Լաբ թեստեր

Վիտամին B12

Vit B12

Ընդհանուր նկարագրություն

Վիտամին B12-ը նորմալ արյունաստեղծումն ապահովող անհրաժեշտ նյութ է (էրիթրոցիտների առաջացում և հասունացում)։

Վիտամին B12-ը (ցիանկոբալամին, կոբալամին, Cobalamin) պարունակում է կոբալտ և ցիանային խումբ։ Օրգանիզմում չի սինթեզվում։

Ցիանկոբալամինի աղբյուր է հանդսանում աղիքային միկրոֆլորան, ինչպես նաև կենդանական ծագման սննդատեսակները (խմորասնկեր, կաթ, միս, լյարդ, երիկամներ, ձկնեղեն, հավկիթի դեղնուց)։ Մայրական կաթը վիտամին B12-ը պարունակում է մեթիլկոբալամինային տեսքով՝ օրգանիզմում այս նյութի հիմնական տարատեսակով։ Ստամոքսում ցիանկոբալամինը միանում է Կաստլի ներքի գործոնի հետ, որը ստամոքսի լորձաթաղանթի առպատային բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է (նույն այս բջիջներն արտադրում են նաև աղաթթու)։ Բարակ աղիների իլեուսային շրջանում այս կոմպլեքսը ներծծվում է, լորձաթաղանթի բջիջներում վիտամին B12-ն ազատվում է կոմպլեքսից և միանում մեկ այլ սպիտակուցի հետ՝ տրանսկոբալամին, որն էլ այս վիտամինը հասցնում է լյարդ և օրգանիզմի մյուս հյուսվածքները։

Վիտամին B12-ի հիմնական մասը դեպոյացվում է լյարդում։ Վիտամինի մեծ քանակություններ կլանվում են նաև փայծաղի և երիկամների կողմից, ավելի քիչ մասը պահեստավորվում է մկաններում։ Չափահաս մարդու օրգանիզմում վիտամինի ընդհանուր պահուստը կազմում է 2-5 մգ։

Վիտամին B12-ի նյութափոխանակությունն ընթանում է խիստ դանդաղ։ Այն արտազատվում է լեղու միջոցով, այնուհետև աղիներում մեծ մասը ռեաբսորբցվում է. այսպիսով, այս վիտամինին հատուկ է էնտերոհեպատիկ շրջանառությունը։

Վիտամին B12-ի դեֆիցիտ զարգանալու համար անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմ մուտք գործող քանակների անբավարարությունը շարունակվի 5-6 տարի։

Ցիանկոբալամինն իրենից ներկայացնում է կոէնզիմ, որը մեծ դեր է խաղում ֆոլաթթվի նյութափոխանակության մեջ։ Մեթիլկոբալամինի մասնակցությամբ օրգանիզմում առաջանում է ֆոլաթթվի ակտիվ ձևը, որն իր հերթին մասնակցում է պիրիմիդինային և պուրինային հիմքերի, նուկլեաթթուների առաջացմանը։ Ահա թե ինչու կոբալամինի անբավարարության ժամանակ զարգանում է ոսկրածուծի, բերանի խոռոչի, լեզվի և աղեստամոքսային տրակտի պրոլիֆերացնող բջիջների ախտահարում, ինչն էլ բերում է արյունաստեղծման խաթարման, գլոսիտի, ստոմատիտի և աղիքային մալաբսորբցիայի։

Վիտամին B12-ը նպաստում է նաև էրիթրոցիտներում սուլֆհիդրիլային խմբի (գլուտաթիոն) կուտակմանը, ուստի և վիտամինի անբավարարությունը պատճառում է էրիթրոցիտների կիսման և հասունացման գործընթացների խանգարման և մեգալոբլաստիկ սակավարյունության առաջացման։

Վիտամին B12-ը հանդիսանում է նաև հոմոցիստերինմեթիլտրասֆերազ ֆերմենտի կոֆակտր, որը մասնակցում է հոմոցիստեինից մեթիոնի փոխակերպմանը։ Մեթիոնն անհրաժեշտ է ֆոսֆոլիպիդների և նեյրոնների միելինային թաղանթի սինթեզի համար, ուստի Վիտամին B12-ի դեֆիցիտը ուղեկցվում է նաև նևրոլոգիական ախտանիշաններով՝ հոգեկան խանգարումներ, պոլինևրիտներ, ֆոլիկուլյար միելոզ (ողնուղեղի վնասում): Մեթիոնը խոլինի հետ միասին լյարդի վրա ունի բարերար ազդեցություն, քանի որ կանխում է ճարպային հեպատոզը։

Հետազոտության ցուցումներ

  • մակրոցիտար անեմիաների տարբերակիչ ախտորոշում
  • բարակ աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություններ և անատոմիական արատներ
  • ատրոֆիկ գաստրիտ
  • վիտամին В12-ի դեֆիցիտի բնածին ձևերի ախտորոշում
  • խիստ մրգաբանջարեղենային սննդակարգի հսկողություն

Կենսանմուշ

«Վիտամին B12» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Վիտամին B12-ը խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան (ժ. 8-ից մինչև 11-ը), քաղցած վիճակում։ Նախորդ օրը զերծ մնալ սննդային ծանրաբեռնվածությունից։

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

պմոլ/լ (պիկոմոլ/լիտր)

Միավորների փոխակերպում

պմոլ/լ х 1,36 = պգ/մլ, պգ/մլ x 0,738 = պմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

(191-663) պգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

Վիտամին B12-ի մակարդակի բարձրացում

  • լյարդի հիվանդություններ՝ սուր և քրոնիկ հեպատիտներ, լյարդի ցիռոզ և լյարդային կոմա, որի ժամանակ կոբալամինի մակարդակը կարող է նորման գերազանցել 30-40 անգամ
  • էրիթրոլեյկեմիա
  • լյարդի մետաստատիկ ախտահարում
  • տրանսկոբալամինի մակարդակի բարձրացում (չնայած լյարդում վիտամինի պահեստի հնարավոր հյուծմանը)
  • քրոնիկ երիկամային անբավարարություն
  • սուր և քրոնիկ միելոլեյկոզներ, մոնոցիտար լեյկոզ

Վիտամին B12-ի մակարդակի նվազեցում

Օրգանիզմ վիտամին B12-ի անբավարար մուտք

  • խիստ մրգաբանջարեղենային սննդակարգ
  • մայրական կաթի մեջ B12-ի անբավարար քանակություն (նորածինների մոտ մեգալոբլաստիկ անեմիաների պատճառ)
  • քրոնիկ ալկոհոլիզմ

Աղեստամոքսային տրակտով կոբալամինների ներծծման խանգարում

  • մալաբսորբցիայի համախտանիշ (ցելիակիա, սպրու)
  • աղեստամոքսային ուղու տարբեր հատվածների ռեզեկցիա (ստամոքս, բարակ աղիներ)
  • բարակ աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություններ և անատոմիական արատներ
  • ատրոֆիկ գաստրիտ
  • մակաբուծային ինվազիաներ (հատկապես՝ լայն երիզորդի դեպքում)
  • Ադդիսոն-Բիրմերի հիվանդություն (Կաստլի ներքին գորոծնի անբավարարություն և պերնիցիոզ անեմիա)
  • Ալցհեյմերի հիվանդություն

Կոբալամինների փոխանակության բնածին խանգարումներ

  • ացիդուրիա (մեթիլմալոնային և այլն)
  • տրանսկոբալամինի դեֆիցիտ
  • Իմմերսլունդ-Գրիսբեկի համախտանիշ (աղիների պատով վիտամին B12-ի տեղափոխման բնածին խանգարում, որն ուղեկցվում է պրոտեինուրիայով)

Ֆոլաթթվի դեֆիցիտ

Որոշ դեղերի ընդունում

  • ամինոգլիկոզիդներ
  • նեոմիցին
  • հակացնցումային դեղեր (ֆենոբարբիտալ)
  • խոլեսթիրամին
  • օրալ հակաբեղմնավորիչներ
  • ռանիտիդին

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Vitamin B12

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Vit B12

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: