Լաբ թեստեր
Լյուտեինացնող հորմոն

Ընդհանուր նկարագրություն
Լյուտեինացնող հորմոնը հիպոֆիզի առաջնային բլթի բազոֆիլ բջիջների կողմից արտադրվող գլիկոպրոտեիդային գոնադոտրոպ հորմոն է, որի սեկրեցիայն վերահսկվում է հիպոթալամուսի ռիլիզինգ-գործոնների կողմից:
Լյուտեինացնող հորմոնը (Luteinizing hormone, LH) ֆոլիկուլախթանիչ հորմոնի հետ միասին պատկանում է գոնաոտրոպինային հորմոնների ընտանիքին: Այս երկու հորմոնները միասին սիներգիկ կերպով կարգավորում և խթանում են գոնադների (ձվարաններ և ամորձիներ) աճն ու ֆունկցիաները:
LH-ը գլիկոպրոտեին է՝ կազմված երկու ենթամիավորներից՝ ալֆա և բետա շղթաներից: Մոլեկուլյար զանգվածը շուրջ 29,5 հազար Դալտոն է:
LH-ի սեկրեցիան ունի պուլսային բնույթ և կանանց մոտ կախված է օվուլյացիոն ցիկլի փուլից: Սեռահասունացման շրջանում LH-ի մակարդակը բարձրանում է՝ մոտենալով չափահասների մակարդակին: Դաշտանային ցիկլի ընթացքում LH-ի մակարդակի գագաթնակետը համընկնում է օվուլյացիայի հետ, որից հետո հորմոնի մակարդակը նվազում է՝ ամբողջ լյուտեինացման փուլում պահպանվելով ավելի ցածր մակարդակի վրա, քան ֆոլիկուլյար փուլում էր: Հղիության ընթացքում LH-ի մակարդակը նվազում է: Հետդաշտանադադարի շրջանում տեղի է ունենում ինչպես LH-ի, այնպես էլ ֆոլիկուլախթանիչ հորմոնի մակարդակների բարձրացում:
Կանանց մոտ LH-ը խթանում է էստրոգենների սինթեզը, կարգավորում է պրոգեստերոնի սեկրեցիան և դեղին մարմնի ձևավորումը: LH-ի սահմանային բարձր մակարդակն առաջ է բերում օվուլյացիա և խթանում դեղին մարմնում պրոգեստերոնի սինթեզը:
Տղամարդկանց մոտ LH-ը խթանում է սեռական հորմոնները կապող գլոբուլինի (SHBG) առաջացումը, բարձրացնում տեստոստերոնի նկատմամբ սերմնախողովակների թափանցելիությունը: Վերջին ազդեցությամբ բարձրանում է արյան պլազմայում տեստոստերոնի մակարդակը, որն էլ նպաստում է սպերմատոզոիդների հասունացմանը: Իր հերթին տեստոստերոնը դադարեցնում է LH-ի սեկրեցիան: Տղամարդկանց մոտ LH-ն աճում է 60-65 տարեկան հասակում:
Շատ կարևոր է LH/FSH հարաբերակցությունը, որը մինչև մենարխեն հավասար է 1-ի, մենարխեից մեկ տարի անց՝ 1-1,5, իսկ սկսած երկու տարի անցից մինչև դաշտանադադարը՝ 1.5-2:
Հետազոտության ցուցումներ
- հիրսուտիզմ
- լիբիդոյի և սեռական պոտենցիայի նվազում
- անօվուլյացիա
- օլիգոմենորեա և ամենորեա
- անպտղություն
- դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ
- անհաջող հղիություններ
- վաղաժամ սեռահասունացում կամ սեռահասունացման դանդաղում
- աճի դանդաղում
- սեռական ինֆանտիլիզմ
- պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
- էնդոմետրիոզ
- հորմոնային բուժման արդյունավետության գնահատում և հսկողություն
Կենսանմուշ
«Լյուտեինացնող հորմոն» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը հանձնելուց 3 օր առաջ անհրաժեշտ է բացառել ֆիզիկական լարվածությունը, իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտի օգտագործումը: Արյան կենսանմուշը վերցնելուց անմիջապես առաջ հետազոտվողը պետք է գտնվի հանգիստ պայմաններում:
Կենսանմուշը պետք է հանձնել նստած կամ պառկած դիրքում, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Հետազոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի 6-7-րդ օրերին, եթե բուժող բժշկի կողմից այլ ժամկետներ չեն սահմանվել: Անկանոն օվուլյատոր ցիկլերի դեպքում ցիկլի օվուլյարությունը որոշելու համար LH-ի հետազոտությունը պետք է կատարել ենթադրվող ցիկլի 8-18-րդ օրերին՝ յուրաքանչյուր օր:
Ելնելով LH-ի և ֆոլիկուլախթանիչ հորմոնի սեկրեցիայի պուլսացվող բնույթից, ցանկալի է այս երկու հետազոտությունները կատարել արյան երեք նմուշների միջոցով՝ 30 րոպեանոց ինտերվալներով:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մՄՄ/մլ (միլի Միջազգային միավոր/միլիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
ՄՄ/լ (միջազգային միավոր/լիտր)
Միավորների փոխակերպում
ՄՄ/լ = մՄՄ/մլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
LH, մՄՄ/մլ | |
Տղամարդիկ | (1,7-8,6) |
Կանայք | |
Ֆոլիկուլյար փուլ | (2,4-12,6) |
Օվուլյացիայի փուլ | (14,0-95,6) |
Լյուտեինային փուլ | (1,0-11,4) |
Հետդաշտանադադարի փուլ | (7,7-58,5) |
Արդյունքների մեկնաբանություն
LH մակարդակի բարձրացում
- հիպոֆիզի բազոֆիլ ադենոմա
- հիպերգոնադոտրոպային հիպոգոնադիզմ, ձվարանների հյուծման համախտանիշ (կանանց մոտ)
- պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
- էնդոմետրիոզ
- Շերշևսկի-Տերների համախտանիշ (46, X0)
- տեստիկուլյար ֆեմինիզացիա
- սովահարություն
- սպորտային մարզանքներ
- երիկամային անբավարարություն
- տղամարդկանց մոտ՝ ամորձիների ատրոֆիա դրանց բորբոքային հիվանդություններից հետո (խոզուկ, գոնորեա)
- որոշ դեղերի ընդունում՝ Բոմբեզին, Բրոմկրիպտին, Ֆինաստերիդ, Գոզերելին (բուժման առաջին ամիս), Կետոկոնազոլ, Մեստրանոլ, Նալոքսոն, Նիլուտամիդ, Օքսկարբազեպին, Ֆենիտոին, Սպիրոնոլակտոն, Տամոքսիֆեն, Տրոլենադոմիցին
LH մակարդակի նվազեցում
- երկրորդային (հիպոթալամիկ) ամենորեա
- հիպերպրոլակտինեմիա
- հիպոգոնադոտրոպային հիպոգոնադիզմ (կենտրոնական ձև)
- հիպոֆիզար նանիզմ
- Շիհանի համախտանիշ
- Սամոնդսի հիվանդություն
- Դենի-Մորֆանի համախտանիշ
- պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (ատիպիկ ձև)
- լյուտեինային փուլի անբավարարություն
- գիրացում
- ծխախոտի օգտագործում
- վիրաբուժական միջամտություններ
- սթրես
- որոշ դեղերի ընդունում՝ անաբոլիկ ստերոիդներ, հակացնցումային դեղեր, Կարբամազեպին, կոնյուգացված էստրոգեններ, Ցիպրոտերոն, Դանազոլ, Դիէթիլսիլբեստրոլ, Դիգոքսին, Դոպամին, Գոզերելին, Մեգեստրոլ, Մետանդրոսենոլոն, Նորէտինդրոն, Օկտրեոտիդ, պերօրալ հակաբեղմնավորիչներ, Ֆենոթիազիդ, Ֆենիտոին, Տիմոզիդ, Պրավաստատին, Պրոգեստերոն, Ստանոզոլոլ, Տամոքսիֆեն, Թիորիդազին, Վալպրոյաթթու
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Luteinizing Hormone
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ LH
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: