Skip to main content

Պրոթրոմբին (PT, %, INR) - Մակարդելիություն

Միջազգային անվանում (հապավում). Prothrombin Time, Index, INR (PT, PI, INR)

Նկարագրություն

Պրոթրոմբինը արյան մակարդելիության ցուցանիշների՝ կոագուլոգրամայի կարևորագույն լաբորատոր ցուցանիշներից մեկն է, որը գնահատում է արյան մակարդելիության համակարգի գործունեությունը:

Պրոթրոմբինի լաբորատոր որոշումն իրենից ներկայացնում է երեք ցուցանիշների համադրություն:

  1. Պրոթրոմբինային ժամանակ (PT). արտացոլում է արյան պլազմայի մակարդման ժամանակը՝ դրան թրոմբոպլաստին-կալցիումական խառնուրդ ավելացնելիս: Նման մեթոդը թույլ չի տալիս իրականացնել մի շարք պատասխանների համեմատական գնահատականը, քանի որ տարբեր լաբորատորիաներ օգտագործում են տարբեր մեթոդներ ու սարքեր, և որ ամենակարևորն է, տարբեր ծագման և ակտիվության հյուսվածքային թրոմբոպլաստին:
  2. Պրոթրոմբինային գործակից (PI). սա հսկիչ («նորմալ») և պացիենտի պլազմայի մակարդման ժամանակների հարաբերությունն է՝ արտահայտված տոկոսներով: Մակարդելիության ցուցանիշների ցածր արժեքների դեպքում այս թեստը զգալիորեն կախված է օգտագործված ռեակտիվների զգայունությունից:
  3. Միջազգային նորմալացված գործակից (INR). չափվում է հետևյալ բանաձևով՝ (պացիենտի PT / նորմալ միջին PT)/ISI:

ISI-ն ներկայացնում է թրոմբոպլաստինի զգայունության միջազգային գործակիցը, որը ստացված ցուցանիշները ստանդարտացնում է ըստ միջազգային նորմերի: Սա մաթեմատիկական շտկում է, որի շնորհիվ տարբեր զգայունության թրոմբոպլաստիններով իրականացված հետազոտությունները ստանդարտացվում են ըստ միջազգային ընդունված չափորոշիչի:

INR-ի ցանկալի միջակայքը կախված է անուղղակի հակամակարդիչներով (հակակոագուլյանտներ) բուժման նպատակներից և որոշվում է բուժող բժշկի կողմից:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • արյան մակարդելիության խանգարումների հետազոտություն
  • արյան մակարդելիության համակարգի սքրինինգային հետազոտություն
  • արյան մակարդելիության հսկողություն անուղղակի հակամակարդիչներով երկարատև բուժման ընթացքում (կումարիններ և այլն)
  • լյարդի գործունեության՝ լյարդում պրոթրոմբինային կոմպլեքսի սինթեզի գնահատում

Կենսանմուշ

PT, PI, INR թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը պետք է խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

  • Պրոթրոմբինային ժամանակ` վրկ. (վայրկյան)
  • Պրոթորմբինային գործակից (PI)` % (տոկոս)
  • ՄՆԳ (INR)՝ միավոր

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Պրոթրոմբինային ժամանակ (PT)` 10-14 վրկ.
  • Պրոթորմբինային գործակից (PI)` 80 - 120 %
  • ՄՆԳ (INR)՝ 0,9-1,3 միավոր

Արդյունքների մեկնաբանություն

Պրոթրոմբինային ցուցանիշների ակտիվացում (ժամանակի կարճացում)

  • թրոմբոզների հակում՝ խորանիստ երակների թրոմբոզ և թրոմբոէմբոլիաներ, սրտամկանի ինֆարկտ, նախաինֆարկտային վիճակ, հիպոհիդրատացիա և արյան մածուցիկության բարձրացում, հիպերգլոբուլինեմիա
  • կումարինների ազդեցությունն արգելակող (բարբիտուրատներ, վիտամին K) կամ արգելակմանը նպաստող դեղեր (կորտիկոստերոիդներ, հակաբեղմնավորիչ դեղեր, մեպրոբամատ)
  • հակահիստամինային դեղեր
  • պոլիցիտեմիա
  • չարորակ նորագոյացություննր

Պրոթրոմբինային ցուցանիշների արգելակում (ժամանակի երկարացում)

  • արյան մակարդելիության I, II, V, VII և X գործոնների բնածին կամ ձեռք բերովի դեֆիցիտ
  • իդիոպաթիկ ընտանեկան հիպոպրոթրոմբինեմիա
  • ժառանգական և ձեռքբերովի հիպոֆիբրինոգենեմիա
  • սննդում վիտամին K-ի դեֆիցիտ (II, VII, X գործոններն առաջանում են հեպատոցիտներում վիտամին K-ի մասնակցությամբ)
  • մոր մոտ վիտամին K-ի դեֆիցիտ (նորածինների մոտ հեմոռագիկ դիաթեզ)
  • դեղեր՝ վիտամին K-ի ներհակորդներ (հակակոագուլյանտներ՝ Ֆենիլին և այլն, կումարիններ և դրանց ազդեցությունը բարձրացնող դեղեր՝ անաբոլիկ ստերոիդներ, Կլոֆիբրատ, Գլյուկագոն, Թիրոքսին, Ինդոմետացին, Նեոմիցին, Օքսիֆենբուտազոն, սալիցիլատներ, Հեպարին, Ուրոկինազա/Ստրեպտոկինազա)

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 20-03-2024