Լաբ թեստեր
Միզաթթու

Ընդհանուր նկարագրություն
Միզաթթուն նուկլեոտիդների կազմության մեջ մտնող պուրինային հիմքերի նյութափոխանակության վերջնական արդյունքն է, որը օրգանիզմից հեռացնում է մնացորդային ազոտը:
Արյան պլազմայում միզաթթուն (Uric acid) հայտնաբերվում է գլխավորապես նատրիումական աղերի տեսքով: Արյան մեջ միզաթթվի մակարդակը կախված է սինթեզի և երիկամներով արտազատման գործընթացների հավասարակշռությունից:
Առողջ մարդկանց մոտ միզաթթվի մակարդակը կարող է մի փոքր բարձրանալ սննդում պուրինների մեծ քանակության և նվազել՝ ցածրպուրինային դիետայի դեպքում: Պուրիններով հարուստ սննդամթերքներից են կարմիր միսը, լյարդը, երիկամները, ուղեղը, լեզուն, ոլոռազգիները:
Տղամարդկանց մոտ միզաթթվի մակարդակը մի փոքր ավելի բարձր է, քան մինչծննդաբերական տարիքի կանանց մոտ: 60 տարեկանից անց միջսեռային տարբերությունները հարթվում են: Երեխաների մոտ, ընդհակառակը, միզաթթվի պարունակությունը ավելի ցածր է:
Պուրինային փոխանակության խանգարումը (օրինակ՝ պոդագրայի ժամանակ) առաջացնում է արյան մեջ միզաթթվի մակարդակի բարձրացում, որն իր հերթին առաջացնում է տարբեր օրգան-համակարգերի վնասում: Միզաթթվի նորմալ սինթեզի դեպքում արյան մեջ վերջինիս մակարդակի բարձրացում կարող է դիտվել նաև երիկամային ֆունկցիայի նվազման, հետևաբար՝ մեզով միզաթթվի հեռացման խանգարման պատճառով:
Միզաթթվի մակարդակի բարձրացում գրանցվում է նաև ԴՆԹ-բջիջների ինտենսիվացած քայքայման արդյունքում՝ ցիտոստատիկ և այլ դեղերի ազդեցությամբ, հյուսվածքների տարածուն վնասումների և ուռուցքների դեպքում: Հիպերուրիկեմիան և մեզով միզանյութի ինտենսիվացած արտազատումն ասոցիացվում է միզաքարային հիվանդության, աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ և այլ հիվանդությունների հետ:
Հետազոտության ցուցումներ
- պոդագրա
- երիկամի քարեր
- երիկամային հիվանդության ժամանակ երիկամային ֆունկցիայի գնահատում
- լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ
Կենսանմուշ
«Միզաթթու» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն, մեզ։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամը 08:00 - 11:00 սահմաններում, քաղցած վիճակում: Խորհուրդ է տրվում հետազոտվել սննդի վերջին ընդունումից ոչ շուտ, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ հետո, այս ընթացքում ընդունելով միայն ջուր: Հետազոտման նախորդ օրը խորհորդ է տրվում նաև զերծ մնալ սննդային և ֆիզիկական բեռնվածությունից:
Հետազոտությունից մի քանի օր առաջ անհրաժեշտ է զերծ մնալ ցածրպուրինային դիետայից, խուսափել ալկոհոլի օգտագործումից: Հակառակ դեպքում պետք է այդ մասին տեղեկացնել բուժող բժշկին և Յունիմեդ Բժշկական Կենտրոնի անձնակազմին:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մկմոլ/լ (միկրոմոլ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)
Միավորների փոխակերպում
մգ/դլ х 59,5 = մկմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Միզաթթվի մակարդակն արյան շիճուկում
- Տղամարդիկ (202,3‑416,5) մկմոլ/լ
- Կանայք՝ (142,8‑339,2) մկմոլ/լ
Միզաթթվի մակարդակը միանգամյա մեզում
- (2200-5475) մկմոլ/լ
Արդյունքների մեկնաբանություն
Միզաթթվի մակարդակի բարձրացում (հիպերուրիկեմիա)
- պոդագրա
- Լեշ-Նիհանի համախտանիշ (ժառանգական բնույթի ֆերմենտային դեֆիցիտ)
- լեյկոզներ, միելոմային հիվանդություն, լիմֆոմա
- երիկամային անբավարարություն
- հղիության տոքսիկոզ
- երկարատև սովահարություն
- ալկոհոլի չարաշահում
- սալիցիլատների, միզամուղների, ցիտոստատիկների ընդունում
- ֆիզիոլոգիական բարձրացում ֆիզիկական ծանրաբեռնվածության, պուրինային հիմքերով հարուստ սննդակարգի դեպքում
- իդիոպաթիկ ընտանեկան հիպերուրիկեմիա
- ուռուցքային հիվանդությունների ժամանակ կատաբոլիկ պրոցեսների ակտիվացում
- պերնիցիոզ (B12-դեֆիցիտային) անեմիա
Միզաթթվի մակարդակի նվազեցում (հիպոուրիկեմիա)
- Կոնովալով-Վիլսոնի հիվանդություն (հեպատոցերեբրալ դիստրոֆիա)
- Ֆանկոնիի համախտանիշ
- ալլոպուրինոլի, ռենտգեն-կոնտրաստ նյութերի, գլյուկոկորտիկոիդների, ազաթիոպրինի ընդունում
- քսանտինուրիա
- Խոջկինի հիվանդություն
- երիկամների պրոքսիմալ խողովակիկների դեֆեկտներ
- պուրիններից աղքատ սննդակարգ
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Uric acid
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ UA
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: