Skip to main content

Սիֆիլիս (RPR) - Վարակներ

Միջազգային անվանում (հապավում). Rapid Plasma Reagin Test (RPR)

Նկարագրություն

RPR թեստը զգայուն ոչ տրեպոնեմային թեստ է, որն օգտագործվում է սիֆիլիսի սքրինինգի և համապարփակ ախտորոշման համար՝ որպես Վասերմանի ռեակցիայի (RW) ժամանակակից անալոգ:

Այն օգտագործում է կարդիոլիպինային հակածին (անտիգեն) և հանդիսանում է Վեներական հիվանդությունների հետազոտական լաբորատորիայի (VDRL) ձևափոխված տարբերակը: Այս թեստի մյուս անվանումներից են՝ սիֆիլիսի համար արյան անալիզ, ոչ սպեցիֆիկ հակաֆոսֆոլիպիդային (ռեագինային) թեստ, Վասերմանի ռեակցիայի ժամանակակից անալոգ (RW), ոչ տրեպոնեմային թեստ, արագ պլազմայի ռեագինի թեստ (RPR), սիֆիլիսի սքրինինգային թեստ (SST):

RPR-հակամարմինները (ռագինններ) պատկանում են IgG և IgM դասին և ուղղված են սիֆիլիսով հիվանդի վնասված բջիջներից ազատված լիպոիդային նյութի հակածինների (անտիգենների) դեմ: Այս հակամարմինները չեն համարվում Treponema pallidum-ի հակածինների համար սպեցիֆիկ, ուստի RPR թեստը դասակարգվում է որպես սիֆիլիսի լաբորատոր ախտորոշման ոչ տրեպոնեմային թեստերի խումբ:

Այս թեստն ունի բարձր զգայունություն և թույլ է տալիս հայտնաբերել ակտիվ վարակը: RPR թեստը հաճախ խորհուրդ է տրվում սիֆիլիսի բուժման ընթացքի առաջնային գնահատման և վերահսկման համար: Թեստով հայտնաբերված հակաֆոսֆոլիպիդային (հակակարդիոլիպինային) հակամարմինները հայտնաբերվում են առաջնային սիֆիլիսով հիվանդների 70-80%-ի և երկրորդային ու վաղ թաքնված սիֆիլիսով հիվանդների գրեթե 100%-ի մոտ: Դեպքերի մեծ մասում RPR թեստի դրական արդյունքը նշվում է առաջնային շանկրի հայտնվելուց 7-10 օր հետո (կամ վարակվելուց 3-5 շաբաթ անց): Տիտրերը նվազում են սիֆիլիսի երկրորդական փուլի սկսվելուց հետո: Հիվանդության ուշ փուլերում գտնվող և բուժում անցած որոշ հիվանդները դառնում են RPR թեստի նկատմամբ ոչ ռեակտիվ (եթե կասկածվում է հիվանդության ուշ փուլերում, խորհուրդ է տրվում միաժամանակ նշանակել տրեպոնեմային թեստ): Բուժման վերահսկման նպատակով RPR թեստ կիրառելիս բուժումից հետո RPR տիտրը չորս կամ ավելի անգամ կրճատումը մեկ տարվա ընթացքում հաստատում է դրա արդյունավետությունը: Սիֆիլիսի բուժումից հետո դեպքերի 90-98%-ում RPR թեստի արդյունքը դառնում է բացասական:

Հակակարդիոլիպինային (հակաֆոսֆոլիպիդային) հակամարմինները կարող են հայտնվել ոչ միայն սիֆիլիսի կամ այլ տրեմոնեմային վարակների պատճառով, այլև մի շարք այլ հիվանդությունների և վիճակների դեպքում (հատկապես՝ հաճախ աուտոիմուն խանգարումների դեպքում, ինչպիսիք են համակարգային կարմիր գայլախտը և հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը): Նման վիճակները կարող են սիֆիլիսի հայտնաբերման RPR թեստի արդյունքը դարձնել կեղծ դրական: Հետևաբար, RPR թեստով դրական արդյունք ստանալիս պարտադիր է լրացուցիչ հաստատող տրեպոնեմային հետազոտության անցկացում (դժգույն տրեպոնեմայի կամ Treponema pallidum-ի հակածինների նկատմամբ IgG, IgM հակամարմինների թեստ), որի բացասական արդյունքը թույլ է տալիս բացառել սիֆիլիսը: Այս թեստերի համակցված նշանակումը ներկայացնում է լաբորատոր հետազոտության լավագույն տարբերակը ' բոլոր փուլերում սիֆիլիսը հայտնաբերելու կամ բացառելու համար: Լաբորատոր հետազոտությունների արդյունքները պետք է գնահատվեն կլինիկական և անամնեստիկ տվյալների հետ համատեղ՝ կասկածի դեպքում կիրառելով խորացված հետազոտություններ՝ օգտագործելով տրեպոնեմային թեստերի այլընտրանքային տարբերակներ (օրինակ՝ սիֆիլիսի IgG իմունոբլոտ, տարատեսակ նմուշներում դժգույն տրեպոնեմայի ԴՆԹ-ի որոշում ՊՇՌ մեթոդով):

Միևնույն ժամանակ, RPR թեստը սպեցիֆիկ չէ, և երբեմն կարող է առաջանալ կեղծ-դրական ռեակցիա: Հակալիպոիդային հակամարմինները կարող են ի հայտ գալ ոչ միայն սիֆիլիսի կամ մեկ այլ տրեպոնեմային վարակի, այլև սուր կամ քրոնիկ բնույթի ոչ տրեպոնեմային հիվանդությունների ժամանակ, որոնք ընթանում են հյուսվածքների ախտահարմամբ (առավել հաճախ՝ աուտոիմուն հիվանդությունների դեպքում):

Դրական RPR արդյունքի դեպքում բուժառուն պետք է հետազոտվի մաշկավեներոլոգի կողմից և անցնի արյան կրկնակի թեստեր՝ սպեցիֆիկ տրեպոնեմային թեստերի օգտագործմամբ:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • սիֆիլիսի կասկածի դեպքում առաջնային հետազոտություն (ցանկացած որևէ մեկ տրեպոնեմային թեստերով հաստատող դրական ռեակցիաների դեպքում)
  • թաքնված սիֆիլիսի ախտորոշում (երկու տրեպոնեմային թեստերով հաստատող դրական ռեակցիաների դեպքում)
  • դոնորների հետազոտություն (տրեպոնեմային թեստի հետ զուգակցված)
  • սքրինինգային հետազոտություն

Կենսանմուշի հանձնում

Հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Խորհուրդ է տրվում արյունը հանձնել վերջին կերակուրից ոչ շուտ, քան 4 ժամ անց:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Որպես որակական թեստ, չափման միավոր չունի:

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

  • Հակակարդիոլիպինային հակամարմինների հայտնաբերման դեպքում տրվում է «դրական» պատասխան և նշումներում կարող է ներկայացվել տիտրի արժեքը:
  • Հակակարդիոլիպինային հակամարմինների բացակայության դեպքում տրվում է «բացասական» պատասխան:

Արդյունքների մեկնաբանություն

Թեստի արդյունքների մեկնաբանությունը տեղեկատվություն է տրամադրում բուժող բժշկի համար և չի համարվում ախտորոշում: Ճշգրիտ ախտորոշումը դնում է բժիշկը՝ հիմնվելով այս, այլ թեստերի, ձեր գանգատների ու ախտանիշների, ինչպես նաև անամնեզի վրա:

Դրական RPR թեստ

  • RPR-առաջնային շճադրական սիֆիլիս (վարակումը տեղի է ունեցել 1-3 ամիս առաջ)
  • երկրորդային շճադրական սիֆիլիս (վարակումը տեղի է ունեցել ավելի քան 3 ամիս առաջ)
  • երրորդային շճադրական սիֆիլիս (վարակումը տեղի է ունեցել ավելի քան 3-4 տարի առաջ)
  • սիֆիլիսից բուժման առաջին տարի
  • սիֆիլիսի բուժումից հետո շճակայունություն
  • հնարավոր է հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ (եթե հետազոտությունը կատարվել է այս համախտանիշի համար և սիֆիլիսը ժխտված է)
  • կեղծ դրական ռեակցիա հետևյալ դեպքերում՝
    • հղիություն
    • շաքարային դիաբետ
    • տուբերկուլոզ
    • ուռուցքային հիվանդություններ
    • աուտոիմուն (համակարգային) հիվանդություններ
    • պոդագրա
    • ալկոհոլիզմ
    • թմրամոլություն
    • ոչ սիֆիլիսային տրեպոնեմաների կրում
    • էնտերովիրուսային վարակներ
    • վիրուսային հեպատիտներ
    • թոքաբորբեր
    • պատվաստումից հետո

Բացասական RPR թեստ

  • վարակի բացակայություն
  • չի կարելի բացառել վաղ առաջնային (շճաբացասական) սիֆիլիսը
  • չի կարելի բացառել ուշ երրորդային սիֆիլիսը

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 27-03-2024
Վերջին վերանայում՝ 27-03-2024