Լաբ թեստեր

Մեզում գլյուկոզա

UG

Ընդհանուր նկարագրություն

Մեզում գլյուկոզը կամ գլյուկոզուրիան շաքարային դիաբետի ախտորոշման և ծանրության ասիտճանը գնահատելու ցուցանիշ է:

Առողջ մարդու մեզում գլյուկոզը պարունակվում է խիստ ցածր խտությամբ (0,06-0,083 մմոլ/լ), որը ստանդարտ լաբորատոր հետազոտության մեթոդներով չի հայտնաբերվում (մեզի ընդհանուր կամ կենսաքիմիական հետազոտություն): Ուստի, մեզի ընդհանուր քննությամբ գլյուկոզ չպետք է հայտնաբերվի:

Մեզի մեջ գլյուկոզի առկայությունն անվանում են գլյուկոզուրիա: Սովորաբեր մեզում գլյուկոզը հայտնվում է արյան պլազմայում գլյուկոզի մակարդակի բարձրացման պայմաններում (շաքարային դիաբետ) կամ երիկամային հիվանդությունների ժամանակ: Հազվադեպ, առողջ մարդու մոտ կարող է գրանցվել ֆիզիլոգիական գլյուկոզուրիա:

Ֆիզիոլոգիական գլյուկոզուրիա

Ֆիզիոլոգիական գլյուկոզուրիայի դեպքում մեզում գլյուկոզի առկայությունն աննշան է: Նման իրավիճակ կարող է գրանցվել ածխաջրերով հարուստ սնունդ ընդունելիս, երբ օրգանիզմը չի հասցնում յուրացնել ստացված ողջ շաքարը, հատկապես հուզական լարվածության և սթրեսի, որոշ դեղերի ընդունման ժամանակ (միզամուղներ, կոֆեին, ֆենամին, կորտիկոստերոիդներ):

Ախտաբանական գլյուկոզուրիա

Երիկամներն օրգանիզմը մաքրում են վերամշակված արգասիքներից՝ շլաքներից և ոչ պիտանի օտարածին նյութերից: Երիկամները զտում (ֆիլտրում) են արյունը՝ հեռացնելով բոլոր ոչ անհրաժեշտ նյութերը և հակադարձ ներծծելով անհրաժեշտները (ռեաբսորբցիա): Երիկամային խողովակներն ունակ են դեպի արյան հուն վերադարձնել գլյուկոզի միայն սահմանափակ քանակներ: Ուստի, երբ արյան մեջ գլյուկոզի մակարդակը գերազանցում է սահմանային շեմը (սովորաբար՝ 8,9-10,0 մմոլ/լ կամ 160-180 մգ/դլ), խողովակները չեն կարողանում լիարժեքորեն դիմագրավել նման բեռնվածությունը, որի արդյունքում գլյուկոզը հայտնվում է մեզում:

Վերոնշյալ սահմանային մակարդակը կոչվում է «երիկամային շեմ», որը յուրաքանչյուր անձի համար անհատական է: Հղիության ընթացքում գլյուկոզի երիկամային շեմը նվազում է, ուստի, հատկապես հղիության երկրորդ կեսում, մեզում կարող է հայտնաբերվել գլյուկոզ:

Երիկամների կողմից գլյուկոզը յուրացնելու խանգարումը կարող է հանգեցնել երիկամային գլյուկոզուրիայի, որի դեպքում արյան գլյուկոզայի մակարդակը կարող է մնալ նորմալ միջակայքում: Նման գլյուկոզուրիան դիտարկվում է հղիների, Ֆանկոնիի համախտանիշի (երիկամների խողովակներում գլյուկոզի ներծծման բնածին ժառանգական դեֆեկտ), երիկամների տուբուլոինտերստիցիալ ախտահարումների ժամանակ:

Գլյուկոզուրիան գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել օրական մեզի ծավալը և սննդով ստացված ածխաջրերի քանակը:

Թեև գլյուկոզուրիայի պատճառները բազմաթիվ են, գործնականում մեզում գլյուկոզի առկայության ցանկացած դեպք ընդունված է համարել շաքարային դիաբետի հայտնաբերման ցուցանիշ՝ քանի դեռ այս ախտորոշումն այլ հետազոտություններով չի ժխտվել:

Հետազոտության ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

«Մեզում գլյուկոզա» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան 1-ին մեզ, երկրորդ չափաբաժին։

Կենսանմուշի հանձնում

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին բաժինները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Բացասական` մինչև 2,8 մմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր

  • մինչև 1,7՝ բացասական
  • 1,7-2,8՝ հետքեր
  • > 2,8` մեզում գլյուկոզայի մակարդակի զգալի բարձրացում

Արդյունքների մեկնաբանություն

Մեզում գլյուկոզայի առկայություն (գլյուկոզուրիա)

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Urine Glucosae

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ UG

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: