Միջազգային անվանում (հապավում). МYC. H. IgG (Mycoplasma hominis IgG)
Նկարագրություն
Միկոպլազմաները ներբջջային միկրոօրգանիզմների խումբ է՝ 115-200 նմ չափսերով գրամ-բացասական բակտերիաներ, որոնք չունեն խիտ բջջային պատ և ծածկված են եռաշերտ ցիտոպլազմային թաղանթով: Նկարագրված են միկոպլազմայի մի քանի շտամներ:
Պայմանականորեն, միկոպլազմաները բաժանվում են 6 խմբի՝ կախված մարդու մոտ դրանց պատճառած հիվանդություններից: Տղամարդկանց և կանանց մոտ միզասեռական տրակտի ախտահարումներ առաջացնող միկոպլազմայի խումբը ներառում է Mycoplasma hominis բակտերիայի I և II տեսակները և Ureaplasma urealyticum-ը:
Միկոպլազմները բնութագրվում են բազմաձևությամբ (պոլիմորֆիզմ) և յուրահատուկ կյանքի ցիկլով։ Վարակման աղբյուրը միկոպլազմոզով հիվանդ մարդն է կամ միկոպլազմա կրող առողջ մարդը:
Միզասեռական ուղու միկոպլազմային վարակները հաճախ զուգորդվում են գոնոկոկերի, տրիխոմոնասի, այլ պայմանական-ախտածին միկրոօրգանիզմների հետ, փոխանցվում են սեռական հարաբերությունների ընթացքում, կարող են առաջացնել ոչ գոնոկոկային միզուկաբորբ (ուրեթրիտ) և շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ), փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ, հղիության և պտղի խանգարումներ, կանանց և տղամարդկանց անպտղություն, ինչպես նաև նորածինների պերինատալ վարակներ:
Mycoplasma hominis վարակի ախտորոշումը մանրէաբանական մեթոդների միջոցով դժվարացած է, քանի որ in vitro պայմաններում այս միկրոօրգանիզմի կուլտիվացիան դժվար է: M. hominis վարակի ախտորոշման ժամանակակից համարժեք մեթոդը ՊՇՌ-ն է, որն ուղղված է հարուցիչի ԴՆԹ-ի հայտնաբերմանը:
Շճաբանական (սերոլոգիական) մեթոդները (արյան շիճուկում հակամարմինների հայտնաբերում) ավելի քիչ կիրառություն ունեն, քանի որ M. hominis-ի ներբջջային տեղայնացման պատճառով այդ միկրոօրգանիզմների դեմ օրգանիզմի իմունային պատասխանը հաճախ թույլ արտահայտված է: Հակամարմիններից IgM-ի ուսումնասիրության դրական արդյունքը կարող է ցույց տալ ընթացիկ վարակի հավանական առկայությունը, իսկ IgG-ն՝ ընթացիկ կամ նախկինում տարած վարակի առկայությունը: IgG հակամարմինները հայտնվում են ավելի ուշ, քան IgA-ն և IgM-ն, և պահպանվում են ավելի երկար ժամանակ (ավելի քան մեկ տարի):
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- տղամարդկանց մոտ՝ ոչ գոնոկոկային միզուկաբորբի (ուրեթրիտ) հետազոտությունների համալիր
- կանանց մոտ՝ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ
- կանանց մոտ՝ անպտղություն
- համաճարակաբանական սքրինինգ
Կենսանմուշի հանձնում
Հետազոտությունը հատուկ նախապատրաստության կարիքը չունի: Ցանկալի է արյունը հանձնել սննդի վերջին ընդունումից առնվազն 4 ժամ անց:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր
Գործակից (Index)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- բացասական պատասխան՝ գործակիցը < 0,9
- սահմանային (կասկածելի) պատասխան՝ գործակիցը (0,9-1,0)
- դրական պատասխան՝ գործակիցը ≥ 1,0
Հոդվածը հրապարակվել է՝ 27-03-2024
Վերջին վերանայում՝ 27-03-2024