Լաբ թեստեր

Լիպազա

LIP

Ընդհանուր նկարագրություն

Լիպազան տրիգլիցերիդների քայքայումը (հիդրոլիզը) կատալիզացնող ֆերմենտ է:

Լիպազան կամ տրիացիլգլիցերոպացիլհիդրոլազը (Lipase, LIP) պատասխանատու է բարակ աղիներում չեզոք ճարպերի՝ տրիգլիցերիդների քայքայման համար: Տրիգլիցերիդները համարվում են գլիցերոլի և բարձրագույն կարբոնաթթուների բարդ եթերները:

Արյան շիճուկում լիպազայի մակարդակը տղամարդկանց և կանանց միջև հավաստիորեն չի տարբերվում: Ենթաստամոքսային գեղձի բորբոքումների ժամանակ այս ֆերմենտը մուտք է գործում արյան հուն: Սուր պանկրեատիտից հետո լիպազայի ակտիվությունն արյան շիճուկում աճում է արդեն 4-8 ժամ անց՝ հասնելով իր գագաթնակետին 24 ժամ անց և նվազելով 8-14-րդ օրերին:

Պանկրեատիտների ժամանակ լիպազայի որոշումն ունի ավելի մեծ կլինիկական զգայունություն և սպեցիֆիկություն, քան ընդհանուր ամիլազայի թեստը: Էպիդեմիկ պարոտիտի ժամանակ ֆերմենտի մակարդակը մնում է նորմալ միջակայքում ենթաստամոքսային գեղձի ախտահարման բացակայության պայմաններում: Երկու ֆերմենտների միաժամանակյա որոշումը թույլ է տալիս ենթաստամոքսային գեղձի ախտահարումը ճշգրտորեն ախտորոշել 98% դեպքերում:

Հետազոտության ցուցումներ

  • սուր պանկրեատիտ
  • ստամոքսի թափածակող խոց
  • քրոնիկ պանկրեատիտ
  • սուր խոլեցիստիտ
  • բարակաղիքային անբավարարություն
  • սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն
  • ալկոհոլիզմ
  • դիաբետիկ կետոացիդոզ
  • լյարդի ցիռոզ
  • օրգանների փոխպատվաստում

Կենսանմուշ

«Լիպազա» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/լ (միավոր/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ՝ (13-60) Մ/լ

Արդյունքների մեկնաբանություն

Լիպազայի մակարդակի (ակտիվության) բարձրացում

  • սուր պանկրեատիտ (ֆերմենտի ակտիվության բարձրացած արժեքները պահպանվում են հիվանդությունը սկսվելուց 3-7 օրվա ընթացքում և այլ իմասով հանդիսանում է ավելի սպեցիֆիկ մարկեր, քան ամիլազը)
  • ենթաստամոքսային գեղձի նորագոյացություններ
  • ենթաստամոքսային գեղձի քրոնիկ հիվանդություններ
  • էպիդեմիկ պարոտիտ՝ ենթաստամոքսային գեղձի ախտահարմամբ
  • ներորովայնային հիվանդություններ, ներառյալ՝ ստամոքսի թափածակում, աղիների թափածակում, 12-մատյա աղու պեպտիկ խոց, պատռված որովայնային արոտայի անրևիզմայի պատռում, հեպատոբիլիար հիվանդություններ (լեղային խիթ, ներլյարդային խոլեսթազ), պերիտոնիտ
  • լիպիդների նյութափոխանակության խանգարումներով ընթացող հիվանդություններ՝ գիրացում, շաքարային դիաբետ, պոդագրա
  • նեյրովիրաբուժական վիճակներ
  • որոշ դեղերի ընդունում՝ Հեպարին, թմրաբեր ցավազրկողներ, բարբիտուրատներ և այլ դեղեր, որոնք առաջացնում են Օդիի սեղմանի կծկում, Ինդոմետացին

Լիպազայի մակարդակի (ակտիվության) նվազեցում

  • ուռուցքային հիվանդություններ (բացառությամբ ենթաստամոքսային գեղձի կարցինոմայի)
  • տրիգլիցերիդների ավելցուկ (ժառանգական հիպերլիպիդեմիաների ժամանակ ոչ ճիշտ սննդակարգ)

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Lipase

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ LIP

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 27-10-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: