Լաբ թեստեր
Պրոինսուլին

Ընդհանուր նկարագրություն
Պրոինսուլինը ինսուլինի մոլեկուլյար նախորդողն է, որի տրոհումից առաջանում են էքվիմոլյար քանակներով ինսուլին և C-պեպտիդ:
Պրոինսուլինը (Proinsulin) արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների կողմից: Այն հանդիսանում է ինսուլինի՝ ոչ ակտիվ վիճակում պահպանման և պահեստավորման հիմնական ձևը: Այն նաև ինսուլինին նախորդող մոլեկուլն է, որի տրոհումից առաջանում են ինսուլինի և C-պեպտիդի էքվիմոլյար քանակներ: Պրոինսուլինի մոտ 15%-ն անփոփոխ դուրս է գալիս արյան շրջանառություն:
Արյան պրոինսուլինի մակարդակը որոշվում է գլխավորապես ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան բետա-բջիջների ուռուցքների (ինսուլինոմաներ) ախտորոշման համար: Այս հիվանդության ժամանակ պրոինսուլինի, ինսուլինի և C-պեպտիդի մակարդակները բարձրանում են, սակայն հազվադեպ դեպքերում կարող է բարձրանալ միայն պրոինսուլինի մակարդակը:
Պրոինսուլինն օժտված շատ ավելի նվազ կենսաբանական ակտիվությամբ (1:10), բայց՝ ավելի երկար կիսահեռացման պարբերությամբ (3:1), քան ինսուլինը: Չնայած կենսաբանորեն քիչ ակտիվ լինելուն, պրոինսուլինի մակարդակի իզոլացված բարձրացումը կարող է առաջացնել հիպոգլիկեմիկ վիճակներ:
Չարորակացած բետա-բջիջներում արտադրվող հորմոնների փոխհարաբերակցությունը կարող է շեղվել դեպի պրոինսուլինի գերակայությունը: Պրոինսուլին/ինսուլին մոլյար փոխհարաբերակցությունն, օրինակ, ինսուլինոմաների ժամանակ հասում է 25% և ավելի:
Արյան շիճուկի պրոինսուլինի մակարդակի բարձրացում կարող է գրանցվել նաև պրոինսուլինի նյութափոխանակության խանգարման հասցնող հիվանդությունների ժամանակ՝ երիկամային անբավարարություն, լյարդի ցիռոզ, հիպերթիրեոիդիզմ:
Հետազոտության ցուցումներ
- հիպոգլիկեմիկ վիճակների ախտորոշում
- ինսուլինոմայի կասկած
- ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների գործունեության գնահատում
Կենսանմուշ
«Պրոինսուլին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց) : Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
պմոլ/լ (պիկոմոլ/լիտր)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ՝ (0,5-3,5) պմոլ/լ
Արդյունքների մեկնաբանություն
Պրոինսուլինի մակարդակի բարձրացում (քաղցած վիճակում)
- 2-րդ տիպի (ինսուլինա-ոչ կախյալ) դիաբետ
- ընտանեկան հիպերպրոինսուլինեմիա
- ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների ուռուցքներ (ինսուլոմաներ)
- ինսուլին-արտադրող ուռուցքներ
- բետա-բջիջների կղզյակների սեկրեցիայի դեֆեկտներ
- քրոնիկ երիկամային անբավարարություն
- հիպերթիրեոիդիզմ
- լյարդի ցիռոզ
- ծանր հիպոգլիկեմիկ հիպերինսուլինեմիա
- սուլֆանիլմիզաթթվի ածանցյալների (հիպոգլիկեմիկ դեղեր) ընդունում
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Proinsulin
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ PROINS
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: