Լաբ թեստեր

Կորոնավիրուս SARS-CoV-2, ՌՆԹ-ի որոշում, որակական, քիթըմպանի և/կամ բերանըմպանի քսուքում

SARS-CoV-2 RNA (PCR)

Ընդհանուր նկարագրություն

Սա ՊՇՌ հետազոտություն է, որը թույլ է տալիս հաստատել SARS-CoV-2 վարակի առկայության կամ բացակայության փաստը, այդ թվում՝ հայտնաբերել առանց կլինիկական դրսևորման նոր կորոնավիրուսով վարակված անձանց:

Նոր կորոնավիրուսի (SARS-CoV-2) ախտորոշումը ՌՆԹ-ի որոշմամբ իրականացվում է ՊՇՌ մեթոդով, որի դեպքում որպես կենսանմուշ օգտագործվում է քիթըմպանային կամ բերանըմպանային լորձաթաղանթից քսուք:

Այս վարակի և հետազոտության մյուս անվանումներն են՝ կովիդ-19, նոր կորոնավիրուսային վարակ, նոր կորոնավիրուսի ՌՆԹ, SARS-CoV-ի ՌՆԹ քիթըմպանային կամ բերանըմպանային լորձաթաղանթի քսուքում:

SARS-CoV-2-ը պատկանում է ՌՆԹ պարունակող վիրուսների մեծ ընտանիքին՝ կորոնավիրուսներին (լատիներեն՝ Coronaviridae), որոնք առաջացնում են շնչառական հիվանդություններ: Ներկա պահին հայտնի են բնակչության մեջ շրջանառող կորոնավիրուսների 4 տեսակներ (HCoV-229E, -OC43, -NL63 և -HKU1), որոնք առկա են տարվա բոլոր սեզոններին հանդիպող ՍՇՎՎ-ի կազմության մեջ և, որպես կանոն, առաջացնում են վերին շնչուղիների թեթև կամ միջին աստիճանի ախտահարում: Կորոնավիրուսների ընտանիքին են պատկանում նաև վտանգավոր համարվող SARS-CoV և MERS-CoV վիրուսները, որոնք կարող են առաջացնել համապատասխանաբար սուր ծանր շնչառական համախտանիշ և մերձարևելյան շնչառական համախտանիշ:

Նոր կորոնավիրուսով (SARS-CoV-2) վարակման գլխավոր աղբյուրը հիվանդ մարդն է, այդ թվում՝ հիվանդության ինկուբացիոն («գաղտնի») շրջանում: Ներկայում համարվում է, որ վարակը փոխանցվում է օդակաթիլային (հազալիս, փռշտալիս, խոսելիս), օդափոշային և սերտ շփման ճանապարհներով: Ընդ որում, փոխանցման գործոններ կարող են հանդիսանալ SARS-CoV-2-ով ախտոտված օդը, սննդամթերքները և խնամքի միջոցները:

Ինկուբացիոն («գաղտնի») շրջանը տևում է 2-ից մինչև 14 օր:

Մարդկանց մեծ մասի մոտ (դեպքերի 80%) վարակն ընթանում է անախտանիշ կամ թեթև, 10-15%-ի մոտ՝ միջին ծանրությամբ, իսկ 2-5%-ի մոտ հիվանդությունը ստանում է ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացք:

SARS-CoV-2 վիրուսով հարուցվող և COVID-19 անվանումը ստացած հիվանդության ախտորոշումն իրականացվում է կլինիկական նշանների, համաճարակաբանական անամնեզի և լաբորատոր հետազոտությունների հիման վրա:

Հիվանդությունը բնորոշվում է ընդհանուր մրսածության (ՍՇՎՎ) կլինիկական նշանների դրսևորմամբ: Հիմնական ախտանիշներից են՝ ջերմության բարձրացում, չոր կամ քիչ խորխով հազ, հևոց, մկանային ցավեր, ընդհանուր հոգնածություն, համի ու հոտի զգացողությունների կորուստ և կրծքավանդակում ծանրության զգացում: COVID-19 հիվանդության վաղ փուլերում հնարավոր են նաև փորլուծություն, սրտխառնոց և փսխում: Տարբերում են հիվանդության թեթև, միջին ծանրության և ծանր ընթացքներ: Ծանր ընթացքը բնորոշվում է սուր շնչառական անբավարարությամբ ուղեկցվող թոքաբորբով (պնևմոնիա), սուր շնչառական դիսթրես համախտանիշով (ՍՇԴՀ) և սեպսիսով:

Ռեալ ժամանակի մեջ ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) մեթոդով թեստավորումն իրականացվում է հատուկ լաբորատորիաներում: Սա համարվում է SARS-CoV-2 վիրուսային վարակի առկայությունը հաստատող հետազոտություն:

  • Հետազոտության զգայունություն. թեստը թույլ է տալիս հայտնաբերել կենսանմուշի մեջ SARS-CoV-2 վիրուսի 1×103 թվաքանակ:
  • Հետազոտության սպեցիֆիկություն. այս թեստով վիրուսների այլ տեսակների (А և В գրիպ, պարագրիպ, ադենովիրուսային վարակ և HCoV-NL63, HCoV-OC43, HCoV-229E, HCoV-HKU1-ով հարուցված մարդու կորոնավիրուսային վարակներ) և միկրոօրգանիզմների հետ (Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, Streptococcus pyogenes, Staphylococcus aureus) խաչաձև ռեակցիաներ չեն դիտարկվել:

Հետազոտության ցուցումներ

  • SARS-CoV-2 վարակի առկայության (ախտորոշման հաստատման) կամ բացակայության փաստի արձանագրում, այդ թվում՝ անախտանիշ կրողների կամ վարակված անձանց շրջանում:

Կենսանմուշ

«Կորոնավիրուս SARS-CoV-2, ՌՆԹ-ի որոշում, որակական, քիթըմպանի և/կամ բերանըմպանի քսուքում» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ քիթըմպանային և (կամ) բերանըմպանային լորձաթաղանթից քսուք։

Կենսանմուշի հանձնում

Խորհուրդ է տրվում կենսանմուշը վերցնել մինչև դեղերի ընդունումը:

Քիթըմպանային և (կամ) բերանըմպանային քսուքի նմուշառմանը նախապատրաստելիս պետք է հաշվի առնել հետևյալը՝

  • նմուշառումից առնվազն 6 ժամ առաջ խորհուրդ չի տրվում օգտագործել բերանըմպանի ողողման կամ իրենցից սփրեյ ներկայացնող դեղամիջոցներ
  • նմուշառումից անմիջապես առաջ խորհուրդ չի տրվում օգտագործել ծամոն (մաստակ) կամ շնչառության թարմացման այլ միջոցներ
  • եթե քթի խոռոչը լցված է լորձով, ապա խորհուրդ է տրվում մինչև նմուշառումը մաքրել քիթը («խնչել»):

Չափման միավորներ

բացակայում է

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

բացակայում է

Արդյունքների մեկնաբանություն

Հետազոտության արդյունքը ոչ թե հանդիսանում է ախտորոշում, այլ պարզապես բուժող բժշկի համար պարունակում է կարևոր տվյալ:

Որպես որակական հետազոտություն, կարող է ստացվել «հայտնաբերված է» (դրական) կամ «չի հայտնաբերված» (բացասական) պատասխաններից մեկնումեկը:

  • «Հայտնաբերված է»՝ հետազոտված կենսանմուշում հայտնաբերվել են SARS-CoV-2 վիրուսին հատուկ ՌՆԹ-ի մասնիկներ:
  • «Չի հայտնաբերված»՝ հետազոտված կենսանմուշում SARS-CoV-2 վիրուսին հատուկ ՌՆԹ-ի մասնիկներ չեն հայտնաբերվել կամ հարուցիչի խտությունը մեթոդի զգայունությունից ավելի ցածր է:

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Coronavirus SARS-CoV-2 RNA detection, qualitative, in nasopharyngeal and/or oropharyngeal smear

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ SARS-CoV-2 RNA (PCR)

Հոդվածը տեղադրվել է՝ 01-12-2020 վերանայվել է՝ 23-01-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: