Skip to main content

Պեպսինոգեն I - Ֆերմենտներ

Միջազգային անվանում (հապավում). Pepsinogen I (PG I)

Նկարագրություն

Պեպսինոգեն I-ը (PG I) ստամոքսի պեպսին մարսողական ֆերմենտի նախաֆերմենտն է, որը հանդիսանում է ստամոքսի լորձաթաղանթի վիճակի գնահատման կենսաքիմիական մարկեր:

Պեպսինոգենները ստամոքսի հիմնական մարսողական ֆերմենտի՝ պեպսինի ոչ ակտիվ նախաֆերմենտներն են: Գոյություն ուեն պեպսինոգենի 2 տեսակներ, որոնք որոշ չափով միմյանցից տարբերվում են իրենց կառուցվածքով և ֆունկցիոնալ առանձնահատկություններով՝ պեպսինոգեն I (PG I) և պեպսինոգեն II (PG II):

Պեպսինոգեն I-ն արտադրվում է գլխավորապես ստամոքսի հատակի, մինչդեռ պեպսինոգեն II-ը՝ նաև կարդիալ, անթրալ և դուոդենալ շրջանների լորձաթաղանթի կողմից: Այս երկու պրոֆերմենտները պեպսինը փոխկերպվում են ստամոքսահյութի աղաթթվի ազդդեցությամբ, ընդ որում, եթե պեպսինոգեն I-ի համար լավագույնը բարձր-թթվային վիճակն է (рН=1,5-2,0), ապա պեպսինոգեն II-ի համար՝ ավելի թույլ թթվայինը (рН=4,5):

Պեպսինոգենները քիչ քանակներով նաև հայտնվում են արյան մեջ: Արյան շիճուկում այս երկուսի մակարդակներն, այսպիսով, կարող են արտացոլել ստամոքսի լորձաթաղանթի ֆունկցիոնալ վիճակը:

Հայտնի է, որ ստամոքսի քաղցկեղի զարգացման դեպքերի մեծ մասում անքակտելի պատճառական գործոն է հանդիսանում հելիկոբակտեր պիլորի (H. Pylori) վարակը և դրա հետ կապված քրոնիկ բորբոքային գործընթացները, որոնք ի վերջո առաջացնում են ստամոքսի լորձաթաղանթի ատրոֆիկ փոփոխություններ։ Արտահայտված ատրոֆիկ գաստրիտը, որը ստամոքսի քաղցկեղի կարևոր ռիսկի գործոն է, հայտնաբերվում է H. pylory-ով վարակված առնվազն 10% մարդկանց մոտ: Վարակային ֆոնի վրա բորբոքային գործընթացները սկզբնական փուլերում բարձրացնում են պեպսինոգենների մակարդակը: H. pylory-ով վարակված մարդկանց մոտ սովորաբար հայտնաբերվում է PG I և PG II բարձրացած մակարդակներ և PG I /PG II հարաբերակցության նվազեցում:

Քրոնիկ բորբոքման արդյունքում ստամոքսի լորձաթաղանթի զարգացող ատրոֆիկ փոփոխությունները (ստամոքսի հատակի գեղձերի հետաճ, ստամոքսի թթվայնության նվազում) բերում են պեպսինոգեն I-ի մակարդակի աստիճանական նվազեցման, մինչդեռ պեպսինոգեն II-ի մակարդակը երկար ժամանակ մնում է բավականաչափ կայուն: Արդյունքում, պեպսինոգեն I-ի մակարդակի աստիճանական և PG I /PG II հարաբերակցության նվազեցումները սերտորեն կոռելացվում են ստամոքսի լորձաթաղանթի՝ նորմալից մինչև արտահայտված ատորֆիա հարաճուն փոփոխության հետ:

Պեպսինոգենները կարելի է օգտագործել որպես ատրոֆիկ գաստրիտի՝ նախաքաղցկեղային վիճակի մարկեր, բայց ոչ որպես ուռուցքային մարկեր:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • H. Pylori-ի հետ ասոցիացվող և աուտոիմուն բնույթի ատրոֆիկ գաստրիտի հայտնաբերում և ծանրության աստիճանի գնահատում
  • մեծ տարիքային խմբի անձանց կամ ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկի լրացուցիչ գործոններով անձանց սքրինինգային հետազոտություններում՝ որպես ստամոքսի լորձաթաղանթի ֆունկցիոնալ վիճակի գնահատման ոչ ինվազիվ մեթոդ՝ հավաքագրելու հիվանդների այն խումբը, ովքեր կարող են գաստրոսկոպիայի և դրան հաջորդող բիոպսիայի կարիք ունենալ
  • ստամոքսի քաղցկեղի բարձր ռիսկով անձանց դինամիկ հսկողություն:

Կենսանմուշ

PG I թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել պարտադիր քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8-14 ժամ հետո:

Թեստից 1 շաբաթ առաջ պետք է նշանակող բժշկի իմացությամբ ընդմիջել ստամոքսահյութի արտադրության վրա ազդող դեղերը, իսկ 1 օր առաջ՝ ընդմիջել ստամոքսի թթվայնությունը չեզոքացնող դեղերից։

Թեստի նախորդ օրը պետք է բացառել հոգեհուզական և ֆիզիկական ծանրաբեռվածությունները (օրինակ՝ մարզական վարժանքներ և այլն) և ալկոհոլի ընդունումը:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մկգ/լ (միկրոգրամ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Միավորների փոխակերպում

մկգ/լ = նգ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Միջազգային ընդունված միջակայքեր

  • 30-130 մգ/լ
  • PG I /PG II գործակից՝ > 3,0

Արդյունքների մեկնաբանություն

PG I-ի մակարդակի բարձրացում

  • հիպերգաստինեմիայի վիճակ՝ պայմանավորված աղաթթվի արտադրության բարձրացմամբ և պարիենտալ բջիջների քանակի մեծացմամբ
  • Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ
  • տասներկումատնյա աղու խոց (30-50%)
  • սուր գաստրիտ
  • միզակապություն

PG I-ի մակարդակի նվազեցում

  • ատրոֆիկ գաստրիտ
  • ստամոքսի կարցինոմա
  • մեքսեդեմա
  • Ադիսոնի հիվանդություն
  • մակուղեղային (հիպոֆիզային) անբավարարություն
  • պերնիցիոզ անեմիա

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2019
Վերջին վերանայում՝ 15-06-2023