Լաբ թեստեր
Էրիթրոցիտներ

Ընդհանուր նկարագրություն
Էրիթրոցիտներն արյան բարձրմասնագիտացված անկորիզ բջիջներն են, որոնք պարունակում են շնչառական պիգմենտ՝ երկաթ պարունակող հեմոգլոբին սպիտակուցը, որի շնորհիվ էլ իրականացնում են թթվածնի փոխադրում թոքերից դեպի հյուսվածքներ:
Էրիթրոցիտները կամ արյան կարմիր գնդիկները (Erythrocytes, RBC) կորիզազուրկ են, ունեն երկգոգ սկավառակի տեսք: Կորիզի տեղը զբաղեցնում են հեմոգլոբինի մոլեկուլները: Էրիթրոցիտների թաղանթը կիսաթափանցիկ է: Թաղանթի վրա ֆիքսված են շուրջ 300 հակածիններ:
Էրիթրոցիտներն արտադրվում են կարմիր ոսկրածուծում՝ էրիրթրոպոետինի խթանող ազդեցության ներքո: Էրիթրոպոետինը սինթեզվում է երիկամներում: Էրիթրոցիտներում հեմոգլոբինի նորմալ սինթեզի համար անհրաժեշտ է բավարար քանակությամբ երկաթ, ինչպես նաև վիտամին B12 և ֆոլաթթու: Էրիթրոցիտների կյանքի առավելագույն տևողությունը 120 օր է: Ծերացած էրիթրոցիտներում ադենոզինեռաֆոսֆատի քանակը աստիճանաբար ընկնում է, թաղանթը կորցնում է ճկունությունը, զրկվում սիալաթթվից, դառնում կլորավուն և ենթարկվում ներբջջային կամ ներանոթային հեմոլիզի: Էրիթրոցիտների քայքայումն ընթանում է փայծաղում և ռետիկուլոէնդոթելիալ համակարգում:
Էրիթրոցիտներն իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր մակրոմոլեկուլներ, հորմոններ, ամինաթթուներ, նուկլեոտիդներ և այլն: Թաղանթը պարունակում է սիալաթթու, որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը: Էրիթրոցիտները մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում են արյան խմբային պատկանելիությունը:
Չափահաս տղամարդու արյան 1 մմ3 ծավալը պարունակում է 4,5-5 մլն էրիթրոցիտ, իսկ կնոջը՝ 3,8-4,5 մլն: Նորածինների մոտ այն հասնում է 7,5 մլն-ի, ինչը կապված է երեխայի թթվածնային պակասի հետ, հատկապես ծնվելու պահին: Թթվածվի մատակարարման պորտալարային ձևից թոքային շնչառության անցնելիս երեխայի էրիթրոցիտների քանակը աստիճանաբար կանոնավորվում է: Մեծ քանակությամբ էրիթրոցիտների քայքայումը պատճառ է դառնում հեմոգլոբինի վերածմանը բիլիռուբին գունակի, որն էլ դեղնացնում է երեխայի մաշկը: Մեկ շաբաթական երեխայի 1 մմ3 մոտ 1 միլիոնով այն պակասում է, իսկ վեց ամսեկանում հասնում է 4,5 մլն-ի:
Նորածնի արյան մեջ սկզբնական շրջանում հայտնաբերվում են մեծ քանակությամբ կորիզավոր էրիթրոցիտներ: Ծնվելուց մեկ օր անց նման էրիթրոցիտների թիվը 1 մմ3-ում հասնում է 600-ի, 1 շաբաթականների մոտ՝ 160-ի, իսկ 30-40 օրական երեխաների մոտ արդեն գրեթե չեն հանդիպում:
Էրիթրոցիտների քանակի ավելացումը (էրիթրոցիտոզ) կարող է լինել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, ֆիզիկական աշխատանքի ժամանակ, հղիության ընթացքում, քաղցած ժամանակ:
Էրիթրոցիտների քանակի նվազումը կոչվում է էրիթրոպենիա: Այն կարող է դիտվել մեծ քանակությամբ հեղուկներ ընդունելիս, սակավարյունության ժամանակ:
Հետազոտության ցուցումներ
- պլանային կանխարգելիչ հետազոտություն
- հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
- վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
- հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն
Կենսանմուշ
«Էրիթրոցիտներ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
1012 բջիջ/լ (տրիլիոն հատ էրիթրոցիտ 1 լիտրում)
Այլընտրանքային չափման միավոր
106 բջիջ/մկլ (միլիոն հատ 1 միկրոլիտրում)
Միավորների փոխակերպում
1012/լ = 106/մկլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Էրիթրոցիտների թվաքանակ
- կանայք՝ 4,2-5,4 x 1012/լ
- տղամարդիկ՝ 4,6 - 6,2 x 1012/լ
Հարակից ցուցանիշներ
- էրիթրոցիտների միջին ծավալ (նմուշի ընդհանուր ծավալում) (MCV)՝ 80-100 fl.
- էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին ծավալ (MCH)՝ 27-33 pg
- էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին խտություն (MCHC)՝ 32-36 գ/լ
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք, սեռ/td> | RBC, մլն/մկլ (х106/մկլ) | |
Երեխաներ | ||
1 - 14 օր. | 3,90 - 5,90 | |
14 օր. - 4,3 շաբ. | 3,30 - 5,30 | |
4,3 շաբ. - 4 ամս. | 3,50 - 5,10 | |
4 - 6 ամս. | 3,90 - 5,50 | |
6 - 9 ամս. | 4,00 - 5,30 | |
9 - 12 ամս. | 4,10 - 5,30 | |
12 ամս. - 3 տ. | 3,80 - 4,80 | |
3 - 6 տ. | 3,70 - 4,90 | |
6 - 9 տ. | 3,80 - 4,90 | |
9 - 12 տ. | 3,90 - 5,10 | |
12 - 15 տ. | Աղջիկներ | 3,80 - 5,00 |
Տղաներ | 4,10 - 5,20 | |
15 - 18 տ. | Աղջիկներ | 3,90 - 5,10 |
Տղաներ | 4,20 - 5,60 | |
18 - 45 տ. | Կանայք | 3,80 - 5,10 |
Տղամարդիկ | 4,30 - 5,70 | |
45 - 65 տ. | Կանայք | 3,80 - 5,30 |
Տղամարդիկ | 4,20 - 5,60 | |
≥ 65 տ. | Կանայք | 3,80 - 5,20 |
Տղամարդիկ | 3,80 - 5,80 |
Արդյունքների մեկնաբանություն
Էրիթրոցիտների թվաքանակի բարձրացում (էրիթրոցիտոզ)
- ջրազրկում (արտահայտված փորլուծություն, կրկնակի փսխումներ, ուժեղացած քրտնարտադրություն, շաքարային դիաբետ, այրվածքային հիվանդություն, պերիտոնիտ)
- ֆիզիոլոգիական էրիթրոցիտոզներ (բարձր լեռնային շրջաններում բնակվողներ, օդաչուներ, մարզիկներ)
- սիմպտոմատիկ էրիթրոցիտոզներ (շնչառական անբավարարություն, սրտանոթային անբավարարություն, երիկամների պոլիկիստոզ)
- էրիթրեմիա
Էրիթրոցիտների թվաքանակի նվազեցում (էրիթրոպենիա)
- տարբեր ծագման անեմիաներ
- հիպերհիդրատացիա
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Erythrocytes (Red Blood Cells)
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ RBC
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: