Skip to main content

Ռետիկուլոցիտներ - Կլինիկական հետազոտություններԱրյան ընդհանուր քննություն

Միջազգային անվանում (հապավում). Reticulocytes (Ret)

Նկարագրություն

Ռետիկուլոցիտները հասուն էրիթրոցիտների անմիջական նախորդներն են։

Ռետիկուլոցիտները հատիկավոր բբջանյութով երիտասարդ էրիթրոցիտներ են, որոնք հայտնաբերվում են հատուկ (սուպրավիտալ) ներկման միջոցով։ Ի տարբերություն էրիթրոցիտների, որոնց ներբջջային կառուցվածքները լուսային միկրոսկոպիայով դիտելիս չեն երևում, ռետիկուլոցիտներում հայտնաբերվում են հատիկավոր և թելանման տարրեր։

Ռետիկուլոցիտներ հայտնաբերվում են ինչպես կարմիր ոսկրածուծում, այնպես էլ ծայրամասային արյան մեջ։ Էրիթրոցիտների առաջացման (էրիթրոպոեզ) արագացման ժամանակ ռետիկուլոցիտների մասնաբանաժինը մեծանում է, իսկ դանդաղելուց՝ նվազում։ Էրիթրոցիտների ուժեղացած քայքայման ժամանակ ռետիկուլոցիտների մասնաբաժինը կարող է անցնել 50%-ը։ Խիստ արագացած էրիթրոպոեզի դեպքում արյան մեջ կարող են հայտնվել նաև նորմոբլաստներ (ռետիկուլոցիտների նախորդողներ)։

Նորածինների մոտ ռետիկուլոցիտների մասնաբաժինն ավելի մեծ է, քան չափահասների մոտ։

Ռետիկուլոցիտների քանակ

Ռետիկուլոցիտների քանակն արտացոլում է կարմիր ոսկրածուծում էրիթրոցիտների արտադրության արագությունը։ Այս համատեքստում, ռետիկուլոցիտների քանակության հաշվումը կարող է օգնել էրիթրոպոեզի ակտիվության աստիճանը գնահատելիս։

Ռետիկուլոցիտների տոկոս

Հաշվարկվում է հետևյալ պարզ բանաձևով՝

Ռետիկուլոցտիներ % = (Ռետիկուլոցիտների թիվ / Ընդհանուր արյան կարմիր գնդիկների թիվ) x 100

Ռետիկուլոցիտային ցուցանիշ

Սակավարյունության (անեմիա) գնահատման համար նպատակահարմար է օգտագործել ռետիկուլոցիտային ցուցանիշը (ինդեքս), որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Ռետիկուլոցիտային ցուցանիշ = ((Ռետիկուլոցիտների % x հեմատոկրիտ) / 45) x 1,85

որտեղ 45-ը նորմալ հեմատոկրիտն է, իսկ 1,85-ը նոր ռետիկուլոցիտների ծայրամասային արյան մեջ հայտնվելու օրերի թիվը։

  • Ռետիկուլոցիտային ցուցանիշ < 2 վկայում է անեմիայի հիպոպրոլիֆերատիվ բաղադրիչի մասին
  • Ռետիկուլոցիտային ցուցանիշ > 2-3 վկայում է էրիթրոցիտների արտադրության ակտիվացման մասին

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • անարդյունավետ արյունաստեղծման (էրիթրոպոեզ) կամ էրիթրոցիտների առաջացման նվազեցման ախտորոշում (կարող է հաջորդել արյան ընդհանուր հետազոտությանը)
  • երկաթի, ֆոլաթթվի, վիտամին B12-ի, էրիթրոպոետինի պատրաստուկներով բուժման գնահատում
  • կարմիր ոսկրածուծի փոխպատվասման ազդեցության մշտադիտարկում
  • էրիթրոսուպրեսորներով բուժման մշտադիտարկում
  • անեմիաների տարբեր տեսակների միջև տարբերակման անցկացում և ախտորոշում

Կենսանմուշ

Ret թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը ցանկալի է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը 8-14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Արյան կենսանմուշը նաև կարելի է հանձնել թեթև նախաճաշից 4 ժամ հետո։

Թեստի նախորդ օրը պետք է բացառել բարձրացած հոգեհուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (վարժանքներ, մարզական պարապմունքներ) և ալկոհոլի ընդունումը։

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Ռետիկուլոցիտների տոկոս (%)

Այլընտրանքային չափման միավոր

Ռետիկուլոցիտների պրոմիլ (‰)

Չափման միավորների փոխակերպում

% х 10 = ‰

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործման միջակայքեր

ՏարիքՌետիկուլուցիներ, ‰
> 2 օր 30 - 70
2 - 6 օր 10 - 30
6 - 8 օր 0 - 10
8 օր- 5 շաբաթ2 - 20
5 շաբաթ - 7 շաբաթ3 - 35
7 շաբաթ - 10 շաբաթ4 - 48
10 շաբաթ - 12 շաբաթ3 - 42
12 շաբաթ - 15 շաբաթ3 - 36
15 շաբաթ - 12 ամիս 2 - 28
> 1 տարեկան, տղամարդիկ5,1 - 18,1
> 1 տարեկան, կանայք 5,0 - 17,0

Արդյունքների մեկնաբանություն

Ռետիկուլոցիտների մակարդակի բարձրացում

  • արյան կորուստ կամ էրիթրոցիտների քայքայում (բարձրացում 3-6 անգամ)
  • հեմոլիտիկ անեմիա (մինչև 300‰)
  • В12-դեֆիցիտային անեմիաների բուժում (մինչև 200‰, ռետիկուլյար կրիզ վիտամին В12-ով բուժման 5-8 օրերին)
  • երկաթ-դեֆիցիտային անեմիաների արդյունավետ բուժում երկաթի պատրաստուկներով (բուժման 8-12 օրեր)
  • թալասեմիա
  • մալարիա
  • այլ հեմոլիտիկ հիվանդություններ (պոլիցիտեմիա, կարմիր ոսկրածուծում քաղցկեղային մետաստազներ)
  • սուր թթվածնաքաղց (հիպօքսիա)

Ռետիկուլոցիտների մակարդակի նվազեցում

  • ապլաստիկ անեմիա
  • հիպոպլաստիկ անեմիա
  • չբուժված В12-դեֆիցիտային անեմիա
  • արյունաստեղծ համակարգի աուտոիմուն հիվանդություններ
  • ալկոհոլիզմ
  • քաղցկեղի մետաստազներ ոսկրերում
  • միքսեդեմա
  • երիկամային հիվանդություն

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 06-06-2019
Վերջին վերանայում՝ 07-11-2023