Լաբ թեստեր

ԼԴՀ

LDH

Ընդհանուր նկարագրություն

Լակտատդեհիդրոգենազը գլիկոլիտիկ ֆերմենտ է, որը մասնակցում է գլյուկոզի փոխանակության վերջնային փուլերին՝ կատալիզացնելով պիրուվատի փոխակերպվելը լակտատի:

Լակտատդեհիդրոգենազի (Lactate dehydrogenase, LDH) մյուս անվանումներն են՝ L-լակտատ, NAD + օքսիդոռեդուկտազա: Այն ցինկ պարունակող ցիտոպլազմատիկ ֆերմենտ է, որը հայտնաբերվում է գործնականում մարդու բոլոր օրգաններում և հյուսվածքներում:

ԼԴՀ-ի ամենաբարձր ակտիվությունը գրանցվում է երիկամներում, լյարդում, սրտում, կմախքային մկաններում, ենթաստամոքսային գեղձում և արյան բջիջներում: Էրիթրոցիտներում ԼԴՀ-ի մակարդակը 100 անգամ ավելի է, քան արյան շիճուկում: Երեխաների մոտ ԼԴՀ-ի ակտիվությունը քիչ գերազանցում է չափահասների նույն ակտիվությանը: Տարիքի հետ արյան շիճուկի ԼԴՀ-ի ակտիվությունը հարթ կերպով նվազում է:

ԼԴՀ-ի ակտիվությունը կախված է հետազոտման մեթոդից: Ֆիզիոլոգիական պայմաններում այս ֆերմենտի ակտիվությունն աճում է հղիների, նորածինների, ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածություններից հետո: Կանանց մոտ ԼԴՀ-ի ակտիվությունը քիչ ցածր է, քան տղամարդկանց մոտ:

Սովորաբար արյան շիճուկի ԼԴՀ-ի մակարդակի ամենաբարձր աճը գրանցվում է մեգալոբլաստիկ անեմիայի, դիսեմինացված կարցիոնամայի և շոկի ժամանակ: ԼԴՀ-ի ակտության չափավոր աճ հաճախ դիտարկվում է մկանային հիվանդությունների, նեֆրոտիկ համախտանիշի և լյարդի ցիռոզի ժամանակ: Ֆերմենտի մակարդակը թեթևակի կարող է բարձրանալ սրտամկանի կամ թոքերի ինֆարկտների, լեյկեմիայի, հեմոլիտիկ անեմիայի և ոչ վիրուսային հեպատիտների ժամանակ:

Սրտամկանի ինֆարկտից 12-24 ժամ անց ԼԴՀ-ի ակտիվությունն աճում և պահպանվում է մինչև 10 օրվա ընթացքում: ԼԴՀ-ի ակտիվությունը կախված է սրտամկանի նեկրոզի չափսից, իսկ հետինֆարկտային շրջանում ֆերմենտի մակարդակի նվազեցման դինամիկան՝ սրտամկանի վերականգնողական գործընթացների ինտենսիվությունից:

ԼԴՀ-ի ակտիվության որոշումը թույլ տալիս տարբերակել իսկական ինֆարկտը կլինիկապես գրեթե չտարբերվող ստենոկարդիայի նոպայից: Եթե սրտամկանի ինֆարկտի ժամանակ ԼԴՀ-ի գումարային ակտիվությունն աճում է՝ գերազանցելով նորման մի քանի անգամ, ապա ստենոկարդիայի նույնիսկ ծանր նոպաների ժամանակ ԼԴՀ-ի ակտիվությունը մնում է նորմայի սահմաններում:

Հետինֆարկտային շրջանում ԼԴՀ-ի ակտիվության նվազեցումն ընթանում է երկու անգամ ավելի դանդաղ, քան սրտամկանի վնասման մյուս մարկերներինը՝ օրինակ կրեատինինկինազինն ու ԱՍՏ-ինը. սա կարևոր նշանակություն է ստանում հատկապես սրտամկանի իշեմիկ վնասման ուշ ախտորոշման պայմաններում:

Հետազոտության ցուցումներ

  • հեպատոբիլիար համակարգի հիվանդություններ
  • սրտամկանի ինֆարկտ (վաղ ախտորոշում, տարբերակիչ ախտորոշում և հսկողություն)
  • ուռուցքներ
  • հեմոլիզով ընթացող անեմիաներ

Կենսանմուշ

«ԼԴՀ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/լ (միավոր/լ)

Այլընտրանքային չափման միավոր

մկկատ/լ (միկրոկատալ/լիտր)

Միավորների փոխակերպում

Մ/լ x 0,0167 = մկկատ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ՝ մինչև 250 Մ/լ

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք, սեռ ԼԴՀ, Մ/լ
Կանայք 135-214
Տղամարդիկ 135 - 225
Երեխաներ (2-15 տ.) 120-300
Նորածիններ (4 - 40 օր.) 225-600

Արդյունքների մեկնաբանություն

ԼԴՀ մակարդակի (ակտիվության) բարձրացում

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Lactate dehydrogenase

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ LDH

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: