Լաբ թեստեր
Թիրոքսին ընդհանուր

Ընդհանուր նկարագրություն
Թիրոքսինը վահանաձև գեղձի ամինաթթվային հորմոն է, որը խթանում է թթվածնի ծախսը և հյուսվածքային նյութափոխանակությունը:
Թիրոքսինը (T4) արտադրվում է վահանաձև գեղձի ֆոլիկուլյար բջիջների կողմից՝ մակուղեղի թիրեոտրոպ հորմոնի (TSH) հսկողության ներքո: Շրջանառող արյան թիրոքսինի մեծ մասը կապված է տեղափոխող սպիտակուցների հետ, և կենսաբանական ազդեցություն դրսևորում են միայն այս հորմոնի ազատ ֆրակցիաները, որոնք կազմում են ընդհանուր թիրոքսինի միայն 3-5%-ը:
Թիրոքսինը հանդիսանում է ավելի ակտիվ եռյոդթիրոնինին (T3) նախորդող նյութը, սակայն օժտված է T3-ից ավելի թույլ, սակայն սեփական ազդեցություններով: Արյան մեջ Т4-ի մակարդակը գերազանցում է Т3-ի մակարդակը:
Բարձրացնելով հիմնական փոխանակության արագությունը, թիրոքսինը խթանում է ջերմության առաջացումը և հյուսվածքների կողմից թթվածնի ծախսը՝ բացառությամբ գլխուղեղի, փայծաղի և ձվարանների, որի արդյունքում բարձրանում է վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջարկը:
Այս հորմոնը խթանում է նաև լյարդում վիտամին A-ի սինթեզը, նվազեցնում արյան խոլեսթերինի և տրիգլիցերիդների մակարդակը, ինչպես նաև արագացնում սպիտակուցային փոխանակությունը: Այն նաև խթանում է մեզով կալցիումի արտազատումը, ոսկրային հյուսվածքներում ընթացող նյութափոխանակությունը (ավելի շատ՝ ոսկրի ռեզորբցիան): Թիրոքսինը խթանում է ցանցանման գոյացությունը (ռետիկուլյար ֆորմացիա) և կենտրոնական նյարդային համակարգի կեղևային գործունեությունը: Այս հորմոնն արգելակում է թիրեոտրոպ հորմոնի (TSH) արտադրությունը:
Օրվա ընթացքում թիրոքսինի առավելագույն մակարդակը գրանցվում է առավոտյան 8:00-ից մինչև կեսօր, իսկ նվազագույնը՝ 23:00-ից մինչև գիշերվա 03:00-ն ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր թիրոքսինին բնորոշ է նաև սեզոնային փոփոխականությունը. առավելագույն մակարդակը գրանցվում է սեպտեմբերից մինչև փետրվար, իսկ նվազագույնը՝ ամառային ամսիներին:
Հղիության ընթացքում թիրոքսինի մակարդակն աճում է՝ առավելագույնին հասնելով 3-րդ եռամսյակում, որը պայամանավորված է էստրոգենների ազդեցությամբ թիրոքսին-կապող գլոբուլինների մակարդակի բարձրացմամբ: Նույն այս ընթացքում ազատ T4-ի մակարդակն իջնում է:
Թիրոքսինի մակարդակն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց ողջ կյանքի ընթացքում մնում է համեմատաբար կայուն:
Էութիրեոիդ վիճակներում թիրոքսինի մակարդակը կարող է դուրս գալ նորմալ արժեքների միջակայքից տեղափոխող սպիտակուցների հետ կապվող ֆրակցիաների շեղումների դեպքում:
Հետազոտության ցուցումներ
- թիրեոտրոպ հորմոնի մակարդակի բարձրացում կամ կրճատում
- խպիպ
- հիպոթիրեոզի կամ թիրեոտոքսիկոզի կլինիկական պատկեր
Կենսանմուշ
«Թիրոքսին ընդհանուր» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հետազոտությունից 1 ամիս առաջ ներզատաբանի (էնդոկրինոլոգ) թույլտվությամբ անհրաժեշտ է դադարեցնել վահանաձև գեղձի հորմոնների ընդունումը:
Հետազոտությունից 2-3 օր առաջ անհրաժեշտ է բացառել նաև 131I և 99mTс, ինչպես նաև յոդ պարունակող դեղերի ընդունումը: Արյան փորձանմուշը պետք է վերցնել ռենտգենոկոնտրաստային հետազոտությունից առաջ:
Հետազոտության նախորդող օրը պետք է բացառել մարզումները և վարժանքները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սթրեսը: Անմիջապես արյունը հանձնելուց առաջ հետազոտվողը շուրջ 30 րոպե պետք է գտնվի հանգիստ վիճակում:
Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չի թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մկգ/դլ (միկրոգրամ/դեցիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
նմոլ/լ (նանոմոլ/լիտր)
Միավորների փոխակերպում
մկգ/դլ x 12,87 = նմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
5,1-14,1 մկգ/դլ
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք | Т4, նմոլ/լ |
մինչև 30 օր. | 39-185 |
1-12 ամս. | 59-210 |
1-5 տ. | 71-165 |
5-10 տ. | 68-139 |
10-18 տ. | 58-133 |
> 18 տ. | 55-137 |
Արդյունքների մեկնաբանություն
Ընդհանուր թիրոքսինի մակարդակի բարձրացում
- թիրեոտրոպինոմա
- թունավոր խպիպ, տոքսիկ ադենոմա
- թիրեոիդիտներ
- թիրեոիդ հորմոնների նկատմամբ ռեզիստենտության համախտանիշ
- TSH-անկախ թիրեոտոքսկիկոզ
- թիրոքսին-կայուն հիպոթիրեոզ
- ընտանեկան դիզալբումինեմիկ հիպերթիրոքսինեմիա
- վահանագեղձի հետծննդյան դիսֆունկցիա
- խորիոկարցինոմա
- IgG-ի բարձր մակարդակով միելոմաներ
- թիրեոիդ-կապող գլոբուլինի կապող ունակության նվազեցում
- նեֆրոտիկ համախտանիշ
- լյարդի քրոնիկ հիվանդություններ
- թիրոքսինով ինքնաբուժման պատճառով արհեստական թիրեոտոքսիկոզ
- մարմնի կշռի ավելացում, գիրացում
- ՄԻԱՎ վարակ
- պորֆիրիա
- որոշ դեղերի ընդունում՝ Ամիոդարոն, ռենտգեն-կոնտրաստ յոդ պարունակող դեղեր (Օոպանոեաթթու, Թիրոպանեաթթու), վահանագեղձի հորմոննային դեղեր (Լևոթիրոքսին), Թիրեոլիբերին, Թիրեոտրոպին, Լևոդոֆա, սինթետիկ էստրոգեններ (Մեստրանոլ, Ստիլբեստրոլ), օփիատներ (Մեթադոն), պերօրալ հակաբեղմնավորիչներ, Ֆենոթիազին, պրոստոգլանդիններ, Տամոքսիֆեն, Պրոպիլթիոուրացիլ, Ֆլուորոուրացիլ, Ինսուլին
Ընդհանուր թիրոքսինի մակարդակի նվազեցում
- առաջնային հիպոթիրեոզ (բնածին և ձեռքբերովի՝ տեղային խպիպ, աուտոիմուն թիրեոիդիտ, վահանագեղձի նեոպլաստիկ ախտահարում)
- երկրորդային հիպոթիրեոզ (Շիհանի համախտանիշ, հիպոֆիզի շրջանի բորբոքային պրոցեսներ)
- երրորդային հիպոթիրեոզ (գանգուղեղային վնասվածքներ, հիպոթալամուսի շրջանի բորբոքային պրոցեսներ)
- որոշ դեղերի ընդունում՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջոցներ (Ամինոգլյուտետիմիդ, Տամոքսիֆեն), Տրիյոդթիրոնին, հակաթիրեոիդ միջոցներ (Մետիմազոլ, Պրոպիլթիոուրացիլ), Ասպարգինազա, կորտիկոտրոպին, գլյուկոկորտիկոիդներ (կորտիզոն, դեքսամեթազոն), Կոտրիմոքսազոլ, հակատուբերկուլոզային միջոցներ (Ամինոսալիցիլաթթու, Էթիոնամիդ), յոդիդներ (131I), հակասնկային պատրաստուկներ (Ինտրակոնազոլ, Կետոկոնազոլ), հիպոլիպիդեմիկ միջոցներ (Խոլեսթիրամին, Լևոստատին, Կլոֆիբրատ), ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ (Դիկլոֆենակ, Ֆենիլբուտազոն, Ասպիրին), պրոպիլթիոուրացիլ, սուլֆոնիլմիզաթթվի ածանցյալներ (Գլիբենկլամիդ, Դիաբետոն, Տոլբուտամիդ, Քլորպրոպամիդ), անդրոգեններ (ստանոզոլոլ), հակացնցումային միջոցներ (Վալպրոյաթթու, Ֆենոբարբիտալ, Պրիմիդոն, Ֆենիտոին, Կարբամազեպին), Ֆուրոսեմիդ (մեծ դեղաչափեր), լիթիումի աղեր
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Thyroxine Total
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ T4
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: