Skip to main content

Ուրեապլազմայի նկատմամբ IgG - Վարակներ

Միջազգային անվանում (հապավում). Ureaplasma urealyticum IgG (UR Ur IgG)

Նկարագրություն

Ureaplasma urealyticum-ի նկատմամբ IgG դասի հակամարմինները հանդիսանում են ընթացիկ կամ անցյալում տարած վարակի մարկեր:

Ureaplasma urealyticum-ը փոքրագույն, բջջապատ չունեցող, պարզ կիսմամբ բազմացող բակտերիա է, որը պատկանում է Mycoplasmataceae (միկոպլազմաներ) ընտանիքի Ureaplasma (ուրեապլազմաներ) դասին: Մյուս միկոպլազմաների նման, Ureaplasma urealyticum-ը սովորաբար ապրում է լորձաթաղանթների վրա: Սնուցման հիմնական աղբյուրը միզանյութն է, որով հավանաբար կարող է բացատրվել միզասեռական համակարգի թիրախավորումը:

Ureaplasma urealyticum-ի առաջին անգամ նկարագրությունից հետո առանձնացվել են միկրոօրգանիզմների այս տեսակի 14 շճատիպեր: Հետագայում, գենոմի բնութագրիչների վրա հիմնվելով, տարբերակվել են 2 բիովարներ (կենսաբանական տարբերակներ)՝ բիովար 1 (parvo biovar), որոնց պատկանում են 1-ին, 3-րդ, 6-րդ և 14-րդ շճատիպերը և բիովար 2 (T960-biovar), որոնց պատկանում են մյուս բոլոր շճատիպերը: Այս բիովարներում ԴՆԹ-ի հոմոլոգիան կազմում է 60%-ից պակաս, ուստի ներկայումս դրանք դասակարգվում են որպես առանձին տեսակներ՝ Ureaplasma parvum և Ureaplasma urealyticum (T960):

Կլինիկական պրակտիկայում Ureaplasma parvum-ը հայտնաբերվում է ավելի հաճախ, սակայն նույնիսկ մեկ անձի մոտ կարող են միաժամանակ հայտնաբերվել ուրեապլազմայի երկու տեսակները: Ուրեապլազմաներն օժտված են բջիջներին կպչելու ունակությամբ՝ էրիթրոցիտներ, նեյտրոֆիլներ, սպրեմատոզոիդներ, միզուկի էպիթելի բջիջներ և այլն: Ուրեազային ակտիվությունից բացի, ուրեապլազմաները նաև ունեն IgA-պրոտեազային ակտիվություն, որը, հավանաբար, հեշտացնում է լորձաթաղանթներում այս միկրոօրգանիզմի գաղութացումը, որտեղ А իմունոգլոբուլիններն ապահովում են դրանց նկատմամբ սպեցիֆիկ հումորալ պաշտպանությունը:

Չափահաս մարդկանց մոտ Ur. urealyticum-ով վարակումը տեղի է ունենում սեռական հարաբերության ժամանակ: Հետազոտությունների համաձայն, Ur. Urealyticum կարող է հայտնաբերվել առողջ սեռական ակտիվ կանանց 40-80%-ի մոտ, ներառյալ՝ առողջ հղի կանանց: Ur. Urealyticum-ի փոխանցումը հնարավոր է նաև ուղղահայաց ճանապարհով (մորից՝ երեխային)՝ ա) ներարգանդային ճանապարհով՝ վարակված սեռական օրգաններից վերընթաց ճանապարհով (տրանսպլացենտար), և բ) ծննդաբերության ժամանակ, երբ պտուղն անցնում է ծննդյան ուղիով: Փոխանցման ռիսկը կախված է բազմաթիվ անհատական գործոններից (ըստ հետազոտությունների՝ աղջիկների մոտ դեպքերի 62%-ում և տղաների 25%-ում):

Նորածինների մոտ ուրեապլազման առավել հաճախ հայտնաբերվում է բերան-ըմպանում, քիթ-ըմպանում և սեռական օրգաններում, և 15 ամսվա ընթացքում վարակի հայտնաբերման հաճախականությունը եռապատիկ կրճատվում է, իսկ ավելի մեծ տարիքում՝ դառնում նույնիսկ ավելի հազվադեպ: Սեռական ակտիվության սկսվելուն պես վարակվածների մասնաբաժինը կրկին սկսում է աճել։

Ուրեապլազմաները սեռական ակտիվություն ունեցող մարդկանց մոտ կարող են առաջացնել արգանդի և հավելումների բորբոքային հիվանդություններ, փողի բորբոքում (սալպինգիտ) և ոչ գոնոկոկային միզուկաբորբեր (ուրեթրիտ): Ցույց է տրվել դրանց կապը անպտղության, հետծննդյան էնդոմետիտների, խորիոամնիոնիտների, ինքնաբուխ վիժումների, վաղաժամ ծննդաբերության, ցածր քաշ ունեցող երեխաների ծննդյան և վաղաժամ երեխաների մոտ պերինատալ հիվանդացության և մահացության, թոքաբորբի, բակտերիէմիայի, մենինգիտի և բրոնխոթոքային դիսպլազիայի հետ: Միևնույն ժամանակ, Ur. Urealyticum-ի պատճառաբանական և կլինիկական դերն այս խնդիրների ախտաբանության մեջ հիմնականում բավարար չափով ուսումնասիրված չէ: Առողջ անհատների մոտ այս միկրոօրգանիզմների հայտնաբերման բարձր հաճախականությունը թույլ չի տալիս դրանք անվերապահորեն համարել ախտածին (պաթոգեն), ուստի և պահանջում է լաբորատոր ախտորոշման արդյունքների մեկնաբանման հարցում զգույշ մոտեցում:

Լաբորատոր ախտորոշման արդյունքները ոչ հազվադեպ հարաբերական են, քանի որ այս բակտերիաները լայնորեն տարածված են առողջ մարդկանց շրջանում և դրանց ախտաբանական դերն ապացուցելը դժվար է: Արդյունքները պետք է վերլուծել կլինիկական տվյալների և նմանատիպ ախտանիշներ առաջացնող այլ բակտերիաների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների արդյուքների հետ համատեղ:

IgG դասի հակամարմինները Ur. urealyticum-ի դեմ իմունային պատասխանի վկայություն են, որը զարգացել է այս բակտերիայի ներկա կամ նախկինում տեղ գտած ազդեցության ընթացքում: Սա այս միկրոօրգանիզմի դեմ իմունիտետի կարևոր գործոն է, քանի որ հիպոգամագլոբուլինեմիա ունեցող անձինք շատ բարձր զգայունություն են ցուցաբերում ինվազիվ ուրեապլազմային վարակի նկատմամբ: Ur. urealyticum-ի նկատմամբ IgG դասի հակամարմիններ կարող են հայտնաբերվել այն մարդկանց մոտ, ովքեր չունեն վարակի կլինիկական դրսևորումներ: Այնուամենայնիվ, վարակի ինվազիվ և արտասեռական (էքստրագենիտալ) ձևերը բնութագրվում են սպեցիֆիկ հակամարմինների տիտրերի բարձրացմամբ: Ընթացիկ վարակի օգտին նաև կարող է վկայել զուգակցված շիճուկներում սպեցիֆիկ հակամարմինների տիտրերի արտահայտված աճը, որոնք վերցված են 2 շաբաթ ընդմիջումով (3-4 անգամ):

Բացասական արդյունքը չի բացառում Ur. urealyticum վարակը, քանի որ անձը կարող է վարակվել, բայց դեռ չարտադրել հակամարմինների բավարար՝ հայտնաբերելի քանակներ: Ոչ ավելի վաղ, քան 1 շաբաթ անց կրկնակի հետազոտությամբ հակամարմինների տիտրերի արտահայտված աճը վկայում է ընթացիկ վարակի օգտին:

IgG-ն (ի տարբերություն IgM-ի և IgA-ի) ի վիճակի է մոր արյունից ընկերքով ներթափանցել պտղի արյան մեջ, ուստի մայրական IgG-ները կարող են շրջանառվել նորածինների արյան մեջ հետծննդյան առաջին ամիսներին, որոնց ներկայությունը մեկ անգամ վերցված արյան նմուշում ինքնին չի վկայում վարակի մասին:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • Ureaplasma urealyticum վարակի կասկած (դինամիկայում, զուգակցված շիճուկներում, IgG-ի որոշմանը զուգահեռ նաև խորհուրդ է տրվում մանրէաբանական կամ ՊՇՌ հետազոտություն)
  • այլ հարուցիչների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների համալիրում՝ ոչ գոնոկոկային ուրեթրիտների, արգանդի և հավելումների բորբոքային հիվանդությունների, սալպինգիտի, անպտղության և այլ ախտաբանական վիճակների դեպքում, որոնք կապված են Ureaplasma urealyticum-ի հետ

Կենսանմուշի հանձնում

Հետազոտությունը հատուկ նախապատրաստության կարիքը չունի: Ցանկալի է արյունը հանձնել սննդի վերջին ընդունումից առնվազն 4 ժամ անց:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

Գործակից (Index)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • բացասական պատասխան՝ գործակիցը < 0,9
  • սահմանային (կասկածելի) պատասխան՝ գործակիցը (0,9-1,0)
  • դրական պատասխան՝ գործակիցը ≥ 1,0

Արդյունքների մեկնաբանություն

UR. Ur. IgG դրական պատասխան

  • ընթացիկ կամ անցյալում տեղ գտած Ureaplasma urealyticum վարակ (բարձր տիտրերը և տիտրի աճը զուգակցված շիճուկներում վկայում է ընթացիկ վարակի օգտին)
  • առողջ մարդիկ՝ առանց վարակի կլինիկական դրսևորման

UR. Ur. IgG բացասական պատասխան

  • վարակման բացակայություն
  • վարակի վաղ շրջաններ
  • տարած վարակից հետո հեռավոր ժամանակաշրջաններ

UR. Ur. IgG կասկածելի պատասխան

  • Արդյունքը մոտ է շեմքայինի արժեքին: Խորհուրդ է տրվում կրկնել դինամիկայում 7-10 օր հետո:

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 27-03-2024
Վերջին վերանայում՝ 27-03-2024