Լաբ թեստեր
Թիրեոտրոպ հորմոն

Ընդհանուր նկարագրություն
Թիրեոտրոպ հորմոնը գլիկոպրոտեիդ է, որը խթանում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրությունը և սեկրեցիան:
Թիրեոտրոպինը կամ թիրեոտրոպ հորմոնը (ԹՏՀ) սինթեզվում է մակուղեղի (հիպոֆիզ) առաջային բլթի բազոֆիլային բջիջների կողմից՝ ենթատեսաթմբի (հիպոթալամուս) թիրեոտրոպ-ռիլիզինգ գործոնի, ինչպես նաև սոմատոստատինի, բիոգեն ամինների և վահանաձև գեղձի հորմոնների հսկողության ներքո:
ԹՏՀ-ը ուժեղացնում է վահանաձև գեղձի անոթավորումը և բարձրացնում է յոդի մուտքը արյան պլազմայից դեպի գեղձային բջիջներ, ինչպես նաև խթանում է թիրեոգլոբուլինի սինթեզը և վերջինիս տրոհումը տիրյոդթիրոնինի (Т3) և թիրոքսինի (Т4) և անմիջականորեն խթանում այս հորմոնների սինթեզը: ԹՏՀ-ը նաև ակտիվացնում է ճարպերի քայքայումը (լիպոլիզ):
Արյան ազատ թիրոքսինի (FТ4) և ԹՏՀ-ի միջև գործում է հակադարձ լոգարիթմիկ կապվածություն:
ԹՏՀ-ին բնորոշ է սեկրեցիայի պուլսային և օրական՝ ցիրկադային փոփոխականություն, որն անդրադառնում է հորմոնի մակարդակի վրա: ԹՏՀ-ի ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են գիշերը 2:00-ից 4:00-ը և առավոտյան ժամը 6:00-8:00, իսկ ամենացածր ցուցանիշները՝ երեկոյան 17:00-18:00-ին: Սեկրեցիայի նորմալ ռիթմը խանգարվում է գիշերային ժամերին արթուն մնալիս:
Հղիության ժամանակ ԹՏՀ-ի մակարդակը կարող է մեղմ բարձրանալ:
Տարիքի հետ ԹՏՀ-ի մակարդակն աննշան աճում է:
Հետազոտության ցուցումներ
- անախտանիշ («թաքնված») հիպոթիրեոզի հայտնաբերում
- ախտորոշված հիպոթիրեոզի ընթացքի հսկողություն (ողջ կյանքի ընթացքում, տարեկան 1-2 անգամ)
- ախտորոշված Գրեյվսի հիվանդության (դիֆուզ տոքսիկ խպիպ) ընթացքի հսկողություն (1,5-2 տարվա ընթացքում, ամսական 1-3 անգամ)
- երեխաների մոտ մտավոր և սեռական զարգացման հապաղում
- խպիպ (զոբ)
- սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիաներ)
- միոպաթիաներ
- իդիոպաթիկ հիպոթերմիա
- դեպրեսիա
- մազաթափություն (ալոպեցիա)
- անպտղություն
- կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի բացակայություն (ամենոռեա)
- տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա) և սեռական ցանկության (լիբիդոյի) նվազում
- հիպերպրոլակտինեմիա
Կենսանմուշ
«Թիրեոտրոպ հորմոն» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հետազոտության նախորդ օրը պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (օրինակ՝ մարզումներ), ալկոհոլի ընդունումը և ծխախոտի օգտագործումը:
Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չի թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մկՄՄ/մլ (միկրո միջազգային միավոր/միլիլիտր, µIU/ml)
Այլընտրանքային չափման միավոր
մՄ/լ (միլիՄիավոր/լիտր)
Միավորների փոխակերպում
մկՄՄ/մլ = մՄ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
0,27 - 4,2 մկՄՄ/մլ
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք | TSH, մՄ/լ |
Նորածիններ | 1,1 - 17,0 |
< 2,5 ամս. | 0,6 - 10,0 |
2,5 ամս. - 14 ամս. | 0,4 - 7,0 |
14 ամս. - 5 տ. | 0,4 - 6,0 |
5 - 14 տ. | 0,4 - 5,0 |
14 տ. | 0,4 - 4,0 |
Արդյունքների մեկնաբանություն
Թիրեոտրոպ հորմոնի մակարդակի բարձրացում
- թիրեոտրոպինոմա
- հիպոֆիզի բազոֆիլ ադենոմա (հազվադեպ)
- ԹՏՀ-ի անկանոն սեկրեցիայի համախտանիշ
- վահանաձև գեղձի հորմոնների նկատմամբ կայունության համախտանիշ
- առաջնային և երկրորդային հիպոթիրեոզ
- պատանեկան հիպոթիրեոզ
- չկոմպենսացված առաջնային մակերիկամային անբավարարություն
- ենթասուր և Հաշիմոտոյի թիրեոիդիտ
- թոքերի ուռուցքների ժամանակ էկտոպիկ սեկրեցիա
- հիպոֆիզի ուռուցքներ
- ծանր սոմատիկ և հոգեկան հիվանդություններ
- ծանր գեստոզ (պրեէկլամպսիա)
- խոլեցիստէկտոմիա (լեղապարկի հեռացում)
- կապարի հետ շփում
- ֆիզիկական գերծանրաբեռնվածություն
- հեմոդիալիզ
- որոշ դեղերի ընդունում՝ հակացնցումային (Վալպրոյաթթու, Ֆենիտոին, Բենզերազիդ), բետա-բլոկատորներ (Ատենոլոլ, Մետոպրոլոլ, Պրոպրանոլոլ), Ամիոդարոն (էութիրեոիդ և հիպոթիրեոիդ հիվանդներ), Կալցիտոնին, նեյրոլեպտիկներ (ֆենոթիազինի, ամինոգլոյտետիմիդի ածանցյալներ), Կլոմիֆեն, հակափսխեցուցիչ միջոցներ (Մոտիլիում, Մետոկլոպրամիդ), Երկաթի սուլֆատ, Ֆուրոսեմիդ, յոդիդներ, ռենտգեն-կոնտրաստ միջոցներ, Լովաստատին, Մետիմազոլ (Մերկազոլիլ), Մորֆին, Դիֆենին (ֆենիտոին), Պրեդնիզոլոն, Ռիֆամպիցին
Թիրեոտրոպ հորմոնի մակարդակի նվազեցում
- թունավոր խպիպ (թիրեոտոքսիկոզ)
- թիրեոտոքսիկ ադենոմաներ
- ԹՏՀ-անկախ թիրեոտոքսկիկոզ
- հղիների հիպերթիրեոզ և հիպոֆիզի հետծննդյան նեկրոզ
- T3-տոքսիկոզ
- լատենտ թիրեոտոքսիկոզ
- աուտոիմուն թիրեոիդիտների ժամանակ տրանզիտոր թիրեոտոքսիկոզ
- Т4-ով ինքնաբուժման հետևանքով զարգացած թիրեոտոքսիկոզ
- հիպոֆիզի ախտահարում և վնասում
- հոգեբանական սթրես
- սովահարություն
- որոշ դեղերի ընդունում՝ անաբոլիկ ստերոիդներ, գլյուկոկորտիկոիդներ (Դեքսամեթազոն, Հիդրոկորտիզոն), ցիտոստատիկներ, բետա-ադրենոմիմետիկներ (Դոբուտամին, Դոպեքսամին), Թիրոքսին, Տրիյոդթիրոնին, Կարբամազեպին, Սոմատոստատին և Օքտրեոտիդ, Նիֆեդիպին, հիպերպրոլակտինեմիայի բուժան միջոցներ (Մետերգոլին, Պերիբեդիլ, Բրոմկրիպտին)
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Thyroid Stimulating Hormone
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ TSH
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 12-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: