Լաբ թեստեր

Թրոմբինային ժամանակ

TT

Ընդհանուր նկարագրություն

Թրոմբինային ժամանակը թույլ է տալիս գնահատել արյան մակարդման վերջնական փուլը՝ ֆիբրինոգենից ֆիբրինի առաջացումը:

Հետազոտության առանցքային ռեագենտը թրոմբինն է՝ պրոտեոլիտիկ ֆերմենտ, որը լուծվող ֆիբրինոգենը փոխակերպում է անլուծելի ֆիբրինի:

Թրոմբինային ժամանակը (Thrombin Time, TT) այն տևողությունն է, որի ընթացքում ցիտրատային պլազմայում թրոմբին և կալցիում ավելացնելիս ֆիբրինոգենը փոխակերպվում է ֆիբրինի: Ըստ որում, ֆիբրինային մակարդուկի առաջացման արագությունը հիմնականում կախված է մի կողմից ֆիբրինոգենի քանակությունից և ֆունկցիոնալ լիարժեքությունից, իսկ մյուս կողմից՝ արյան մեջ հակամակարդիչների առկայությունից:

Թրոմբինային ժամանակի որոշումը օգտագործում են դիսֆիբրինոգենեմիայի հայտնաբերման և արյան հակամակարդիչ ակտիվությունը գնահատելու համար: TT-ի երկարացում դիտվում է արյան ֆիբրինոգենի մակարդակի զգալի նվազեցման (պակաս, քան 0,5 գ/լ), արյան մեջ ֆիբրինի քայքայման արգասիքների առկայության (այդ թվում՝ դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշի ժամանակ), թրոմբոլիտիկ բուժման և արյան մեջ ֆիբրինոգենի անոմալ ձևերի առկայության ժամանակ:

Արյան մեջ ուղղակի ազդեցության հակամակարդիչների, օրինակ՝ հեպարինի առկայությունը նույնպես երկարացնում է TT-ն (հեպարին-հակաթրոմբինային կոմպլեքսը չեզոքացնում է ավելացված թրոմբինը): Անուղղակի ազդեցության հակամակարդիչներն, այնուամենայնիվ, չեն ազդում թեստի արդյունքների վրա:

TT-ի երկարացումը երբեմն կարող է պայմանավորված լինել արյան պլազմայում թրոմբինի նկատմամբ աուտոհակամարմինների կամ ֆիբրինի մոնոմերների պոլիմերզացան խոչընդոտող պարապրոտեինների առկայությամբ:

Հետազոտության ցուցումներ

  • ֆիբրինոգենի դեֆիցիտի կամ դեֆեկտիության որոշում
  • դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշով պացիենտի գնահատում
  • լյարդի հիվանդություններ
  • հեպարինաբուժման, ֆիբրինոլիտիկ կամ թրոմբոլիտիկ դեղերով բուժման հսկողություն
  • արյան մեջ ֆիբրինի կամ ֆիբրինոգենի քայքայման արգասիքների հայտնաբերում
  • ֆիբրինոգենի դեֆիցիտի կամ ֆիբրինոգենեմիայի բնածին կամ ձեռք բերովի ձևերի հայտնաբերում

Կենսանմուշ

«Թրոմբինային ժամանակ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումից պետք է անցած լինի ոչ պակաս, քան 8 ժամ:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

վրկ. (վայրկյան)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

≤ 21 վրկ.

Արդյունքների մեկնաբանություն

Թրոմբինային ժամանակի մեծացում (դանդաղում)

  • բնածին կամ ձեռքբերովի հիպոֆիբրինոգենեմիա (ֆիբրինոգենի մակարդակի նվազում՝ պակաս քան 0,5 գ/լ) (այդ թվում՝ լյարդի հիվանդությունների կամ օրգանիզմ սպիտակուցների մուտքի խաթարման պատճառով)
  • դիսֆիբրինոգենեմիաներ (ֆիբրինոգենի մոլեկուլյար դեֆեկտներ)՝ բնածին և ձեռքբերովի (լյարդի հիվանդություններ)
  • արյան մեջ ֆիբրինի կամ ֆիբրինոգենի քայքայման արգասիքների շատացում` դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշ, ֆիբրինոլիտիկ բուժում
  • արյան մեջ ուղղակի ազդեցության հակամակարդիչների առկայություն (հեպարին, հիրուդին, սինթետիկ հակաթրոմբիններ)
  • հիպերբիլիռուբինեմիա
  • պարապրոտեինեմիա
  • ուրեմիա
  • թրոմբինի նկատմամբ հակամարմիններ, գայլախտային հակակոագուլյանտ (որոշ դեպքերում)
  • բազմաձև միելոմա

Թրոմբինային ժամանակի փոքրացում (արագացում)

  • թրոմբառաջացման բարձրացած ռիսկ (դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) առաջին փուլ)
  • արյան ֆիբրինոգենի մակարդակի զգալի բարձրացում՝ հիպերֆիբրինոգենեմիա (ավելի քան 5 գ/լ)

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Thrombin Time

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ TT

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: