Լաբ թեստեր

Տրիյոդթիրոնին ընդհ.

T3

Ընդհանուր նկարագրություն

Տրիյոդթիրոնինը հանդիսանում է հյուսվածքների կողմից թթվածնի կլանման և նյութափոխանակության ակտիվացման խթանիչ:

Տրիյոդթիրոնինը (եռյոդթիրոնին) վահանաձև գեղձի ամինաթթվային հորմոն է, որն արտադրվում է գեղձի ֆոլիկուլյար բջիջների կողմից՝ թիրեոտրոպ հորմոնի (TSH) հսկողության ներքո: Միաժամանակ, ծայրամասային հյուսվածքներում առաջանում է թիրոքսինից (T4)՝ վերջինիս դեյոդացման արդյունքում:

Շրջանառող արյան Т3-ի մեծ մասը կապված է տրանսպորտային (տեղափոխող) սպիտակուցների հետ, իսկ կենսաբանական ազդեցությունները դրսևորում է այս հորմոնի ազատ ֆրակցիան, որը կազմում է ընդհանուրի մինչև 0,5%-ը:

Т3-ը Т4-ից ավելի ակտիվ է, սակայն արյան մեջ առկա է ավելի փոքր քանակներով: Т3-ը բարձրացնում է ջերմաառաջացումը և հյուսվածքների կողմից թթվածնի ծախսը՝ բացառությամբ գլխուղեղի, ռետիկուլոէնդոթելիալ և գոնադային համակարգերի: Այս հորմոնը նաև խթանում է լյարդում վիտամին A-ի արտադրությունը, նվազեցնում է արյան խոլեսթերինի և տրիգլիցերիդների մակարդակը, ինչպես նաև արագացնում է սպիտակուցային փոխանակությունը: Այն նաև խթանում է մեզով կալցիումի արտազատումը և ոսկրային հյուսվածքներում ընթացող նյութափոխանակությունը (ավելի շատ՝ ոսկրի ռեզորբցիան): Սրտի վրա թողնում է դրական քրոնո- և ինոտրոպ ազդեցություն: Խթանում է ռետիկուլյար ֆորմացիան և կենտրոնական նյարդային համակարգի կեղևային գործունեությունը:

Ընդհանուր T3-ին բնորոշ է սեզոնային փոփոխականությունը. առավելագույն մակարդակը գրանցվում է սեպտեմբերից մինչև փետրվար, իսկ նվազագույնը՝ ամառային ամսիներին: 11-15 տարեկանում արյան պլազմայում T3-ի մակարդակը հասնում է չափահասների մակարդակին: 65 տարեկանն անց տղամարդկանց և կանանց մոտ դիտարկվում է արյան պլազմայի Т3-ի մակարդակի փոքր-ինչ անկում:

Էութիրեոիդ վիճակներում T3 հորմոնի մակարդակը կարող է դուրս գալ նորմալ արժեքների միջակայքից տրանսպորտային սպիտակուցների հետ կապվող ֆրակցիաների շեղումների դեպքում: T3 հորմոնի մակարդակը կարող է բարձրանալ վերջինիս՝ սպիտակուցների հետ կապվելու ունակության աճին զուգահեռ հետևյալ իրավիճակներում՝ հղիություն, հեպատիտ, ՄԻԱՎ վարակ, պորֆիրիա, հիպերէստրոգենիա և այլն:

Հետազոտության ցուցումներ

  • վահանաձև գեղձի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում
  • իզոլացված Т3-տոքսիկոզի ընթացքի և բուժման հսկողություն

Կենսանմուշ

«Տրիյոդթիրոնին ընդհ.» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հետազոտությունից 1 ամիս առաջ էնդոկրինոլոգի թույլտվությամբ անհրաժեշտ է բացառել վահանագեղձի հորմոնների ընդունումը: Հետազոտությունից 2-3 օր առաջ անհրաժեշտ է բացառել նաև 131I և 99mTс, ինչպեես նաև յոդ պարունակող դեղերի ընդունումը: Արյան փորձանմուշը պետք է վերցնել ռենտգենոկոնտրաստային հետազոտությունից առաջ:

Հետազոտությունը նախորդող օրը պետք է բացառել մարմնամարզումները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սթրեսը: Անմիջապես արյունը հանձնելուց առաջ պացիենտը պետք է գտնվի հանգիստ վիճակում:

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չի թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նգ/դլ (նանոգրամ/միլիլիտր)

Միավորների փոխակերպում

նգ/դլ x 0,01536 = նմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործման միջակայքեր

Չափահասներ՝ (1,30-3,10) նմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր (չափահասներ)

Տարիք Т3-ի մակարդակ, նմոլ/լ
15-20 տ. 1,23 - 3,23
20-50 տ. 1,08 - 3,14
> 50 տ. 0,62 - 2,79

Արդյունքների մեկնաբանություն

T3 մակարդակի բարձրացում

  • թիրեոտրոպինոմա
  • թունավոր խպիպ
  • իզոլացված T3-տոքսիկոզ
  • թիրեոիդիտներ
  • վահանագեղձի թիրեոտոքսիկ ադենոմաներ
  • Т4-կայուն հիպոթիրեոզ
  • թիրեոիդ հորմոնների նկատմամբ ռեզիստենտության համախտանիշ
  • TSH-անկախ թիրեոտոքսկիկոզ
  • վահանագեղձի հետծննդյան դիսֆունկցիա
  • խորիոկարցինոմա
  • IgG-ի բարձր մակարդակով միելոմաներ
  • նեֆրոտիկ համախտանիշ
  • լյարդի քրոնիկ հիվանդություններ
  • մարմնի զանգվածի ավելացում
  • համակարգային հիվանդություններ
  • հեմոդիալիզ
  • որոշ դեղերի ընդունում՝ Ամիոդարոն, էստրոգեններ, Լևոթիրոքսին, Մեթադոն, հակաբեղմնավորիչ օրալ հաբեր

T3 մակարդակի նվազեցում

  • էութիրեոիդ հիվանդի համախտանիշ
  • չկոմպենսացված առաջնային մակերիկամային անբավարարություն
  • լյարդի քրոնիկ հիվանդություններ
  • ծանր ոչ թիրեոիդային հիվանդություններ, ներառյալ՝ սոմատիկ և հոգեկան
  • ծանր հիվանդություններից վերականգնման շրջան
  • առաջնային, երկրորդային, երրորդային հիպոթիրեոզներ
  • Т4-ի ինքնուրույն նշանակման հետևանքով արտիֆիցիալ թիրեոտոքսիկոզ
  • սպիտակուցների ցածր պարունակությամբ դիետա
  • այնպիսի դեղերի ընդունում, ինչպիսիք են՝ հակաթիրեոիդ միջոցներ (Պրոպիլուրացիլ, Մերկազոլիլ), անաբոլիկ ստերոիդներ, բետա ադրենոբլոկատորներ (Մետոպրոլոլ, Պրոպրանոլոլ, Ատենոլոլ), գլյուկոկորտիկոիդներ (Դեքսամեթազոն, Հիդրոկորտիզոն), ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ (սալիցիլատներ, Ասպիրին, Դիկլոֆենակ, Բուտադիոն), հակաբեղմնավորիչ օրալ հաբեր, հիպոլիպիդեմիկ միջոցներ (Կոլեստիպոլ, Խոլեստիրամին), ռենտգենակոնտրաստ նյութեր, Տերբուտալին և այլն

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Triiodthyronine Total

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ T3

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 11-10-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: