Լաբ թեստեր

Պեպսինոգեն II

PG II

Ընդհանուր նկարագրություն

Պեպսինոգեն II-ը ստամոքսի պեպսին մարսողական ֆերմենտի նախաֆերմենտն է, որը հանդիսանում է ստամոքսի լորձաթաղանթի վիճակի գնահատման կենսաքիմիական մարկեր։

Պեպսինոգենները ստամոքսի հիմնական մարսողական ֆերմենտի՝ պեպսինի ոչ ակտիվ նախաֆերմենտներն են։ Գոյություն ուեն պեպսինոգենի 2 տեսակներ, որոնք որոշ չափով տարբերվում են իրենց կառուցվածքով և ֆունկցիոնալ առանձնահատկություններով՝ պեպսինոգեն I և պեպսինոգեն II։

Պեպսինոգեն I-ն արտադրվում է գլխավորապես ստամոքսի հատակի, մինչդեռ պեպսինոգեն II-ը՝ նաև կարդիալ, անթրալ և դուոդենալ շրջանների լորձաթաղանթի կողմից։ Այս երկու պրոֆերմենտները պեպսինի փոխկերպվում են ստամոքսահյութի աղաթթվի ազդդեցությամբ, ընդ որում, եթե պեպսինոգեն I-ի համար լավագույնը բարձր-թթվային վիճակն է (рН=1,5-2,0), ապա պեպսինոգեն II-ի համար՝ ավելի թույլ թթվայինը (рН=4,5)։

Պեպսինոգենները քիչ քանակներով հայտնվում են նաև արյան մեջ։ Արյան շիճուկում այս երկուսի մակարդակներն, այսպիսով, կարող են արտացոլել ստամոքսի լորձաթաղանթի ֆունկցիոնալ վիճակը։

Հայտնի է, որ ստամոքսի քաղցկեղի զարգացման դեպքերի մեծ մասում անքակտելի պատճառական գործոն է հանդիսանում Helicobacter Pylori վարակը և դրա հետ կապված քրոնիկ բորբոքային գործընթացները, որոնք ի վերջո առաջացնում են ստամոքսի լորձաթաղանթի ատրոֆիկ փոփոխություններ։ Արտահայտված ատրոֆիկ գաստրիտը, որը հանդիսանում է ստամոքսի քաղցկեղի կարևոր ռիսկի գործոնը, հայտնաբերվում է H.pylory-ով վարակված առնվազն 10% մարդկանց մոտ։ Վարակայի ֆոնի վրա բորբոքային գործընթացները սկզբնական փուլերում բարձրացնում են պեպսինոգենների մակարդակը։ H.pylory-ով վարակված մարդկանց մոտ սովորաբար հայտնաբերվում է պեպսինոգեններ I և II-ի բարձրացած մակարդակներ և պեպսինոգեններ I /II հարաբերակցության նվազեցում։

Քրոնիկ բորբոքման արդյունքում ստամոքսի լորձաթաղանթի զարգացող ատրոֆիկ փոփոխությունները (ստամոքսի հատակի գեղձերի հետաճ, ստամոքսի թթվայնության նվազում) բերում են պեպսինոգեն I-ի մակարդակի աստիճանական նվազեցման, մինչդեռ պեպսինոգեն II-ի մակարդակը երկար ժամանակ մնում է բավականաչափ կայուն։ Արդյունքում, պեպսինոգեն I-ի մակարդակի աստիճանական և պեպսինոգեններ I /II հարաբերակցության նվազեցումները սերտորեն կոռելացվում են ստամոքսի լորձաթաղանթի՝ նորմալից մինչև արտահայտված ատորֆիա հարաճուն փոփոխվելը։

Պեպսինոգենները կարելի է օգտագործել որպես ատրոֆիկ գաստրիտի՝ որպես նախաքաղցկեղային վիճակի մարկեր, բայց ոչ որպես ուռուցքային մարկեր։

Հետազոտության ցուցումներ

  • H.Pylori-ի հետ ասոցիացվող և աուտոիմուն բնույթի ատրոֆիկ գաստրիտի հայտնաբերում և ծանրության աստիճանի գնահատում
  • մեծ տարիքային խմբի անձանց կամ ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկի լրացուցիչ գործոններով անձանց սքրինինգային հետազոտություններում՝ որպես ստամոքսի լորձաթաղանթի ֆունկցիոնալ վիճակի գնահատման ոչ ինվազիվ մեթոդ՝ հավաքագրելու հիվանդների այն խումբը, ովքեր գաստրոսկոպիայի և դրան հաջորդող բիոպսիայի կարիք ունեն
  • ստամոքսի քաղցկեղի նկատմամբ բարձրացած ռիսկով անձանց դինամիկ հսկողություն։

Կենսանմուշ

«Պեպսինոգեն II» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել պարտադիր քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8-14 ժամ հետո:

Հետազոտությունից 1 շաբաթ առաջ պետք է նշանակող բժշկի իմացությամբ ընդմիջել ստամոքսահյութի արտադրության վրա ազդող դեղերը, իսկ 1 օր առաջ՝ ընդմիջել ստամոքսի թթվայնությունը չեզոքացնող դեղերից։

Հետազոտության նախորդ օրը պետք է բացառել հոգեհուզական և ֆիզիկական ծանրաբեռվածությունները (օրինակ՝ մարզական վարժանքներ և այլն) և ալկոհոլի ընդունումը:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մգ/լ (միկրոգրամ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Միավորների փոխակերպում

կկգ/լ = նգ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Միջազգային ընդունված միջակայքեր

  • 4-22 մգ/լ
  • պեպսինոգեն I / պեպսինոգեն II գործակից՝ > 3,0

Արդյունքների մեկնաբանություն

Պեպսինոգեն II մակարդակի բարձրացում

  • հիպերգաստինեմիայի վիճակ՝ պայմանավորված աղաթթվի արտադրության բարձրացմամբ և պարիենտալ բջիջների քանակի մեծացմամբ
  • Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ
  • 12-մատնյա աղու խոց (30-50%)
  • սուր գաստրիտ
  • միզակապություն

Պեպսինոգեն II մակարդակի նվազեցում

  • ատրոֆիկ գաստրիտ
  • ստամոքսի կարցինոմա
  • մեքսեդեմա
  • Ադիսոնի հիվանդություն
  • հիպոֆիզային անբավարարություն
  • պարնիցիոզ անեմիա

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Pepsinogen II

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ PG II

Հոդվածը տեղադրվել է՝ 23-04-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: