Լաբ թեստեր
Նատրիում (իոնական)

Ընդհանուր նկարագրություն
Նատրիումն արտաբջջային տարածության հիմնական կատիոնն է:
Նատրիումը (Sodium, Na+) հանդիսանում է արտաբջջային տարածության կարևոր օսմոտիկորեն ակտիվ բաղադրիչը, որն ապահովում է արտաբջջային հեղուկների ծավալի կարգավորումը: Na+-ի ընդհանուր քանակության 96%-ն ունի արտաբջջային տեղակայում: Նատրիումի իոնները մասնակցում են նյարդային և մկանային բջիջներով գրգռման հաղորդմանը, արյան հիմնային պահուստի ձևավորմանը և ջրածնի իոնների տեղափոխմանը:
Արյան պլազմայում (շիճուկում) նատրիումի մակարդակը կախված է հետևյալ գործընթացների միջև հավասարակշռությունից՝ նատրիումի մուտք օրգանիզմ, տեղաբաշխում օրգանիզմում և հեռացում երիկամներով ու քրտնագեղձերով: Նատրիումի փոխանակության հիմնական կարգավորիչները ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգն է, հակադիուրետիկ հորմոնը (վազոպերսին), նախասրտային նատրիուրետիկ հորմոնը:
Հետազոտության ցուցումներ
- ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ՝ փսխումներ, փորլուծություն
- մակերիկամային անբավարարություն
- երիկամային հիվանդություններ
- հեղուկների ուժեղացված կորուստ, ջրազրկում
Կենսանմուշ
«Նատրիում (իոնական)» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մմոլ/լ (միլիմոլ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր), մէք/լ (միլիէքվիվալենտ/լիտր)
Միավորների փոխակերպում
մգ/դլ x 0,25 = մմոլ/լ, մէք/լ = մմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ, արյան շիճուկ՝ (136‑148) մմոլ/լ
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք | Na+ մակարդակ, մմոլ/լ |
1 օր.-4,3 ամս | 133 - 146 |
4,3 ամս.-24 ամս. | 139 - 146 |
24 ամս.-14 տ. | 138 - 145 |
14-90 տ. | 136 - 145 |
> 90 տ. | 132 - 146 |
Արդյունքների մեկնաբանություն
Նատրիումի մակարդակի բարձրացում (հիպերնատրիեմիա)
- հիպերտոնիկ դեհիդրատացիա՝ ա) հեղուկների կորուստ մաշկով (ուժեղ քրտնարտադրություն), բ) հեղուկների կորուստ թոքերով (երկարատև հևոց), գ) հեղուկների կորուստ ստամոքսաղիքային ուղիով (հաճախակի փսխումներ, ծանր փորլուծություն), դ) բարձր տենդ (որովայնային տիֆ, պարատիֆ, բծավոր տիֆ և այլն)
- ջրի անբավարար մուտք օրգանիզմ
- Na+-ի պահպանում երիկամներում (մեզով հեռացման նվազեցում)՝ առաջնային և երկրորդային հիպերալդոստերոնիզմ, Քուշինգի համախտանիշ (կորտիկոստերոիդների ավելցուկ)
- նատրիումական աղերի ավելցուկային ներմուծում (օրինակ՝ NaCl-ի հիպերտոնիկ լուծույթներ)
- որոշ դեղերի ընդունում՝ ադրենոկորտիկոտրոպ հորմոն, անաբոլիկ ստերոիդներ, անդրոգեններ, կորտիկոստերոիդներ, էստրոգեններ, մեթիլդոֆա, օրալ հակաբեղմնավորիչներ, նատրիումի բիկարբոնատ
Նատրիումի մակարդակի նվազեցում (հիպոնատրիեմիա)
- Na+-ի անբավարար մուտք օրգանիզմ
- Na+-ի կորուստ փսխումների, փորլուծության, ուժեղ քրտնարտադրության ժամանակ՝ համարժեք ջրային և ոչ համարժեք աղային փոխարինման դեպքում
- միզամուղների գերդոզավորում
- մակերիկամային անբավարարություն
- սուր երիկամային անբավարարություն (պոլիուրիկ փուլ)
- օսմոտիկ դիուրեզ
- հիպերտոնիկ հիպերհիդրատացիա՝ ա) հեղուկների ավելցուկային պարէնտերալ ներմուծում, բ) ջրի հեռացման նվազեցում երիկամային անբավարարության, վազոպրեսինի ուժեղացած սեկրեցիայի, կորտիկոստերոիդների դեֆիցիտի պայմաններում
- նոսրացման հիպոնատրիեմիա՝ այտուցներով և ասցիտով՝ քրոնիկ սրտային անբավարարություն, լյարդի ցիռոզ, երիկամային անբավարարություն, նեֆրոտիկ համախտանիշ
- որոշ դեղերի ընդունում՝ ֆուրոսեմիդ, ամինոգլիկոզիդներ, գլյուկոզի հիպերտոնիկ լուծույթ, ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր, ամիտրիպտիլին, հալոպերիդոլ
- հիպոթիրեոզ
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Sodium Inoized
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Na+
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: