Լաբ թեստեր

Պրոստատ-սպեց. հ/ծ, ընդհ.

PSA-T

Ընդհանուր նկարագրություն

Պրոստատ-սպեցիֆիկ հակածինը շագանակագեղձի հյուսվածքներին բնորոշ սպիտակուց է, որն օգտագործվում է որպես այս օրգանի օնկոմարկեր: Իրենից ներկայացնում է շագանակագեղձի ֆիզիոլոգիական էքսկրետոր արտադրությունը:

Ընդհանուր պրոստատ-սպեցիֆիկ հակածինը (PSA total) 34 կԴա (կիլոդալտոն) մոլեկուլյար զանգվածով գլիկոպրոտեին է: Օժտված է էնզիմային (պրոտեազային) ակտիվությամբ և նվազեցում է սերմնահեղուկի մացուծիկությունը:

PSA-ն առկա է շագանակագեղձի ծորանների էպիթելիալ բջիջների ցիտոպլազմայում: PSA հայտնաբերվում է նաև նորմալ գեղձային հյուսվածքում, ադենոմայում և քաղցկեղի մետաստազներում, շագանակագեղձի հյութում և սերմնապլազմայում, սակայն չի հայտնաբերվում մյուս օրգանների նորմալ կամ ուռուցքային հյուսվածքներում:

PSA-ի կիսաքայքայման պարբերությունը կազմում է 4 օր: Արյան պլազմայում այս հակածինը ներկայանում է երկու ձևով՝ ազատ և տարբեր անտիպրոտեազների հետ կապված: Ազատ PSA-ն կազմում է ընդհանուրի շուրջ 10%-ը:

PSA-ի մեծ մասը (90%) կապված է ալֆա-1-անտիխիմոտրիպսինի հետ և մատչելի է լաբորատոր որոշման համար: Հակածնի ոչ մեծ մասը կապված է ալֆա-2-միկրոգլոբուլինի հետ և սովորական մեթոդներով չի հայտնաբերվում, քանի որ հակածնի մոլեկուլը գտնվում է այդ կոմպլեքսի ներսում: Ազատ և կապված ֆրակցիաները միասին կազմում են ընդհանուր PSA-ն:

Ընդհանուր PSA-ի քանակությունը մեծանում է տարիքին զուգահեռ, սակայն այն պետք է չգերազանցի 4 նգ/մլ-ը: Շագանակագեղձի ցանկացած մեխանիկական գրգռումը բերում է արյան շիճուկում ընդհ. PSA-ի մակարդակի զգալի բարձրացման:

Ընդհանուր PSA-ի մակարդակի որոշակի բարձրացում (մինչև 10 նգ/մլ) գրանցվում է շագանակագեղձի մի շարք բարորակ ուռուցքների ժամանակ: Այս գեղձի կարցինոմաների դեպքում ընդհանուր PSA-ն արյան շիճուկում առկա է հիմնականում կապված ձևերով: Ահա թե ինչու ազատ և ընդհանուր PSA-ի հարաբերակցությունը շագանակագեղձի չարորակ նորագոյացությունների ժամանակ նվազում է՝ դառնալով 15%-ից ցածր: Ազատ և ընդհանուր PSA-ի հարաբերակցության գործակիցն առավել օգտակար է հատկապես ընդհ. PSA-ի ոչ զգալի՝ 4,0-ից մինչև 10,0 նգ/մլ բարձրացման դեպքում:

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիաների ժամանակ վերոնշյալ հարաբերակցությունը սովորաբար լինում է 15%-ից բարձր: Ժամանակի ընթացքում ընդհ. PSA-ի հարաճուն կամ կայուն բարձրացումը ավելի հաճախ վկայում է ուռուցքային աճի կամ վիրաբուժական բուժման ոչ արդյունավետ լինելու մասին: Հակառակը, վիրահատական միջամտությունից հետո ընդհ. PSA-ի մակարդակի կայուն նվազեցումը վկայում է բուժական արդյունավետության մասին:

Ընդհ. PSA-ի 30 նգ/մլ և ավելի բարձր արժեքները, որպես կանոն, վկայում են շագանակագեղձի չարորակ նորագոյացության առկայության մասին: Շագանակագեղձի արտահայտված քաղցկեղի և մետաստազների դեպքում գրանցվում է ընդհ. PSA-ի 1000 նգ/մլ և ավելի բարձր ցուցանիշներ:

Բուժման հսկողության համար ավելի նպատակահարմար է PSA-ի մակարդակը համեմատել դինամիկայում նախորդ ցուցանիշների, այլ ոչ թե նորմալ արժեքների հետ:

Հետազոտության ցուցումներ

  • շագանակագեղձի կարցինոմայի ընթացքի հսկողություն, մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և բուժման արդյունավետության գնահատում
  • շագանակագեղձի հիպերտրոֆիայով հիվանդների հսկողություն կարցինոմայի հնարավորինս վաղ հայտնաբերման նպատակով
  • 50 տարեկան անց տղամարդկանց սքրինինգային հետազոտություն

Կարևոր է հաշվի առնել, որ PSA-ի մակարդակը կարող է բարձրանալ շագանակագեղձի բիոպսիայից, մերսումից և պրոստատէկտոմիայից հետ 3 շաբաթվա ընթացքում:

Պացիենտի երկարատև հսկողության համար ցանկալի է PSA-ի հետազոտություններն իրականացնել նույն լաբորատորիայում՝ լաբորատոր նույն մեթոդի կիրառմամբ:

Կենսանմուշ

«Պրոստատ-սպեց. հ/ծ, ընդհ.» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չի թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:

Արյան հանձնումը պետք է իրականացնել մինչև շագանակագեղձի մերսումը, մատային ռեկտալ զննումը, տրանսռեկտալ ուլտրաձայնային հետազոտությունը, բիոպսիան, լազերային բուժումը, էրգոմետրիան, ցիստո- և կոլոնոսկոպիան և շագանակագեղձի մեխանիկական ազդեցության այլ միջոցները կամ ոչ վաղ, քան թվարկված միջամտություններից 6-7 օր անց:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • նորմա՝ մինչև 4 նգ/մլ
  • սահմանային՝ 4-10 նգ/մլ (ցանկալի է չափել նաև ազատ PSA-ն և հաշվարկել ընդհանուր PSA-ի մեջ վերջինիս տոկոսը՝ PSA-F/PSA-T %)
  • ախտաբանական բարձր՝ > 10 նգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

Ընդհանուր PSA մակարդակի բարձրացում

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Prostate-Specific Antigen, Total

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ PSA-T

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 14-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: