Միջազգային անվանում (հապավում). Pregnancy-Associated Plasma Protein A (PAPP-A)
Նկարագրություն
Հղիության հետ կապված պլազմայի A սպիտակուցը (PAPP-A) հղիության 1-ին եռամսյակի նախածննդյան (պրենատալ) սքրինինգային հետազոտություն է, որը հանդիսանում է Դաունի համախտանիշի և պտղի այլ քրոմոսոմային անոմալիաների մարկերը:
PAPP-A-ը բարձրմոլեկուլյար (մոտ 800 կԴա) գլիկոպրոտեին է, որը հղիության ընթացքում մեծ քանակներով արտադրվում է տրոֆոբլաստների կողմից և մուտք գործում մոր արյան շրջանառություն: PAPP-A-ի մակարդակը մոր արյան շիճուկում աճում է հղիության ժամկետին զուգընթաց:
Կենսաքիմիական ազդեցություններով PAPP-A-ն դասվում է մետաղապրոտեազների շարքին: Այն ունակ է տրոհել աճի ինսուլինակերպ գործոնի (IGF) սպիտակուցներից մեկը, որն էլ բերում է նույն գործոնի կենսամատչելիության բարձրացման, ինչն էլ հղիության ընթացքում պտղի զարգացման մեջ ունի մեծ նշանակություն: Ենթադրվում է, որ PAPP-A-ն նաև մասնակցում է հղիության ընթացքում մայրական օրգանիզմի իմուն պատասխանի մոդուլյացիայի մեջ: PAPP-A-ին համարժեք սպիտակուցներն անհամեմատ ավելի փոքր քանակներով առկա են նաև տղամարդկանց և ոչ հղի կանանց արյան մեջ: PAPP-A-ի ֆիզիոլոգիական դերի խորը ուսումնասիրությունը շարունակվում է մնալ բազմաթիվ հետազոտողների օրակարգում:
Մի շարք լուրջ կլինիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ PAPP-A-ն ունի ախտորոշիչ նշանակություն որպես հղիության վաղ շրջանում (առաջին եռամսյակ) պտղի քրոմոսոմային արատների ռիսկի մարկեր: PAPP-A-ի մակարդակը զգալիորեն նվազում է պտղի մոտ տրիսոմիա 21-ի (Դաունի համախտանիշ) կամ տրիսոմիա 18-ի (Էդվարդսի համախտանիշ) ժամանակ: Միևնույն ժամանակ, այս մարկերը նաև բավականին ինֆորմատիվ է վիժումների և հղիության կանգի վտանգը գնահատելիս:
Որպես պտղի մոտ Դաունի համախտանիշի ռիսկի մարկեր, PAPP-A-ի ախտորոշիչ նշանակությունն ի հայտ է գալիս սկսած հղիության 8-9-րդ շաբաթներից, սակայն էլ ավելի է բարձրանում մարդու խորիոնային գոնադոտրոպինի ազատ բետա (free β-HCG) հետ զուգակցելիս: Այս իմաստով, հղիության առաջին եռամսյակի կրկնակի հետազոտությունները (PAPP-A և free β-HCG) ավելի նպատակահարմար է նշանակել հղիության շուրջ 12-րդ շաբաթականում (11-14-րդ շաբաթներ): Հղիության 14-րդ շաբաթականից հետո PAPP-A-ի ախտորոշիչ դերը նվազում կամ լրիվ անհետանում է:
Ապացուցված է, որ PAPP-A և free β-HCG սքրինիգի, գերձայնային հետազոտության, հղի կնոջ տարիքի վերլուծության արդյունքները թույլ են տալիս Դաունի համախտանիշի ռիսկը գնահատել 85-90%-ոց ճշգրտությամբ:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- հղիների սքրինինգային հետազոտություն՝ պտղի մոտ քրոմոսոմային շեղումների ռիսկի գնահատման համար հղիության 1-ին տրիմեստրում և 2-րդ տրիմեստրի սկզբում (11-13-րդ շաբաթներ)
- հղի կնոջ 35-ից բարձր տարիք
- անամնեզով՝ հղիության վաղ շրջանում երկու կամ ավելի ինքնաբուխ վիժումների առկայություն
- հղիությանը նախորդող շրջանում բակտերիալ կամ վիրուսային վարակների առկայություն (հեպատիտներ, կարմրախտ, հերպես, ցիտոմեգալովիրուս)
- ընտանիքում Դաունի, այլ քրոմոսոմային հիվանդությունների ու զարգացման այլ բնածին արատների առկայություն
- մոտ հարազատների մոտ որևէ ժառանգական հիվանդության առկայություն
- մինչև բեղմնավորվելը զույգերից մեկնումեկի մոտ ճառագայթային կամ այլ վնասակար ազդեցություն
Կենսանմուշ
PAPP-A թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել սննդի վերջին ընդունումից առնվազն 4 ժամ հետո:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մՄՄ/լ (միլիմիջազգային միավոր/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
- Մակարդակն արյան պլազմայում՝ մՄՄ/մլ (միջազգային միավոր/միլիլիտր)
- Մեդիանների միջին՝ որպես այդպիսին, չափման միավոր չունի
Միավորների փոխակերպում
մՄՄ/մլ = Մ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործման միջակայքեր (SI համակարգ)
- 8-9 շաբաթական՝ միջինը՝ 570 մՄՄ/լ, միջակայքը՝ (170-1540) մՄՄ/լ
- 9-10 շաբաթական՝ միջինը՝ 880 մՄՄ/լ, միջակայքը՝ (320-2420) մՄՄ/լ
- 10-11 շաբաթական՝ միջինը՝ 1360 մՄՄ/լ, միջակայքը՝ (460-3730) մՄՄ/լ
- 11-12 շաբաթական՝ միջինը՝ 2110 մՄՄ/լ, միջակայքը՝ (790-4760) մՄՄ/լ
- 12-13 շաբաթական՝ միջինը՝ 3230 մՄՄ/լ, միջակայքը՝ (1030-6010) մՄՄ/լ
- 13-14 շաբաթական՝ միջինը՝ 4980 մՄՄ/լ, միջակայքը՝ (1470-8540) մՄՄ/լ
Այլընտրանքային միջակայքեր
Մակարդակն արյան պլազմայում (մեդիան)
- 8 շաբաթական՝ 430,6 ՄՄ/մլ
- 9 շաբաթական՝ 1033,5 ՄՄ/մլ
- 10 շաբաթական՝ 1564,2 ՄՄ/մլ
- 11 շաբաթական՝ 2249,1 ՄՄ/մլ
- 12 շաբաթական՝ 3546,0 ՄՄ/մլ
- 13 շաբաթական՝ 4123,1 ՄՄ/մլ
- 13 շաբաթական՝ 4349,0 ՄՄ/մլ
Մեդիանների միջինը՝ (0,5-2,0)
Արդյունքների մեկնաբանություն
PAPP-A-ի մակարդակի նվազեցում հղիության 1-ին եռամսյակում
- պտղի մոտ քրոմոսոմային արատների ռիսկի բարձրացում (Դաունի համախտանիշ, Էդվարդսի համախտանիշ, Կոռնելի դե Լանգի համախտանիշ)
- հղիության վաղ շրջանում վիժումների վտանգի և հղիության կանգի ռիսկի բարձրացում
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 02-06-2023