Լաբ թեստեր

Մեզի տեսակարար կշիռ

USG

Ընդհանուր նկարագրություն

Մեզի տեսակարար կշիռը երիկամների ֆիլտրացնող ֆունկցիան գնահատող պարզագույն լաբորատոր ցուցանիշ է:

Մեզի տեսակարար կշիռը կամ հարաբերական խտությունը (Urine specific gravity, USG) կախված է մեզում առկա օրգանական նյութերի (միզանյութ, միզաթթու, աղեր) և էլեկտրոլիտների (Na, K, Cl), ինչպես նաև մեզի միջոցով արտաթորվող ջրի քանակներից: Որքան դիուրեզը բարձր է, այդքան մեզի տեսակարար կշիռը ցածր է: Մեզում սպիտակուցի և հատկապես գլյուկոզի առկայությունը բարձրացնում է նույն մեզի տեսակարար կշիռը:

Առողջ մարդու մեզի տեսակարար կշիռն օրվա ընթացքում բավականին լայն միջակայքում ենթարկվում է փոփոխությունների՝ կախված սննդի բնույթից, ընդունած և կորցրած հեղիուկների ծավալից:

Երիկամային անբավարարության ժամանակ երիկամների խտացնող ֆունկցիայի նվազեցումը (հիպոսթենուրիա) բերում է մեզի տեսակարար կշռի իջեցման (հիպոսթենուրիա), իսկ այդ ֆունկցիայի լիակատար կորուստը՝ արյան պլազմայի և մեզի տեսակարար կշիռների հավասարեցման (իզոսթենուրիա):

Կլինիկական գործառույթներում ավելի ինֆորմատիվ է ոչ թե միանվագ վերցրած մեզի տեսակարար կշռի չափումը, այլ՝ ժամանակի ընթացքում այդ ցուցանիշի դինամիկ փոփոխություններին հետևելը: Երիկամների խտացնող ֆունկցիայի վերաբերյալ ավելի հավաստի գնահատական կարելի է ստանալ՝ դիմելով Զիմնիցկու փորձին (մեզի տեսակարար կշռի փոփոխությունն օրվա ընթացքում):

Հետազոտության ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

«Մեզի տեսակարար կշիռ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան առաջին մեզ, երկրորդ չափաբաժին։

Կենսանմուշի հանձնում

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին բաժինները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

գ/լ (գրամ/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

(1015-1025) գ/լ

Արդյունքների մեկնաբանություն

Մեզի տեսակարար կշռի բարձրացում (հիպերստենուրիա)

  • գլյուկոզ մեզում (գլյուկոզուրիա)՝ չկարգավորվող շաքարային դիաբետի ժամանակ
  • սպիտակուց մեզում (պրոտեինուրիա)՝ գլոմերուլոնեֆրիտ, նեֆրոտիկ համախտանիշ
  • մեզում դեղերի կամ դրանց նյութափոխանակության արգասիքների առկայություն
  • մանիտոլի, դեքստրանի կամ ռենտգենոկոնտրաստ նյութերի ն/ե ներարկում
  • արտաքինից ստացվող և խմելու հեղուկների ընդունման սահմանափակում
  • օրգանիզմի հեղուկների մեծ կորուստ (փորլուծություն, փսխումներ)
  • հղիների տոքսիկոզ
  • օլիգուրիա

Մեզի տեսակարար կշռի նվազեցում (հիպոստենուրիա)

  • ոչ շաքարային դիաբետ (նեֆրոգեն, կենտրոնական կամ իդիոպաթիկ)
  • քրոնիկ երիկամային անբավարարություն
  • երիկամների խողովակիկների սուր վնասում
  • պոլիուրիա (միզամուղների ընդունում, առատ հեղուկների ընդունում)

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Urine Specific Gravity

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ USG

Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: