Լաբ թեստեր

Պրոլակտին

PRL

Ընդհանուր նկարագրություն

Պրոլակտինը պոլիպեպտիդային հորմոն է, որը խթանում է կաթնագեղձերի պրոլիֆերացիան և կաթնարտադրությունը:

Պրոլակտինը (Prolactin, PRL) արտադրվում է մակուղեղի (հիպոֆիզ) առաջնային բլթում և ենթարկվում դրվագային սեկրեցիայի: Ոչ մեծ քանակներ արտադրվում են նաև ծայրամասային հյուսվածքներում, իսկ հղիության ընթացքում՝ նաև արգանդի լորձաթաղանթում՝ ապահովելով դեղին մարմնի գոյությունը և պրոգեստերոնի արտադրությունը, ինչպես նաև խթանելով կաթնագեղձերի աճը և զարգացումը՝ նախապատրաստելով կաթնատվությունը:

Պրոլակտինի մոլեկուլը կազմված է մինչև 198 ամինաթթուներից և ունի շուրջ 22-23 կիլոդալտոն մոլեկուլյար զանգված: Արյան պլազմայում առկա է երեք տարբերակներով: Կենսաբանորեն և իմունաբանորեն ակտիվ մոնոմետրիկ («փոքր») ձևը գերակշռողն է (մինչև 80%): Մյուս՝ կենսաբանորեն ոչ ակտիվ դիմերիկ ձևը («մեծ») կազմում է 5‑20%: Վերջապես, 0,5‑5% կազմում են ցածր կենսաբանական ակտիվություն դրսևորող տետրամերիկ («մեծ-մեծ») ձևերը:

Պրոլակտինը համարվում է սեռական վարքագծի ձևավորման հորմոններից մեկը: Այն կարգավորում է ջրա-աղային փոխանակությունը՝ արգելակելով երիկամներով ջրի և նատրիումի հեռացումը: Այն խթանում է նաև ստամոքս-աղիքային ուղիով կալցիումի ներծծումը: Ընդհանուր առմամբ, պրոլակտինն ակտիվացնում է օրգանիզմում ընթացող անաբոլիկ պրոցեսները: Այլ ազդեցություններից է՝ մազածածկույթի աճի խթանումը, իմունային համակարգի կարգավորումը:

Ինչպես նշվեց վերևում, պրոլակտինի արյան հոսք ներզատվելն ունի պուլսային բնույթ: Քնի ընթացքում հորմոնի մակարդակն աճում է, իսկ արթնանալուց հետո՝ կտրուկ իջնում՝ հասնելով իր նվազագույնին ուշ առավոտյան ժամերին: Կեսօրից հետո հորմոնի մակարդակն աճում է: Սթրեսի բացակայության պայմաններում պրոլակտինի մակարդակի օրական տատանումները մնում են նորմալ միջակայքում:

Դաշտանային ցիկլի լյուտեինացման փուլում պրոլակտինի մակարդակն ավելի բարձր է, քան ֆոլիկուլյար փուլում: Հղիության 8-րդ շաբաթվանից սկսած պրոլակտինի մակարդակը սկսում է աճել՝ հասնելով առավելագույնին 20-25-րդ շաբաթների ընթացքում, որից հետո, անմիջապես ծննդաբերությունից առաջ նվազում, որից հետո դարձյալ սկսում աճել կաթնատվության փուլում:

Պրոլակտինի թիրախ օրգանը կաթնագեղձն է, որի զարգացումը և տարբերակումն ընթանում է այս հորմոնի խթանման ներքո: Պրոլակտինի մեծ քանակներն արգելակում են ձվարաններում ստերոիդոգենեզը, հիպոֆիզալ գոնադոտրոպինների արտադրությունը և սեկրեցիան:

Հղիության ընթացքում պրոլակտինի մակարդակն աճում է այս շրջանում շատացած էստրոգենների և պրոգեստերոնի ազդեցությամբ: Պրոլակտինն իր հերթին խթանում է կաթնագեղձի կաթնարտադրությունը:

Հիպերպրոլակտինեմիան (տղամարդկանց և կանանց մոտ) անպտղության գլխավոր պատճառն է: Պրոլակտինի մակարդակի որոշումը կարևոր նշանակություն ունի անօվուլյար ցիկլերի, հիպերպրոլակտինեմիկ ամենորեայի և գալակտորեայի, գինեկոմաստիայի և ազոսպերմիայի ախտորոշման մեջ: Պրոլակտինը որոշվում է նաև այն դեպքերում, երբ կասկածվում է կրծքագեղձերի կամ հիպոֆիզի ուռուցքներ:

Պրոլակտինի բարձր մակարդակ ստանալիս (> 700 մկՄՄ/մլ), որպես լրացուցիչ հետազոտություն կարելի է իրականացնել մակրոպրոլակտինի հետազոտություն:

Հետազոտության ցուցումներ

  • գալակտռրեա
  • կրծքագեղձի ցիկլիկ ցավեր
  • մաստոպաթիա
  • անօվուլյացիա
  • օլիգոմենորեա, ամենորեա
  • արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություններ
  • անպտղություն
  • սեռական ինֆանտիլիզմի ախտորոշում
  • ներքին սեռական օրգանների քրոնիկ բարբոքումների ախտորոշում
  • ֆետո-պլացենտար կոմպլեքսի ֆունկցիոնալ վիճակի համալիր գնահատում
  • իսկական երկարաձգված հղիության տարբերակիչ ախտորոշում
  • հետծննդաբերական կաթնատվության խանգարումներ
  • ծանր ընթացող կլիմաքս
  • գիրացում
  • հիրսուտիզմ
  • լիբիդոյի և պոտենցիայի նվազում (տղամարդկանց մոտ)
  • գինեկոմաստիա (տղամարդկանց մոտ)
  • օստեոպորոզ
  • հիպերպրոլակտինեմիկ վիճակների բուժման տակտիկայի ընտրություն

Կենսանմուշ

«Պրոլակտին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հետազոտությունից մեկ օր առաջ բացառել սեռական հարաբերությունները և ջերմային ազդեցությունները (շոգեբաղնիք), իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտը: Քանի որ պրոլակտինի մակարդակի վրա մեծ ազդեցություն են թողնում սթրեսային վիճակները, ցանկալի է բացառել արդյունքների վրա ազդող ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (վազք, մարզումներ և այլն), հուզումները:

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում, սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ քաղցր): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով:

Արյունը հանձնելուց անմիջապես առաջ անհրաժեշտ է հանգստանալ 10-15 րոպե:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մկՄՄ/մլ (միկրո միջազգային միավոր/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր), մՄՄ/լ (միլի միջազգային միավոր/լիտր)

Միավորների փոխակերպում

նգ/մլ x 21.2 = մկՄՄ/մլ, մՄՄ/լ = մկՄՄ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • տղամարդիկ՝ 86-324 մկՄՄ/մլ (համապատասխանում է 4,04-15,2 նգ/մլ-ին)
  • կանայք (ոչ հղի)՝ 102-496 մկՄՄ/մլ (համապատասխանում է 4,79-23,3 նգ/մլ-ին)

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք Տղամարդիկ, մկՄՄ/մլ Կանայք, մկՄՄ/մլ
0 - 1 ամս. 78-1705
(սկզբնական բարձր մակարդակ՝ հետագա շաբաթների արագ նվազեցմամբ)
6,3-1995
(սկզբնական բարձր մակարդակ՝ հետագա շաբաթների արագ նվազեցմամբ)
1- 2 ամս. < 607 < 628
1 տարեկանից բարձր 73-407 109-557

Արդյունքների մեկնաբանություն

Պրոլակտինի բարձր մակարդակ (հիպերպրոլակտինեմիա)

  • հիպոթալամուսի հիվանդություններ՝ ուռուցքներ (կրանիոֆարինգիոմա, հեմինոմա, հեմարտորմա, գլիոմա, 3-րդ փորոքի ուռուցք, մետաստազներ), ինֆիլտրատիվ հիվանդություններ (X հիստիոցիտոզ, սարկոիդոզ, տուբերկուլոզ, գլխուղեղի կեղծ ուռուցք), զարկերակ-երակային արատներ, հիպոթալամիկ շրջանի ճառագայթում, հիպոֆիզի ոտիկի վնասում (հիպոֆիզի ոտիկի կտրման համախտանիշ)
  • հիպոֆիզի հիվանդություններ՝ պրոլակտինոմա, հիպոֆիզի ադենոմաներ, «դատարկ» թուրքական թամբի համախտանիշ, կրանիոֆարինգիոմա, ինտրացելյուլյար կիստա, Ռատկեի գրպանիկի կիստա, ինտրացելուլյար հեմինոմա, ինտրասելյար մենինգիոմա
  • թերակտիվ վահանաձև գեղձ (առաջնային հիպոթիրեոզ)
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • քրոնիկ երիկամային անբավարարություն
  • լյարդի ցիռոզ
  • մակերիկամների կեղևի անբավարարություն կամ բնածին դիսֆունկցիա
  • էստրոգենների արտադրող ուռուցքներ
  • կրծքավանդակային տրավմաներ
  • հորմոնի էկտոպիկ սեկրեցիա
  • նյարդային անորեքսիա
  • ինսուլինով պայմանավորված հիպոգլիկեմիա
  • գոտևորող հերպես
  • որոշ դեղերի ընդունում՝ Ցիմետիդին, Ռանիտիդին, հակափսիխոտիկ միջոցներ (նեյրոլեպտիկներ, ֆենոթիազինի ածանցյալներ, Մոլինդոն, Լոկսապին, Լիմոզին), Կարբիդոլ, էստրոգեններ, Լաբետալոլ, Մետոկլոպրամիդ (ներերակային ներմուծում, մեծ դեղաչափերի պերօրալ ընդունում), Դանազոլ, Ֆուրոսեմիդ, Պերիդոլ

Պրոլակտինի ցածր մակարդակ (հիպոպրոլակտինեմիա)

  • Շիհանի համախտանիշ (հիպոֆիզի ապոպլեքսիա)
  • որոշ դեղերի ընդունում՝ հակացնցումային միջոցներ (Կարբամազեպին, Վալպրոյաթթու, Լևոդոպա), դոֆամիներգիկ միջոցներ (Բրոմկրիպտին, Կաբերգոլին, Տերգուրիդ, Ռոպիներոլ), կոնյուգացված էստրոգեններ, A ցիկլոսպորին, Դեքսամեթազոն, Դոպամին, Ապոմորֆին, Մետոկլոպրամիդ (օրալ), Մորֆին, Նիֆեդիպին, Ռիֆամպիցին, Սեկրետին, Բոմբեզին, Տամոքսիֆեն, Թիրոքսին
  • ռենտգենաբուժում
  • հիպերգլիկեմիա առաջացնող գործոններ

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Prolactin

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ PRL

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 12-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: