Լաբ թեստեր
Լակտատ (կաթնաթթու)

Ընդհանուր նկարագրություն
Լակտատն օրգանիզմի թթվահիմնային վիճակի կարևոր ցուցանիշ և հյուսվածքների հիպոպերֆուզիայի մարկեր է:
Կաթնաթթուն (լակտատ, lactate) գլյուկոզի անաերոբ մետաբոլիզմի (գլիկոլիզի) արդյունքն է, որի ընթացքում այն առաջանում է պիրուվատից՝ լակտատդեհիդրոգենազի ազդեցությամբ: Թթվածնի բավարար մատակարարման պայմաններում պիրուվատը նյութափոխանակության է ենթարկվում միտոքոնդրիումներում՝ մինչև ջրի և ածխաթթու գազի, մինչդեռ անաերոբ պայմաններում պիրուվատից առաջանում է կաթնաթթու: Արյան մեջ կաթնաթթվի հիմնական մասը կուտակվում է կմախքային մկանուքից, ուղեղից և էրիթրոցիտներից:
Լակտատի կլիրենսը (արյան մեջ անհետանալը) գլխավորապես կապված է լյարդում և երիկամներում այս նյութի մետաբոլիզմի հետ: Լյարդի կողմից լակտատի կապելը հանդիսանում է հագեցման պրոցես:
Լակտատի մակարդակը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կոռելացվում է հոգնածության զարգացման հետ: Պաթոլոգիաների ժամանակ լակտոացիդոզը (լակտատի կուտակման պատճառով արյան թթվայնացումը) ավելի հաճախ գրանցվում է հյուսվածքների անբավարար թթվածնային մատակարաման (Ա տիպ), արյունամատակարարման նվազեցման (շոկ, սեպսիս) կամ թթվածնի պարցիալ ճնշման նվազեցման պատճառով (երիկամների ծանր հիվանդություններ, շունչը պահելը): Ավելի հազվադեպ լակտոացիդոզի պատճառ կարող են հանդսանալ լակտատի արտադրության ուժեղացմամբ զուգակցվող մետաբոլիկ տեղաշարժերը (В տիպ), օրինակ՝ մկանային ակտիվության բարձրացման (ծանր ֆիզիկական բեռնվածություն, էպիլեպտիկ ստատուս), ուռուցքների (հատկապես՝ լեյկեմիաներ և լիմֆոմաներ) կամ լյարդի գերակտիվության փոփոխման ժամանակ (ալկոհոլային ինտոքսիկացիա):
Լակտատային ացիդոզը՝ մետաբոլիկ ացիդոզի տարբերակներից մեկը, որի մասին կարելի է կասկածել կտրուկ անիոնային դեֆիցիտի դեպքում (նատրիումի և քլորիդներ-բիկարբոնատների գումարային մակարդակների տարբերությունը՝ > 18 մմոլ/լ) այնպիսի պատճառների բացակայության դեպքում, ինչպիսիք հանդիսանում են երիկամային անբավարարությունը, սալիցիլատների ընդունումը, մեթանոլով թունավորումը, էթանոլի չարաշահումը, զգալի կետոնեմիան:
Հետազոտության ցուցումներ
- շոկի և/կամ արյան շրջանառության խանգարումների ժամանակ հյուսվածքների թթվածնային մատակարարման գնահատում
- ացիդոզի պատճառների գնահատում
- մետաբոլիկ ացիդոզի պատճառների ախտորոշում
- հյուսվածքների պերֆուզիայի և թթվածնի մատակարարման ադեկվատության գնահատում
- սպորտային ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում հետազոտություններ
- միոպաթիաների տարբերակիչ ախտորոշում
- նորածինների մոտ էնզիմոպաթիաների տարբերակիչ ախտորոշում
- նորածինների ասֆիքսիա
- 2-րդ տիպի շաքարային դիաբետ
Կենսանմուշ
«Լակտատ (կաթնաթթու)» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Անհրաժեշտ է արյունը վերցնելուց անմիջապես առաջ բացառել դաստակի կամ ձեռքի ծանրաբեռնվածությունը: Արյունը ցանկալի է վերցնել առանց ժգուտի տեղադրման, կամ անմիջապես ժգուտը դնելուց հետո: Ցենտրիֆուգացումը՝ հնարավորինս արագ, որից հետո անհրաժեշտ է առանձնացնել պլազման արյան ձևավոր տարրերից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մմոլ/լ (միլիմոլ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր )
Միավորների փոխակերպում
մգ/դլ х 0,111 = մմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
երակային արյուն՝ (0,5-2,2) մմոլ/լ
Արդյունքների մեկնաբանություն
Լակտատի (կաթնաթթվի) մակարդակի բարձրացում (լակտացիդոզ)
- քրոնիկական ալկոհոլիզմ
- սուր արյունահոսություններ
- ծանր սուր կանգային սրտային անբավարարության կամ անոթային կոլապսի այլ պատճառներ
- սրտի հիվանդություններ՝ ցիանոզով ընթացող կամ սուր հիպօքսիայի այլ պատճառներ
- էքստրակորպորալ շրջանառություն
- մեղմ ուրեմիա
- վարակներ, հատկապես՝ պիելոնեֆրիտ
- լյարդի ցիռոզ
- հղիության երրորդ եռամսյակ
- ծանր անոթային հիվանդություններ
- լեյկոզներ
- անեմիաներ, ծանր անեմիաներ
- ենթասուր բակտերիալ էնդոկարդիտ
- լեյկոզներ
- պոլիոմիելիտ
- շաքարային դիաբետ (հիվանդների գրեթե 50%-ը)
- ֆիզիկական բեռնվածություն
- հիպովինտիլյացիա
- գլյուկագոնի ազդեցություն
- գլիկոգենոզներ
- ինսուլինի ներարկում
- Ռեյնոի համախտանիշ
- դեղերի փոխազդեցություն՝ ասպիրինով ինտոքսիկացիա, ադրենալին, էթանոլ, ֆրուկտոզ, գլյուկոզ, իզոնիազիդ (գերդոզավորում), մետֆորմին, մեթիլպրեդնիզոլոն, նալիդիքսաթթու, ֆենֆորմին, պրոպիլենգլիկոլ (ներարկումների ժամանակ՝ լուծիչը), նատրիումի բիկարբոնատ ն/ե, սախարոզա, տերբուտալին, տետրակոզակտրին
Լակտատի (կաթնաթթվի) մակարդակի նվազեցում
- անեմիաներ
- քաշի կորուստ
- դեղերի փոխազդեցություն՝ մեթիլեն կապույտ, մորֆին
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Lactate
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ LACT
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 26-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: