Skip to main content

Նեյրոն-սպեցիֆիկ էնոլազ - Օնկոմարկերներ

Միջազգային անվանում (հապավում). Neuron-specific enolase (NSE)

Նկարագրություն

Նեյրոն-սպեցիֆիկ էնոլազը (NSE) նյարդաներզատական (նեյրոէնդոկրին) ուռուցքների մարկեր է:

NSE-ն գլիկոլիտիկ ֆերմենտ է (2-ֆոսֆո-D-գլիցերատի հիրոլազ), որն օրգանիզմում ներկայացված է դիմերների տարբեր տարատեսակներով և կազմված է իմունոլոգիապես տարբեր երեք ենթամիավորներից (ալֆա, բետա և գամա):

Էնոլազի ալֆա-ենթամիավորը հայտնաբերվում է տարբեր հյուսվածքներում, բետա-ենթամիավորը՝ միայն սրտամկանում և միջաձիգ-զոլավոր (կմախքային) մկաններում: Ալֆա-գամա և գամա-գամա էնոլազի իզոձևերը, որոնք նշանակվում են որպես նեյրոն-սպեցիֆիկ էնոլազ (NSE) կամ գամա-էնոլազ, բարձր խտություններով հայտնաբերվում է նյարդային (նեյրոն) և նյարդաներզատական (նեյրոէնդոկրին) բջիջներում, ինչպես նաև այդ բջիջներից առաջացող քաղցկեղներում:

NSE-ն համարվում է տարբեր հյուսվածքներում ներկայացված նեյրոէնդոկրին և APUD համակարգի ուռուցքների, ինչպես նաև նեյրոէնդոկրին աղբյուրների հետ կապված ուռուցքների սպեցիֆիկ շիճուկային մարկեր: APUD-ը (amines precursor uptake decarboxylation) ներառում է կենսածին ամիններ և (կամ) սպիտակուցային հորմոններ արտադրող և կուտակող բջիջներ, որոնք ունեն ընդհանուր սաղմնաբանական ծագում: Նման ուռուցքներից է նեյրոբլաստոման, ռետինոբլաստոման, վահանաձև գեղձի մեդուլյար կարցինոման, ենթաստամոքսային գեղձի կղզյակների բջիջների կարիցնոման, կարցինոիդը, ֆեոքրոմոցիտոման և թոքերի մանրբջջային քաղցկեղը:

Ֆերմենտի ակտիվությունը կոռելացվում է հիվանդի կլինիկական վիճակի հետ և օգտագործվում է կանխորոշիչ նպատակներով հիվանդությունների վերահսկման համար (զգալի բարձրացումը վկայում է անբարենպաստ ելքի մասին), հատկապես թոքերի մանրբջջային քաղցկեղի և նեյրոբլաստոմայի ժամանակ:

  • Բրոնխների քաղցկեղ. NSE-ն համարվում է թոքերի մանրբջջային քաղցկեղի հիմնակար մարկեր (60-81% դեպքերում գրանցվում է մակարդակի բարձրացում): Չի կոռելացվում մետաստազների տեղակայման կամ գլխուղեղային մետաստազների հետ, սակայն նորմալ կոռելացվում է կլինիկական փուլի (քաղցկեղի տարածման) հետ: Քիմիոթերապիային արձագանքող հիվանդների մոտ առաջին բուժական կուրսից 24-72 ժամ անց գրանցվում է NSE-ի ժամանակավոր բարձրացում (որպես ուռուցքային բջիջների ցիտոլիզի արդյունք), որից հետո մեկ շաբաթվա ընթացքում մակարդակը կտրուկ ընկնում է մինչև նորմալ միջակայք: Այն դեպքերում, երբ բուժման նկատմամբ այսպիսի պատասխան չկա, NSE-ի մակարդակը մնում է միշտ բարձր կամ չի նվազում մինչև նորմալ միջակայք: Ախտադադարի (ռեմիսիա) փուլում հիվանդների 80-96%-ի մոտ գրանցվում է NSE-ի նորմալ մակարդակներ, իսկ ախտադարձի (ռեցեսիվ) ժամանակ, 1-4 ամսվա թաքնված ժամանակաշրջանից հետո՝ NSE-ի մակարդակի էքսպոնենցիալ աճ: NSE-ն, այսպիսով, կարող է օգտագործվել որպես եզակի կանխորոշիչ նշանակության մարկեր (ախտորոշիչ զգայունությունը՝ 93% և դրական կանխատեսող արժեքը՝ 92%):
  • Նեյրոբլաստոմա. NSE-ի մակարդակի բարձրացում գրանցվում է այս հիվանդությամբ երեխաների 62%-ի մոտ, ընդ որում, այն կոռելացվում է հիվանդության փուլի հետ:
  • APUD-ոմա. NSE-ի մակարդակի բարձրացում դիտարկվում է հիվանդների 34%-ի մոտ: Այս մարկերը կարող է օգտագործվել որպես հիվանդության հսկողության միջոց:
  • Սեմինոմա. NSE-ի մակարդակի կլինիկական վստահելի բարձրացում գրանցվում է հիվանդների 68-73%-ի մոտ: Նման բարձրացումը կոռելացվում է հիվանդության փուլի հետ:
  • Այլ ուռուցքներ. ոչ թոքային չարորակ նորագոյացությունների ժամանակ NSE-ն բարձրանում է 22% դեպքերում, ընդ որում, ավելի հազվադեպ՝ գլխուղեղի ուռուցքների դեպքում:
  • Բարորակ հիվանդություններ. NSE-ի մակարդակի բարձրացում կարող է գրանցվել նաև սեպտիկ շոկի և թոքաբորբերի ժամանակ: Ինսուլտի, նյարդային համակարգի տրավմայի, գլխուղեղի բարորակ ուռուցքների դեպքում NSE-ի մակարդակի բարձրացումը կարող է գնահատվել որպես անբարենպաստ նյարդաբանական դեֆիցիտի կանխատեսման մարկեր:

NSE հայտնաբերվում է էիրթրոցիտներում, թրոմբոցիտներում և պլազմատիկ բջիջներում, ուստի արյան շիճուկը պետք է առանձնացվի հնարավորինս արագ (մինչև 1 ժամվա ընթացքում):

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • թոքերի մանրբջջային քաղցկեղի ախտորոշում և հսկողություն
  • APUD-ով քաղցկեղների ախտորոշում և հսկողություն
  • նյարդաներզատական ուռուցքների ախտորոշում և հսկողություն

Կենսանմուշ

NSE թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Պարտադիր կանոններ չկան, սակայն ցանկալի է վերջին սնունդն ընդունել արյունը հանձնելուց առնվազն 4 ժամ առաջ:

Կարևոր է. եթե հետազոտվողը ստանում է բիոտինի մեծ դեղաչափեր (ավելի քան 5 մգ/օր), արյան նմուշառումը պետք է կատարվի վերջին ներարկումից առնվազն 8 ժամ անց:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Այլընտրանքային չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

< 17,0 նգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

NSE մակարդակի բարձրացում

  • նեյրոբլաստոմա
  • թոքերի մանրբջջային քաղցկեղ
  • APUD-ոմաներ
  • նյարդաներզատական ուռուցքներ
  • սեմինոմաներ
  • բարորակ հիվանդություններ (սեպտիկ շոկ, թոքաբորբ, նյարդային համակարգի տրավմա, գլխուղեղի հիվանդություններ)

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2019
Վերջին վերանայում՝ 06-11-2023