Լաբ թեստեր
Միզանյութ

Ընդհանուր նկարագրություն
Միզանյութը սպիտակուցային նյութափոխանակության հիմնական վերջնական արդյունքն է:
Մնացորդային ազոտի (սպիտակուցները նստելուց հետո մնացող արյան ոչ սպիտակուցային ազոտ պարունակող նյութեր) մոտ 50%-ը ներկայացված է միզանյութով: Միզանյութը (Urea) սինթեզվում է լյարդում ամինաթթուներից՝ Կրեբսի ցիկլի միջոցով: Միզանյութի սինթեզն ընթանում է էներգիայի կլանմամբ, որի աղբյուրը ԱԵՖ-ն է (ադենոզինեռաֆոսֆատ):
Միզանյութը օսմոտիկորեն ակտիվ նյութ է, այն կարևոր դեր է խաղում մեզի խտացման մեխանիզմներում: Միզանյութն օրգանիզմից հեռացվում է գլխավորապես երիկամների միջոցով:
Արյան միզանյութի մակարդակը կախված է այս նյութի սինթեզի և հեռացման գործընթացների հավասարակշռությունից: Կլինիկական ախտորոշման ոլորտում արյան միզանյութի որոշման հետազոտությունը նշանակվում է երիկամների արտազատող ֆունկցիան գնահատելու համար:
Առողջ մարդու մոտ միզանյութի առաջացումը կախված է սննդի բնույթից. սպիտակուցներով հարուստ սննդակարգը (միս, ձուկ, ձու, պանիր, կաթնաշոռ) բերում է միզանյութի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչև նորմայի վերին սահմանները: Հակառակ պարագայում, բուսական սննդակարգ նախընտրելիս միզանյութի մակարդակը նվազում է:
Լյարդի ախտահարման ժամանակ նվազում է միզանյութի սինթեզը, ուստի և վերջինիս մակարդակը կարող է նվազել: Վաղ տարիքի երեխաների և հղի կանանց մոտ միզանյութի սինթեզը նույնպես կարող է ընկճվել, որի արդյունքում դարձյալ կարող են ստացվել չափահասների նորմայի ստորին սահմաններին մոտ ցուցանիշներ: Տարիքին զուգընթաց միզանյութի մակարդակն արյան մեջ բարձրանում է:
Հետազոտության ցուցումներ
- երիկամների և լյարդի ֆունկցիայի հետազոտություն
- երիկամային անբավարարություն
- լյարդային անբավարարություն
Կենսանմուշ
«Միզանյութ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն, մեզ։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամը 08:00-11:00 սահմաններում, քաղցած վիճակում: Խորհուրդ է տրվում հետազոտվել սննդի վերջին ընդունումից ոչ շուտ, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ հետո, այս ընթացքում ընդունելով միայն ջուր: Հետազոտման նախորդ օրը խորհորդ է տրվում նաև զերծ մնալ սննդային և ֆիզիկական բեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
- Մակարդակն արյան շիճուկուկում՝ մմոլ/լ (միլիմոլ/լիտր)
- Մակարդակն արյան շիճուկուկում՝ մմոլ/լ (միլիմոլ/լիտր)
- Մակարդակն օրական մեզում՝ մմոլ/օր (միլիմոլ/օր)
Այլընտրանքային չափման միավոր
մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)
Միավորների փոխակերպում
մգ/դլ х 0,166 = մմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- Չափահասներ, արյան շիճուկ (2,8‑8,1) մմոլ/լ
- Չափահասներ,մեզ (286-595) մմոլ/լ
- Չափահասներ, 24-ժամյա մեզ (428-714) մմոլ/օր
Արդյունքների մեկնաբանություն
Միզանյութի մակարդակի բարձրացում
- երիկամային ռետենցիոն ազոտեմիա (մեզով միզանյութի անբավարար հեռացում՝ դեպի արյան հուն նորմալ մուտք գործելու պայմաններում, թուլացած է երիկամների արտազատող ֆունկցիան)` գլոմերուլոնեֆրիտ, երիկամների ամիլոիդոզ, պիելոնեֆրիտ, երիկամների տուբերկուլոզ, նեֆրոտոքսիկ դեղերի ընդունում (տետրացիկլին)
- արտաերիկամային ռետենցիոն ազոտեմիա (երիկամային հեմոդինամիկայի խանգարում)` սրտային անբավարարություն, սուր արյունահոսություններ, շոկ, աղիների անանցանելիություն, այրվածքներ, մեզի հոսքի խանգարումներ (միզապարկի ուռուցքներ, շագանակագեղձի ադենոմա, միզապարկի քարեր), ջրազրկում
- պրոդուկցիոն ազոտեմիա (միզանյութի ավելցուկային արտադրություն՝ սպիտակուցների ուժեղացած կատաբոլիզմի արդյունքում)` կախեքսիա, լեյկոզ, չարորակ ուռուցքներ, գլյուկոկորտիկորիդների, անդրոգենների ընդունում, տենդային վիճակներ, ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Միզանյութի մակարդակի նվազեցում
- լյարդի ֆունկցիայի խանգարումներ (միզանյութի սինթեզի կրճատում)
- հեպատիտներ
- լյարդի ցիռոզ
- սուր հեպատոդիստրոֆիա
- լյարդային կոմա
- ֆոսֆորով, մկնդեղով թունավորում
- հղիություն
- սպիտակուցներից աղքատ բուսական դիետա, սովահարություն
- ակրոմեգալիա
- մալաբսորբցիայի համախտանիշ
- հիպերհիդրատացիա
- վիճակ դիալիզից հետո
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Urea
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ UREA
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: