Լաբ թեստեր

Նեյտրոֆիլներ

NEU

Ընդհանուր նկարագրություն

Նեյտրոֆիլները սեգմենտակորիզավոր և ցիտոպլազմայում նեյտրոֆիլային հատիկներով լեյկոցիտների տեսակ են, որոնց հիմնական ֆունկցիան օրգանիզմի՝ բակտերիալ վարակներից պաշտպանողականության ապահովումն է:

Նեյտրո‎ֆիլները կազմում են ամբողջ լեյկոցիտների 50-70%-ը: Դրանք ունեն 13-15 մկմ տրամագիծ: Առողջ մարդու արյան մեջ կարող են հանդիպել երիտասարդ նեյտրո‎ֆիլներ, որոնք ունեն խոշոր լոբաձև կորիզ և ցուպիկա-կորիզավորներ, որոնց կորիզը բաժանված չէ առանձին հատվածների: Հասուն նեյտրո‎ֆիլների կորիզը բաժանված չէ առանձին հատվածների: Հասուն նեյտրո‎ֆիլների կորիզը բաժանվում է 2-3 հատվածների:

Արյան նեյտրոֆիլները կամ նեյտրոֆիլային գրանուլոցիտների (Neutrophils, NEU) պաշտպանողական ֆունկցիան կայանում է օրգանիզմ ներխուժած բակտերիաների ճանաչման, կլանման և ոչնչացման մեջ: Օժտված են ‎ֆագոցիտոզով, կլանում են բակտերիաններ, հյուսվածքների քայքաման արգասիքներ։ Մեկ նեյտրոֆիլը կլանում է 25-30 բակտերիա, որի համար կոչվում է միկրո‎ֆագ: Նեյտրո‎ֆիլներն օրգանիզմի ոչ մենահատուկ պաշտպանական համակարգի կարևոր տարրերն են, սինթեզում են հումորալ գործոններ՝ կոմպլեմենտ, լիզոցիմ, ինտեր‎ֆերոն, լակտոֆերին: Այս բջիջները մասնակցում են նաև արյունականգին, ակտիվացնում մակարդման հպման փուլը:

Նեյտրոֆիլների կյանքի միջին տևողությունը 15 օր է, որի մեծ մասն անցնում է կարմիր ոսկրածուծում, որտեղից արյան հուն գաղթելուց հետո՝ 8-10 ժամ անց հայտնվում են ծայրամասային հյուսվածքներում:

Արյունատար հոսքում առկա նեյտրոֆիլների շուրջ կեսը դառնալի կերպով կպչում է անոթների ներքին մակերևույթի էնդոթելիալ բջջներին (առպատային դիրք): Վարակիչ գործոնի շփման, սթրեսի, ֆիզիկական լարվածության, հիպօքսիայի և այլ խթանման ժամանակ արյան հունում առկա նեյտրոֆիլների խտությունը կարող է կտրուկ աճել կարմիր ոսկրածուծից դեպի արյան հուն այս բջիջների ուժեղացված տեղափոխման, ինչպես նաև առպատային նեյտրոֆիլների մոբիլիզացիայի միջոցով: Ահա թե ինչու օրվա, նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում նեյտրոֆիլների թիվը կարող է զգալիորեն փոփոխվել:

Նեյտրոֆիլիան (նեյտրոֆիլների քանակի զգալի բարձրացումը) նեյտրոֆիլների բացարձակ թվի բարձրացումն է միկրոլիտրում 7,5 հազար և ավելի բարձր ցուցանիշների, իսկ նեյտրոպենիան (նեյտրոֆիլների քանակի զգալի նվազեցումը)՝ դրա կրճատումը միկրոլիտրում 1,8 հազար և ավելի ցածր ցուցանիշների: 500/մկլ մակարդակի հասնող նեյտրոպենիան կարող է առաջացնել օրգանիզմի իմունային համակարգի լուրջ խանգարումների:

Հետազոտության ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Կենսանմուշ

«Նեյտրոֆիլներ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

  • բացարձակ թիվ (NEU#)՝ x 109 բջիջ/լ (միլիարդ հատ 1 լիտրում)
  • տոկոս (ֆրակցիա) (NEU%)՝ լեյկոցիտների մեջ տոկոսը (%)

Այլընտրանքային չափման միավոր

Բացարձակ թիվ՝ x 103 բջիջ/մկլ (հազար հատ 1 միկրոլիտրում)

Միավորների փոխակերպում

109/լ = 103/մկլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • նեյտրոֆիլների բացարձակ քանակ (NEU#)՝ 2,0-7,0 x 109
  • նեյտրոֆիլների տոկոս (ֆրակցիա) (NEU%)՝ 50-70 %

Այլընտրանքային միջակայքեր

ՏարիքՆեյտրոֆիլների տոկոսային մասնաբաժին (NEU%)
1-15 օր.31,0-56,0
15 օր. - 12 ամս.17,0-51,0
12 ամս. - 2 տ.29,0-54,0
2-5 տ.33,0-61,0
5-7 տ.39,0-64,0
7-9 տ.42,0-66,0
9-11 տ.44,0-66,0
11-15 տ.46,0-66,0
≥ 15 տ.48,0-78,0

Արդյունքների մեկնաբանություն

Նեյտրոֆիլների թվաքանակի բարձրացում (նեյտրոֆիլիա)

  • բակտերիալ վարակներով հարուցված բազմաթիվ հիվանդություններ
  • բորբոքումներ
  • ֆիզիկական գերլարվածություն
  • ներքին օրգանների ինֆարկտներ
  • վիճակ կրած վիրահատական միջամտությունից հետո
  • որոշ դեղերի ընդունում՝ կորտիկոստերոիդներ, Հեպարին, Ացետիլխոլին և այլն
  • էնդոգեն ինտոքսիկացիաներ
  • չարորակ նորագոյացություններ

Նեյտրոֆիլների թվաքանակի նվազեցում (նեյտրոպենիա)

  • որոշ վարակներ՝ հարուցված բակտերիաներով (որովայնային տիֆ և պարատիֆ, բրուցելոզ, տուբերկուլոզ), վիրուսներով (գրիպ, կարմրուկ, ջրծաղիկ, վիրուսային հեապատիտ, կարմրախտ), պարզագույններով (մալարիա), ռիկետսիաներով (բծավոր տիֆ)
  • ձգձգված ընթացքով վարակներ՝ հատկապես մեծ տարիքով և թուլացած իմունիտետով անձանց մոտ
  • անեմիաներ
  • հիպերսպլենիզմ
  • բնածին նեյտրոպենիաներ
  • անաֆիլակտիկ շոկ
  • թիրեոտոքսիկոզ
  • ցիտոստատիկներ, հակաուռուցքային դեղամիջոցներ
  • որոշ դեղերի ընդունում՝ հակաբիոտիկներ, հակավիրուսային դեղամիջոցներ, հոգեմետներ, հակահիստամինայիններ, հակացնցումային դեղեր, ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ և այլն

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Neutrophils

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ NEU

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 18-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: