Լաբ թեստեր

Մեզում գլանակներ

UC

Ընդհանուր նկարագրություն

Ցիլինդրները գլանաձև նստվածքներ են (երիկամային խողովակիկների յուրատեսակ մնացուկներ), որոնք կազմված են սպիտակուցներից և կարող են պարունակել տարբեր նյութեր:

Երիկամների և դրանց խողովակիկների հիվանդությունների ժամանակ հաճախ կուտակվում է սպիտակուց, ինչպես նաև կարող են հայտնվել էպիթելիալ բջիջներ, լեյկոցիտներ, էրիթրոցիտներ և ճարպի մասնիկներ: Այս բոլոր տարրերը խողովակիկների լուսանցքում կարող են միահյուսվել՝ առաջացնելով գլանակներ կամ ցիլինդրներ:

Մեզում ցիլինդրներն ի հայտ են գալիս միայն սպիտակուցի առկայության պայմաններում, քանի որ հենց սպիտակուցն է հանդես գալիս որպես վերոնշյալ տարրերը միմյանց ձուլող սոսնձանյութ: Մեզի նստվածքում մեծ քանակով ցիլինդրների առկայությունը կոչվում է ցիլինդրուրիա:

Ցիլինդրները լավ պահպանվում են միայն մեզի թթվային ռեակցիայի պայմաններում, մինչդեռ հիմնային մեզում դրանք ընդհանրապես չեն առաջանում կամ արագ լուծվում են: Ուստի հիմնային մեզում ցիլինդրների բացակայությունը կամ փոքր քանակությունը կարող է չհամապատասխանել իրական վիճակին:

Ցիլինդրներն ունեն տարբեր ձև, գունավորում և չափս, որն ուղղակիորեն կախված է դրանց կազմությունից: Ուստի մեզի նստվածքի հետազոտության պատասխանում նշվում է ոչ միայն ցիլինդրների թիվը, այլև դրանց տարատեսակը: Տարբերում են ցիլինդրների հետևյալ տեսակները՝ հիալինային, հատիկավոր, մոմանման, էպիթելիալ, լեյկոցիտային, էրիթրոցիտային և պիգմենտային:

Առողջ մարդու մեզի նստվածքում կարող են հայտնաբերվել միայն եզակի հիալինային ցիլինդրներ (տեսադաշտում ոչ ավելի քան 1-2): Մնացած ցիլինդրները նորմայում բացակայում են:

Հիալինային ցիլինդրներ

Հիալինային ցիլինդրները կազմված են միայն սպիտակուցից: Նորմայում երիկամային էպիթելիալ բջիջներն արտադրում են այսպես կոչված Թամ-Հորսֆալի սպիտակուց (պլազմայում բացակայում է), որն էլ հիմք է հանդիսանում հիալինային ցիլինդրների առաջացման համար: Հիալինային ցիլինդրներն առաջանում են մեզում սպիտակուցների առկայության՝ պրոտեինուրիայի ժամանակ, նույնիսկ եթե վերջինս երիկամների ախտահարման հետ կապ չունի (ֆիզիոլոգիական պրոտեինուրիա): Միևնույն ժամանակ, հիալինային ցիլինդրների քանակի ավելացում գրանցվում է ախտաբանական պրոտեինուրիայով ուղեկցվող երիկամային տարբեր հիվանդությունների ժամանակ (գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, ինտրեստիցիալ նեֆրիտ և այլն):

Հատիկավոր ցիլինդրներ

Հատիկավոր ցիլինդրները երիկամների խողովակիկների սպիտակուցային ծեփուկն է, որի մակերևույթին առկա են խողովակիկների էպիթելի վերափոխված կամ քայքայված բջիջները՝ ցիլինդրին տալով հատիկավոր տեսք: Հատիկավոր ցիլինդրները հայտնվում են այն հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են պրոտեինուրիայով և երիկամային խողովակիկների վնասմամբ (սուր և քրոնիկ գլոմերուլոնեֆրիտ, դիաբետիկ նեֆրոպաթիա, ամիլոիդոզ, պիելոնեֆրիտ, տենդով ուղեկցվող վիրուսային վարակներ):

Մոմանման ցիլինդրներ

Մոմանման ցիլինդրներն առաջանում են երիկամային խողովակիկներից չհեռացած հիալինային և հատիկավոր ցիլինդրների պնդացման արդյունքում: Դրանք կազմված են մոմ հիշեցնող անստրուկտուր զանգվածից: Մեզում մոմանման ցիլինդրների առկայությունը, որպես կանոն, վկայում է երիկամների ծանր ախտահարման (օրինակ՝ ենթասուր չարորակ գլոմերուլոնեֆրիտ) կամ քրոնիկ երիկամային հիվանդության ուշ փուլերի մասին: Նման ցիլինդրների առկայությունն ունի պրոգնոստիկ անբարենպաստ նշանակություն:

Էրիթրոցիտային ցիլինդրներ

Էրիթրոցիտային ցիլինդրներն առաջանում են սպիտակուցի և էրիթրոցիտների միաձուլումից: Մեզի նստվածքում այս ցիլինդրները հաճախ չեն հայտնաբերվում՝ փխրուն լինելու պատճառով: Էրիթրոցիտային ցիլինդրների առկայությունը վկայում է երիկամային ծագման հեմատուրիայի մասին (մեզում էրիթրոցիտներ) և կարող են հայտնաբերվել գլոմերուլոնեֆրիտի, երիկամների ուռուցքների, երիկամների ինֆարկտի, երիկամային երակների թրոմբոզի և այլ հիվանդությունների ժամանակ:

Լեյկոցիտային ցիլինդրներ

Լեյկոցիտային ցիլինդրներն առաջանում են սպիտակուցից և լեյկոցիտներից: Այս ցիլինդրները հայտնաբերվում են հազվադեպ: Գործնականում լեյկոցիտային ցիլինդրները գրեթե միշտ հանդիպում են պիելոնեֆրիտների ժամանակ:

Էպիթելային ցիլինդրներ

Էպիթելիալ ցիլինդրները կազմված են երիկամների խողովակիկներից անջատված ու քայքայված էպիթելիալ բջիջներից: Մեզում դրանց հայտնվելը վկայում է երիկամներում ախտաբանական պրոցեսների մասին: Ավելի հաճախ էպիթելիալ ցիլինդրները հայտնաբերվում են նեֆրոզների և սուր նեֆրիտների ժամանակ: Երիկամի փոխպատվաստումից մի քանի օր անց հիվանդի մեզի նստվածքում էպիթելիալ ցիլինդրների ի հայտ գալը կարող է վկայել փոխպատվաստված երիկամի անջատման մասին:

Պիգմենտային ցիլինդրներ

Պիգմենտային ցիլինդրներն առաջանում են ցիլինդրի կազմում պիգմենտների առկայության ժամանակ: Մեզի նստվածքում պիգմենտային ցիլինդրներ սովորաբար հայտնաբերվում են միոգլոբինուրիայի և (կամ) հեմոգլոբինուրիայի ժամանակ:

Ցիլինդրոիդներ

Ցիլինդրոիդները գլանաձև տարրեր են, որոնք կազմված են լորձից: Եզակի ցիլինդրոիդներ կարող են երբեմն հայտնաբերվել առողջ մարդու մեզի նստվածքում: Դրանց քանակը շատանում է միզուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ:

Հետազոտության ցուցումներ

  • միզուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

«Մեզում գլանակներ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան մեզ, երկրորդ չափաբաժին։

Կենսանմուշի հանձնում

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

Մանրադիտակային զննմամբ՝ գլանակների թվաքանակը տեսադաշտում

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Մանրադիտակային զննմամբ՝ բացակայում է

Արդյունքների մեկնաբանություն

Հիալինային ցիլինդրուրիա

  • երիկամային հիվանդություններ (սուր և քրոնիկ գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, երիկամների տուբերկուլոզ, ուռուցքներ)
  • կանգային սրտային անբավարարություն
  • մարմնի ջերմության բարձրացում (հիպերթերմիկ վիճակներ)
  • ծանր ֆիզիկական լարվածություն
  • արյան ճնշման բարձրացում (հիպերտենզիա)
  • միզամուղների ընդունում

Հատիկավոր ցիլինդրուրիա (ոչ սպեցիֆիկ ախտանշան)

Մոմանման ցիլինդրուրիա

Էրիթրոցիտային ցիլինդրուրիա (երիկամային ծագման հեմատուրիա)

Լեյկոցիտային ցիլինդրուրիա (երիկամային ծագման լեյկոցիտուրիա)

Էպիթելիալ ցիլինդրուրիա (հազվադեպ)

  • սուր խողովակիկային նեկրոզ
  • վիրուսային վարակ (օրինակ՝ ցիտոմեգալովիրուս)
  • ծանր մետաղների աղերով, էթիլենգլիկոլով թունավորում
  • սալիցիլատների գերդոզավորում
  • ամիլոիդոզ
  • փոխպատվաստված երիկամի անջատում

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Urinary Cylinders

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ UC

Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: