Լաբ թեստեր

Մոնոցիտներ

MONO

Ընդհանուր նկարագրություն

Մոնոցիտները չհատվածավորված ոլոռանման կորիզով խոշոր լեյկոցիտներ են, որոնք ապահովում են օրգանիզմի ոչ սպեցիֆիկ բջջային իմունիտետը:

Մոնոցիտները (Monocytes, MNC) կազմում են շրջանառող արյան լեյկոցիտների 2-10 %-ը, ունեն 12-18 մկմ տրամագիծ, արյան մեջ շրջանառում են 70 ժամ, ապա գաղթում հյուսվածքներ, որտեղ ապրում են մինչև 60 օր՝ պահպանելով արյան հուն վերադառնալու ունակությունը: Որոշ ենթատեսակներ կարող են ապրել մինչև մի քանի տարի:

Հյուսվածքներում մոնոցիտները հասունանում և վերափոխվում են հյուսվածքային մակրո‎ֆագերի, որոնց բնորոշ է մեծ քանակով լիզոսոմների առկայությունը, կեղծ ոտիկների առաջացումը:

Մոնոցիտների ֆունկցիան նման է գրանուլոցիտների ֆունկցիաներին, սակայն օժտված են ավելի բարձր ֆագոցիտար ակտիվությամբ (հատկապես մանէների, սնկիկների և մակրոմոլեկուլների նկատմամբ): Բորբոքային օջախում մակրոֆագները ճանաչում, կլանում և քայքայում են մանրէները, մահացած լեյկոցիտները, բորբոքված հյուսվածքի վնասված բջիջները՝ նախապատրաստելով վնասված հյուսվածքների ռեգեներացիան:

Կատարում են բազմաթիվ ‎ֆունկցիաներ: Ի հաշիվ ֆագոցիտային և բակտերիասպան հատկությունների՝ համարվում են օրգանիզմի ոչ սպեցիֆիկ ռեզիստենտության բջջային գործոնները: Իրականացնելով պաշտպանական ‎ֆունկցիա՝ մոնոցիտները կանխում են ախտածին մանրէների զարգացումը, կլանում և քայքայում ախտահարված էրիթրոցիտները, ծերեցած բջիջները, բնափոխված սպիտակուցները: Մեկ մոնոցիտը կլանում է 100 մանրէ, որի համար կոչվում է մակրո‎ֆագ:

Մոնոցիտոզը մոնոցիտների բացարձակ թվի բարձրացումն է՝ ավելի քան 1000՝ մեկ միկրոլիտրում:

Հետազոտության ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Կենսանմուշ

«Մոնոցիտներ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

  • բացարձակ թիվ (MONO#)՝ x 109 բջիջ/լ (միլիարդ հատ 1 լիտրում)
  • տոկոս (ֆրակցիա) (MONO%)՝ լեյկոցիտների մեջ տոկոսը (%)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործման միջակայքեր (չափահասներ)

  • Մոնոցիտների բացարձակ քանակ (MONO#)՝ 0,2-1,0 x 109
  • Մոնոցիտների ֆրակցիա (MONO%)՝ 3-10 %

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք Մոնոցիտների տոկոսային մասնաբաժին (MONO%)
1-15 օր. 5 - 15
15 օր.-12 ամս. 4 - 10
12 ամս. - 2 տ. 3 - 10
2-15 տ. 3 - 9
≥ 15 տ. 3-11

Արդյունքների մեկնաբանություն

Մոնոցիտների թվաքանակի բարձրացում (մոնոցիտոզ)

  • սուր և քրոնիկ վարակիչ և բորբոքային հիվանդություններ
  • վիճակ տարած վարակիչ հիվանդությունից հետո
  • աուտոիմուն հիվանդություններ
  • չարորակ նորագոյացություններ
  • օնկոհեմատոլոգիական հիվանդություններ
  • թունավորում տետրաքլորէթանով, ֆոսֆորով

Մոնոցիտների թվաքանակի նվազեցում (մոնոպենիա)

  • թարախածին վարակներ
  • ապլաստիկ անեմիաներ
  • շոկային վիճակներ
  • անեմիաներ
  • օնկոհեմատոլոգիական հիվանդություններ
  • որոշ դեղերի ընդունում՝ գլյուկոկորտիկոիդներ, ցիտոստատիկներ և այլն

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Monocytes

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ MONO

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: