Լաբ թեստեր

Կալիում (իոնական)

К+

Ընդհանուր նկարագրություն

Կալիումը ներբջջային հեղուկի հիմնական կատիոնն է:

Կալիումը (Potassium, К+) մասնակցում է բջջի էլեկտրական թաղանթային պոտենցիալի ապահովմանը: Այն կարգավորում է ներբջջային օսմոտիկ ճնշումը, խթանում գլիկոլիզի ֆերմենտների ակտիվությունը, մասնակցում սպիտակուցների և գլիկոգենի նյութափոխանակությանը, կարևոր դեր է խաղում նյարդային և մկանային բջիջներում գործողության պոտենցիալի ձևավորման և նյարդային գրգռահաղորդականության մեջ: Կալիումն օժտված է նաև իմունոմոդուլյատոր ակտիվությամբ:

Արյան պլազմայում (շիճուկում) կալիումի մակարդակը կախված է հետևյալ երեք գործընթացների հավասարակշռությունից՝ արտաքին կալիումի ստացում, օրգանիզմում տեղաբաշխում և օրգանիզմից հեռացում (երիկամներով, քրտնագեղձերով, աղիներով):

Օրգանիզմում կալիումային պահեստ գոյություն չունի, ուստի և բջջիջների ներսում կալիումի մակարդակի նունիսկ փոքր տեղաշարժերն արտացոլվում են արյան պլազմայում վերջինիս մակարդակի փոփոխության վրա:

Բջիջների կողմից կալիումի կլանումը խթանվում է ինսուլինով, ինչպես նաև կատեխոլամինների և ալդոստերոնի ազդեցությամբ: Արյան pH-ի փոփոխությունն ուղեկցվում է բջիջների К+-ի մակարդակի տեղաշարժերով. ացիդոզի դեպքում իոնները բջիջներից դուրս են գալիս դեպի արյան պլազմա, և հակառակը:

Հիպերկալիեմիայի ժամանակ գրանցվում է փորոքային տախիկարդիա, փորոքների ֆիբրիլյացիա և անգամ ասիստոլիա: Հիպոկալիեմիայի ժամանակ զարգանում են մկանային թուլություն, ռեֆլեքսների ընկճում, հիպոտոնիա, սրտի հաղորդականության խանգարումներ, աղիների անանցանելիություն, պոլիուրիա:

Հետազոտության ցուցումներ

  • երիկամների գործունեության հետազոտություն
  • սրտանոթային հիվանդություններ
  • սրտային առիթմիաներ
  • զարկերակային գերճնշում
  • մակերիկամային անբավարարություն
  • կալիումի մակարդակի հսկողություն միզամուղներ, սրտային գլիկոզիդներ նշանակելիս

Կենսանմուշ

«Կալիում (իոնական)» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամլ/դեցիլիտր), մէք/լ (միլիէքվիվալենտ/լիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,25 = մմոլ/լ, մէք/լ = մմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ. արյան շիճուկ՝ (3,4‑5,1) մմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք К+, մմոլ/լ
1 օր.-4,3 շաբ. 3,7 - 5,9
4,3 շաբ.-24 ամս. 4,1 - 5,3
24 ամս.-14 տ. 3,4 - 4,7
> 14 տ. 3,5 - 5,1
Սեռ
Տղամարդիկ 3,5 - 4,5
Կանայք 3,4 - 4,4

Արդյունքների մեկնաբանություն

Կալիումի մակարդակի բարձրացում (հիպերկալիեմիա)

  • օրգանիզմ К+-ի ուժեղացված մուտք՝ կալիումական ինֆուզիոն հեղուկների արագ ներմուծում
  • К+-ի ուժեղացված ելք բջիջներից դեպի արտաբջջային տարածություն՝ զանգվածային հեմոլիզ, ռաբդոմիոլիզ, ուռուցքների քայքայում, հյուսվածքների ծանր ախտահարումներ, խորը այրվածքներ, չարորակ տենդ, ացիդոզ
  • երիկամներով К+-ի հեռացման թուլացում՝ սուր երիկամային անբավարարություն օլիգո- և անուրիայով, քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլ, Ադիսոնի հիվանդություն, կեղծ հիպոալդոստերոնիզմ, ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգի հիպոֆունկցիա, շոկային վիճակներ, հյուսվածքների իշեմիա
  • արտաբջջային հեղուկների ծավալի նվազեցում՝ դեհիդրատացիա
  • որոշ դեղերի ընդունում՝ ամիլորիդ, սպիրոնոլակտոն, տրիամտերեն, ամինոկապրոնաթթու, հակաուռուցքային միջոցներ, դիգոքսին, ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր, տրիմետոպրիմ-սուլֆամետոքսազոլ
  • թիազիդային միզամուղների գերդոզավորում

Կալիումի մակարդակի նվազեցում (հիպոկալիեմիա)

  • դեպի օրգանիզմ К+-ի անբավարար մուտք՝ երկարատև սովահարություն, կալումից աղքատ դիետա
  • օրգանիզմից К+-ի կորստի ուժեղացում՝ հաճախակի փսխումներ, պրոֆուզ փործուծություն, աղիքային խուղակներ, ստամոքսի պարունակության արտածծում նազոգաստրալ զոնդով և այլն
  • К+-ի կորուստ մեզով՝ երիկամների խողովակիկային ացիդոզ, անբավարարություն, Ֆանկոնիի համախտանիշ, Կոննի համախտանիշ (առաջնային ալդոստերոնիզմ), երկրորդային ալդոստերոնիզմ, Քուշինգի համախտանիշ, օսմոտիկ դիուրեզ (շաքարային դիաբետ), ալկալոզ, ԱԿՏՀ-ի, կորտիզոլի, ալդոստերոնի ներմուծում
  • օրանիզմում К+-ի տեղաբախշում (ուժեղացած մուտք դեպի բջիջներ)՝ գլյուկոզ-ինսուլինային բուժում, ընտանեկան պերիոդիկ կաթված, ալկալոզ
  • К+-ի կորուստ քրտինքով՝ մուկովիսցեդոզ
  • մեգալոբլաստիկ անեմիաների բուժում վիտամին В12-ով կամ ֆոլիաթթվով
  • հիպոթերմիա
  • որոշ դեղերի ընդունում՝ կորտիկոստերոիդներ, ոչ կալում-խնայող միզամուղներ, բետա-ադրենոբլոկատորներ, հակաբիոտիկներ
  • К+ չպարունակող կամ քիչ պարունակող հեղուկների մեծ ծավալների ներմուծում
  • ՎԻՊոմաներ (ենթաստամոքսային գեղձի կղզյակների այնպիսի բջիջների ուռուցքներ, որոնք արտադրում են վազոակտիվ ինտերստիցիալ պոլիպեպտիդ՝ ՎԻՊ)
  • մագնեզիումի դեֆիցիտ

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Potassium Ionized

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ К+

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: