Լաբ թեստեր

Նեչիպորենկո

U-Nechiporenco

Ընդհանուր նկարագրություն

Ըստ Նեչիպորենկոյի մեզի հետազոտությունը մեզում լեյկոցիտների, էրիթրոցիտների և գլանակների (ցիլինդր) քանակական որոշումն է:

Նեչիպորենկոյի հետազոտությամբ մեզի մեջ լեյկոցիտների, էրիթրոցիտների և ցիլինդրների քանակը հաշվարկվում է 1 մլ մեզի հաշվարկով:

Հետազոտության ցուցումներ

  • Անախտանիշ (թաքնված) բորբոքային պրոցեսի ախտորոշում
  • Անախտանիշ (թաքնված) հեմատուրիայի ախտորոշում
  • Անախտանիշ (թաքնված) ցիլինդրուրիայի ախտորոշում
  • Լեյկոցիտուրիայի կամ հեմատուրիայի գերակշռության պարզաբանում
  • Ընթացիկ բուժման դինամիկ հսկողություն

Կենսանմուշ

«Նեչիպորենկո» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ մեզ։

Կենսանմուշի հանձնում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Մեզի ընդհանուր և ըստ Նիչեպարենկոյի հետազոտությունների համար անհրաժեշտ է մեզը հանձնել տարբեր օրեր: Հակառակ դեպքում, երկու հետազոտությունների համար առավոտյան մեզի նույն չափաբաժինն օգտագործելիս, հավաքված մեզի ոչ համաչափ խառնված լինելու և արտաքին այլ գործոնների ազդեցության պարագայում հնարավոր է այս երկու հետազոտությունների իրարամերժ արդյունքներ:

Անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները: Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը: Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Չափման միավորներ

Միջազգային ընդունված միավորներ

Լեյկոցիտների, էրիթրոցիտների և գլանակների թիվը 1 մլ մեզում:

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր oգտագործվող միջակայքեր

  • լեյկոցիտներ՝ մինչև 2000 /մլ
  • էրիթրոցիտներ՝ մինչև 1000 /մլ
  • գլանակներ՝ մինչև 20 /մլ

Արդյունքների մեկնաբանություն

Կլինիկական նշանակությունը

Թեսթը մշակվել է Ա.Զ. Նեչիպորենկոյի կողմից: Լեյկոցիտուրիայի կամ հեմատուրիայի գերակշռության հարցը կարևոր նշանակություն է ստանում գլոմերուլոնեֆրիտների և պիելոնեֆրիտների միջև տարբերակիչ ախտորոշման մեջ: Գլոմերուլոնեֆրիտների ժամանակ սովորաբար էրիթրոցիտների քանակը գերազանցում է լեյկոցիտների քանակը, մինչդեռ պիելոնեֆրիտների ժամանակ գործում է հակառակ հարաբերակցությունը, ըստ որում, լեյկոցիտուրիան ավելի բնորոշ է քրոնիկ պիելոնեֆրիտի առաջին (բորբոքման) փուլին, իսկ երկրորդ (սկլերոտիկ) փուլում այն նվազում է:

Միզաքարային հիվանդության ժամանակ դիտարկվում է երկրորդային հեմատուրիա, որը կարող է ուղեկցվել նաև քրոնիկ պիելոնեֆրիտի հետ: Գլանակների մեծ քանակների հայտնաբերումը թույլ է տալիս մտածել ֆիզիկական գերծանրաբեռնվածության, էպիլեպսիայի, զարկերակային գերճնշման, սրտի արատների, սրտային դեկոմպենսացիայի, հղիների տոքսիկոզի, վիրուսային հեպատիտի, պոդագրայի և այլ հիվանդությունների առկայության մասին: Ցիլինդրուրիան բնորոշ է նաև տերմինալ վիճակներին:

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Nechiporenko's Urine Test

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ U-Nechiporenco

Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: