ կամ այն դեպքերում, երբ էկզոգեն ինսուլինի նկատմամբ արյան մեջ ի հայտ են գալիս հակամարմիններ, հետազոտությամբ որոշված ինսուլինի մակարդակի ճիշտ մեկնաբանելը խիստ բարդանում է, և նման դեպքերում ավելի նպատակահարմար է նշանակել արյան C-պեպտիդի հետազոտություն:
Հետազոտության ցուցումներ
- հիպոգլիկեմիկ վիճակների ախտորոշում
- ինսուլինոմայի կասկած
- որոշ դեպքերում, դիաբետով հիվանդների մոտ ինսուլինի բացարձակ կարիքի հարցի որոշում
- ըստ անհրաժեշտության, մետաբոլիկ համախտանիշով հիվանդների ընդլայնված հետազոտության մեջ
- ըստ անհրաժեշտության, պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով հիվանդների ընդլայնված հետազոտության մեջ
Կենսանմուշ
«Ինսուլին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը հանձնելու նախորդ օրը պարտադիր կերպով բացառել ալկոհոլի ընդունումը, իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտի ընդունումը:
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց) : Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մկՄ/մլ (միկրոմիավոր/մլ)
Այլընտրանքային չափման միավոր
մՄ/լ (միլիմիավոր/լիտր), պմոլ/լ (պիկոմոլ/լիտր)
Միավորների փոխակերպում
պմոլ/լ x 0,144 = մկՄ/մլ, մՄ/լ = մկՄ/մլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ` 2,0- 25,0 մկՄ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
Ինսուլինի մակարդակի բարձրացում
- ինսուլինոմա
- ոչ ինսուլինակախյալ (2-րդ տիպի) դիաբետ
- լյարդի հիանդություններ
- ակրոմեգալիա
- Քուշինգի համախտանիշ
- միոտոնիկ դիստրոֆիա
- երիկամային անբավարարություն
- ֆրուկտոզի և գալակտոզի ընտանեկան անտանելիություն
- գիրացում կամ ճարպակալում
- ինսուլինի կամ հիպոգլիկեմիկ դեղերի ընդունում
- դեղորայքային փոխազդեցություն՝ Ացետոհեքսամիդ, Ալբուտերոլ, ամինաթթուներ, Կալցիումի գլյուկոնատ (նորածիններ), Քլորպրոպամիդ, Ցիպրոգեպտադին (ոչ դիաբետիկներ), Դանազոլ, Ֆրուկտոզ, Գլյուկագոն, Գլյուկոզ, աճի հորմոն, Լևոդոպա (պարկինսոնիզմի բուժում), Մեդրքսիպրոգեստերոն, Նիացին (բարձր դեղաչափեր), հակաբեղմնավորիչ օրալ հաբեր, Պանկրեոզիմին (ն/ե), Ֆենտոլամին (ինֆուզիա), Պրեդնիզոլոն, Խինիդին, Սեկրետին (ն/ե), Սպիրոնոլակտոն, Սախարոզ, Տերբուտալին, Տոլազամիդ, Տոլբուտամիդ
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Insulin
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ INS
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 09-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: