Լաբ թեստեր
Մեզում էպիթել

Միջազգային անվանում (հապավում). Urine Epithelial Cells (UEC)
Նկարագրություն
Էպիթելիումը բջիջների շերտ է, որը ծածկում է մարմնի մակերևույթները և խոռոչները, ինչպես նաև լորձաթաղանթները, այդ թվում՝ միզուղիների:
Անցնելով երիկամներով, միզածորաններով, միզապարկով և միզուկով, մեզը մշտապես շփվում է էպիթելի հետ: Երբեմն էպիթելիալ բջիջները շերտազատվում և հայտնվում են մեզում: Արդյունքում, մեզի նստվածքի միկրոսկոպիայով դրանք դառնում են տեսանելի:
Էպիթելիալ բջիջները մշտապես առկա են մեզի նստվածքում: Միզասեռական համակարգի տարբեր բաժիններում առաջացած էպեթելիալ բջիջները տարբերվում են միմյանցից: Սովորաբար տարբերում են տափակ, անցողիկ և երիկամային էպիթելներ:
Տափակ էպիթելիալ բջիջներ
Տափակ էպիթելիալ բջիջները բնորոշ են միզասեռական համակարգի ստորին բաժիններին: Տղամարդկանց մոտ դրանք մեզում հայտնվում են միայն միզուղիների ստորին երրորդականից, և առողջ տղամարդկանց մեզի նստվածքում գործնականում բացակայում են: Կանանց մոտ տափակ էպիթելը մեզում հայտնվում է միզուկից և հեշտոցից, ուստի կանանց մեզում տափակ էպիթելը մշտապես առկա է: Մեզում տափակ էպիթելիալ բջիջների առկայության ախտորոշիչ նշանակությունը փոքր է: Այնուամենայնիվ, տափակբջջային էպիթելիալ բջիջները մեզում շատանում են միզուղիների վարակների ժամանակ:
Անցողիկ էպիթելիալ բջիջներ
Անցողիկ էպիթելիալ բջիջները ծածկում են երիկամների ավազանները, միզածորանները, միզապարկը, շագանակագեղձի խոշոր ծորանները և միզուկի վերջին հատվածը: Առողջ մարդու մեզի նստվածում առկա են միայն եզակի անցողիկ էպիթելիալ բջիջներ: Դրանց քանակը կարող է աճել միզապարկի բորբոքման (ցիստիտ), երիկամային վարակի (պիելոնեֆրիտ) և երիկամային քարերի (միզաքարային հիվանդություն) ժամանակ:
Երիկամային էպիթել
Վերջապես, մեզում երիկամային էպիթելի առկայությունը վկայում է երիկամների պարենխիմայի վնասման մասին՝ գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, որոշ վարակիչ հիվանդություններ, ինտոքսիկացիաներ, կանգային երիկամներ և այլն: Հակառակ սրան, առողջ մարդու մեզում դրանք բացակայում են, իսկ նորածինների մոտ՝ եզակի են: Երիկամի փոխպատվաստումից 3 օր անց տեսադաշտում ավելի քան 15 երիկամային էպիթելի առկայությունը վկայում է ալլոտրանսպլանտանտի պոկման վտանգի մասին:
Ցուցումներ
- միզատար ուղիների հիվանդություններ
- սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
- տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
- հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում
Կենսանմուշ
UEC թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան մեզ, երկրորդ չափաբաժին։
Կենսանմուշի հանձնում
Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին չափաբաժինները:
Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեն, որոնք կարող են գունավորել մեզը:
Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր
Մանրադիտակային զննմամբ՝ էպիթելային բջիջների քանակը տեսադաշտում։
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- տափակբջջային էպիթել՝ < 3 տեսադաշտում
- անցումային էպիթել՝ բացակայում է
- երիկամային էպիթել՝ բացակայում է
Արդյունքների մեկնաբանություն
Մեզում երիկամային էպիթելիալ բջիջների առկայություն
- պիելոնեֆրիտ
- ինտոքսիկացիա (սալիցիլատներ, կորտիզոն, ֆենացետին, բիսմութի պատրաստուկներ, ծանր մետաղների աղերով, էթիլենգլիկոլով թունավորում)
- տուբուլյար նեկրոզ
- նեֆրոսկլերոզ
Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2018 վերանայվել է՝ 08-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: