Լաբ թեստեր

Մեզում աղեր/բյուրեղբներ

UCS

Ընդհանուր նկարագրություն

Մանրադիտակային հետազոտությամբ մեզի նստվածքում կարելի է հայտնաբերել տարբեր աղեր, որոնք մեզի կանգի դեպքում նստում են բյուրեղների տեսքով:

Եթե մեզի միանվագ միկրոսկոպիայով հայտնաբերվում է աղերի քիչ քանակություն առանց այլ շեղումներ, ապա նման հետազոտությունը ներկայացուցչական չէ: Դեպքերի մեծ մասում մեզում աղերի պարունակության շատացումը չի խոսում այն մասին, որ մեզը գերհագեցած է այդ աղերով, քանի որ նման պատկերը կարող է հանդիսանալ առանձնահատուկ սննդակարգի, ինչպե նաև մեզի կոլոիդ վիճակի և ռեակցիայի փոփոխության արդյունք: Նման դեպքերում մեզի միկրոսկոպիկ հետազոտության ախտորոշիչ նշանակությունն աննշան է: Հակառակ դեպքում, եթե մեզում աղային նստվածքի չափը զգալի է, իսկ նրա առկայությունը մեզում՝ պարբերաբար, ապա դա կարող է դառնալ երիկամների կամ ստամոքսաղիքային համակարգի գործունեության խանգարման ցուցանիշ: Մեզում աղերի ավելցուկային պարունակությունը կարող է նաև նպաստել միզային քարերի առաջացմանը և միզաքարային հիվանդության զարգացմանը:

Երեխաների մեզում բավականին հաճախ կարելի է հայտնաբերել աղերի բյուրեղներ: Նման իրավիճակն առաջին հերթին կախված է երեխայի սննդակարգից և երիկամների կողմից մեծ քանակությամբ աղերը լուծելու ունակության թուլությունից:

Մեզում աղերի պարունակությունը հաճախ նշում են պլյուսներով՝ մեկից մինչև չորս: Նման դեպքում մինչև երկու պլյուսը համարվում է թույլատրելի նորմա:

Աղերի առաջացման համար կարևոր դեր ունի մեզի ռեակցիան (pH): Նորմայում մեզը թույլ դրական է, և pH-ի կտրուկ փոփոխությունները կարող են աղային նստվածքների առաջացման պատճառ դառնալ: Թթվային ռեակցիայով մեզի նստվածքում հաճախ հայտնաբերվում են միզաթթվի և վերջինիս աղերի (ուրատներ) բյուրեղները, իսկ հիմնային մեզում՝ միզաթթվային ամոնիումի, ածխաջրածնային կալցիումի, ամորֆ ֆոսֆատների և տրիպելֆոսֆատների բյուրեղները: Օքսալատները կարող են առաջանալ ինչպես թթվային, այնպես էլ հիմնային մեզում:

Ավելի հաճախ մեզի նստվածքում հայտնաբերվում են ուրատներ, օքսալատներ, և ֆոսֆատներ:

Ուրատներ

Ուրատները մեզում առաջանում են պուրինային հիմքերով հարուստ սնունդ (միս, մսի արգանակ, մսային ենթամթերքներ, շտրոտներ, սարդինաներ, տառեխ (сельдь), լոբազգիներ), կակաոյի, շոկոլադի, թունդ թեյի, սնկերի, ապխտած մթերքներ օգտագործելիս: Միևնույն ժամանակ, ուրատները կարող են ի հայտ գալ ֆիզիկական լարվածությունից հետո, մսային սննդակարգի, տենդային վիճակների, մեծ ծավալով հեղուկների կորստի (փորլուծություն, փսխումներ, առաջ քրտնարտադրություն), միզաթթվային դիաթեզի, պոդագրայի և լեյկոզների դեպքում:

Մեզում մեծ քանակով ուրատներ հայտնաբերելիս խորհուրդ է տրվում պերօրալ հեղուկների քանակը բարձրացնել մինչև 2.5 լիտրի, ինչպես նաև անցնել ոչ պուրինային սննդակարգի (ձու, կաթնամթերքներ, բանջարեղեններ, մրգեր, խմորեղեն, ձավարեղեն): Օգտակար է նաև հիմնային հանքային ջրերի օգտագործումը, ինչպես նաև կալցիումով, մագնեզիումով, ցինկով, A- և B խմբի վիտամիններով հարուստ սննդակարգը:

Օքսալատներ

Օքսալատներն ավելի հաճախ մեզում հայտնվում են թրթնջաթթվով և վիտամին C-ով հարուստ սննդամթերքներ ընդունելիս (թրթնջուկ, սպանախ, մաղադանոս, ճակնդեղ, թթվաշ խնձորներ, մասուր, մորի, ասկորբինաթթու, շոկոլադ, կակաո և այլն):

Մեզում օքսալատների հայտնվելը կարող է հանդիսանալ թրթնջաթթվի նյութափոխանակության բնածին խանգարման պատճառ, որը հաճախ ուղեկցվում է երիկամների բորբոքային և միզաքարային հիվանդությունների հետ: Օքսալատների բյուրեղները կարող են վնասել միզուղիների լորձաթաղանթը՝ առաջացնելով միկրոհեմատուրիա և միզուղիների գրգռում:

Օքսալատները մեզում հայտնվում են նաև պիելոնեֆրիտի, շաքարային դիաբետի, աղիների բորբոքային հիվանդությունների, խոցային կոլիտի, էթիլենգլիկոլով թունավորման ժամանակ:

Մեզում օքսալատների քանակության նվազեցման համար խորհուրդ է տրվում մեծացնել խմվող հեղուկների ծավալը (ոչ պակաս քան 2 լիտր) և սննդում ավելացնել մագնեզիումի քանակը (վարսակ, տառեխ, ծովակաղամբ, ցորեն և այլն), ինչպես նաև B վիտամինները (հատկապես B6 վիտամինը):

Ֆոսֆատներ

Ֆոսֆատները առողջ մարդու մեզում հայտնաբերվում են մեզի թթվայնության նվազեցման պատճառով: Դրանց քանակը շատանում է ֆորֆորով հարուստ սնունդ ընդունելիս (ձուկ, ձկան խավիար, կաթ, կաթնաթթվային մթերքներ, վարսակ, հնդկացորեն, հիմնային հանքային ջրեր):

Մեզում ֆոսֆատների քանակի բարձրացման պատճառ կարող են հանդիսանալ նաև մեզի հիմնային ռեակցիան, ցիստիտը, ստամոքսի լվացումը, փսխումը, Ֆանկոնիի համախտանիշը, հիպերպարաթիրեոզը:

Եթե մեզում առկա են ֆոսֆատներ, ապա խորհուրդ է տրվում սահմանափակել կալցիումով և վիտամին D-ով հարուստ սննդամթերքները (ձկան յուղ, յուղային կաթնամթերքներ, ձու, խավիար, ձկան կյարդ, պանիր, կաթնաշոռ):

Հետազոտության ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

«Մեզում աղեր/բյուրեղբներ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան մեզ, երկրորդ չափաբաժին։

Կենսանմուշի հանձնում

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

Մանրադիտակային զննմամբ՝ քանակը տեսադաշտում

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Մանրադիտակային զննմամբ՝ եզակի տեսադաշտում

Արդյունքների մեկնաբանություն

Միզաթթու և միզաթթվական աղերի (ուրատներ) առկայություն

  • բարձր խտության մեզ
  • մեզի թթվային ռեակցիա (ֆիզիկական լարվածությունից հետո, մսային դիետա, տենդ, լեյկոզներ)
  • միզաթթվային դիաթեզ, պոդագրա
  • քրոնիկ երիկամային անբավարարություն
  • սուր և քրոնիկ նեֆրիտ
  • ջրազրկում (փսխում, փորլուծություն)
  • նորածնային տարիք

Տրիպելֆոսֆատների, ամորֆ ֆոսֆատների առկայություն

  • մեզի հիմնային ռեակցիա (առողջներ)
  • փսխում, ստամոքսի լվացում
  • ցիստիտ
  • Ֆանկոնիի համախտանիշ
  • հիպերպարաթիրեոզ

Կալցիումի օքսալատի առկայություն

Օքսալուրիան դիտարկվում է մեզի ցանկացած pH-ի պայմաններում։

  • թրթնջաթթվով հարուստ սննդակարգ (խնկունի, տոմատներ, ծնեբեկ և այլն)
  • պիելոնեֆրիտ
  • շաքարային դիաբետ
  • էթիլենգլիկոլով թունավորում

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Urine Crystals and Salts

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ UCS

Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: